Ավելի բարձր պաշտոն` Ալիկ Սարգսյանի ազգականի հետ վաշխառությամբ միլիոնատեր դառնալուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանը, արդեն ստանձնում է Կառավարության գործերի կառավարչի պաշտոնը:

Իսկ ո՞վ է սույն անձնավորությունը:

ՀՀ վարչապետը վերոնշյալ պաշտոնը զբաղեցնելու համար արժանի համարեց այն անձնավորությանը, ում անունն ավելի քան 3 տարի շրջանառվում է խոշոր չափերով վաշխառուական գործարքների կնքման մեջ: Հենց Դավիթ Բեգլարյանն է բարձրաստիճան այն պաշտոնյան, ով հայտնի «Նորաշեն 2007» կոոպերատիվի շուրջ հարուցված քրեական գործով հանդիսանում է գլխավոր դերակատարը:

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է նշված քրեական գործի քննությանը, մասնավորապես` այն հանգամանքին, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր, գանձել 1.843.379.449 դրամ և հափշտակել այն:

Հետագայում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականը` Ռազմիկ Ավագյանն, ու այլ բարձրաստիճան վաշխառուներ` նկատելով, որ քրեական դատավարությունում օրեցօր նոր բացահայտումներ են կատարվում` ուղղված իրենց և մյուս վաշխառուների դեմ, միաժամանակ գիտակցելով, որ գործը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից` գործը քննող դատավոր Արթուր Սմբատյանից պահանջում են սնանկ ճանաչել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվը: Ստացվում է, որ դատավոր Սմբատյանը կատարել է Հայաստանի հարկայինի վաշխառու ղեկավարների պատվերը:

«Զույգ զինվորներից բնակարաններ հափշտակելով կամ բանակից հաշմանդամ վերադարձած զինվորի (Սաշա Գյոզալյան) ընտանիքի բնակարանը վաշխառությամբ տանելով` պետություն կամ հայրենի՞ք են ցանկանում կառուցել: Իսկ հետո էլ զոհվածների հուշարձանների առջև տխուր գլուխ են խոնարհում: Ինչո՞վ են նրանք տարբերվում թուրքերից` ներկայիս Հայաստանում կատարելով սպիտակ ցեղասպանություն  հայ ժողովրդի նկատմամբ: Մի՞թե ՀՀ նախագահն այնքան ուժ չուներ, որպեսզի կարողանար 4  տարվա ընթացքում կարգադրեր իր վաշխառու գործընկերներին` վերադարձնել ժողովրդից հափշտակած բնակարանները: Եթե նա այդքան թույլ է, ապա նման նախագահ Հայաստանին և հայ ժողովրդին պետք չէ»,- Armlur.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել են կոոպերատիվից տուժած և անտուն մնացած բնակիչներից:

Ի դեպ, Դավիթ Բեգլարյանը պակաս ազդեցություն չի ունեցել նաև ՀՔԾ-ի վրա: Այր ու կին Սարգիս Աղաբեկյանին` նույն իրեն` Էսկոյի Սաքոյին, և գործով ամբաստանյալ Արմեն Թադևոսյանին հրահանգել են իրենց անունները չտալ, ինչին, բնականաբար, հասել են: Ավելին, հետագայում մյուս ամբաստանյալ Լուսաբեկ Սամվելյանը հայտնել է, որ Նաղդալյանից և նրա ամուսնուց 300 հազար դոլար են վերցրել տոկոսով և գրավ են դրել 14 բնակարան` իրենց գնի 20%-ի չափով:

Սամվելյանի համոզմամբ` ՀՔԾ-ում բավարար քննություն չի անցկացվել: Նրանք էլ միամտորեն պահանջում էին նոր քննություն անցկացնել և վաշխառուներին քրեական պատասխանատվության ենթարկել: Պահանջը, բնականաբար, չիրականացավ, ավելին` վաշխառու պաշտոնյային առավել բարձր դիրքեր տեղափոխեցին:

Տարածված տեղեկությունների համաձայն` Կառավարության գործերի նորանշանակ կառավարիչը գույքային մեծ կարողություններ է կուտակել. Սիսիանում` քարհանք, ՀԷԿ-եր:

Անկուսակցական Դավիթ Բեգլարյանը մինչ այս պաշտոնին նշանակվելը «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրենն էր և ՀՀ հարկային ծառայությունում զբաղեցրել է բարձր պաշտոններ:




Լրահոս