Սյունիքի մարզի հացի արտադրամասերում բազմաթիվ խախտումներն են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի հացաթխման արտադրամասերում ստուգումներ են սկսվել. մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 23-ից անսպասելի շրջայցեր է իրականացնում: Արդեն իսկ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնց վերացման համար հաց արտադրողներին տրվել է մեկ շաբաթ ժամանակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից նախկին 500 գրամանոց հացի փոխարեն սյունեցիները 600 գրամանոցի համար են վճարում 240 դրամ: Այս որոշումը կայացվեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ հացարտադրող ընկերությունների ներկայացուցիչների՝ մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Հաջորդ քայլով ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որն էլ սկսել է անսպասելի ստուգայցերը մարզի հացաթխման արտադրամասեր:

Երեկ՝ վաղ առավոտից, մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետը եւ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի աշխատակիցը «ժողովուրդ»-ի նկարահանող խմբի հետ շրջայց կատարեցին Կապանի տարբեր հացաթխման արտադրամասերում: Ինչպես պարզ դարձավ արձանագրված խախտումներից` հացթուխները հյուրերի չէին սպասում: Մեկ օրվա ընթացքում նախատեսված տասը հացաթխման արտադրամասերում կատարված ստուգումների արդյունքում գրանցվեցին ամենատարբեր խախտումներ. սկսած ալյուրի պարկերը ոչ հիգիենիկ պայմաններում պահելուց, ավարտած հացթուխների արտահագուստների, իսկ որոշ դեպքերում էլ` առհասարակ հագուստի գրեթե բացակայությամբ: Որտե՞ղ է խմորը հունցվում, ո՞ւմ եւ ի՞նչ վիճակում գտնվող ձեռքերն են հացին ախորժալի տեսք տալիս. այս բոլորը տեղում ուսումնասիրվում, իսկ թերություններն էլ անմիջապես գրի էին առնվում հանձնաժողովի կողմից:

Ինչ վերաբերում է հացը խանութներին մատակարարելու ընթացքին, ապա այստեղ եւս խախտումները բազմաթիվ էին, քանզի հաճախ վարորդը հենց ինքն էլ հացը մեքենայից իջեցնում է խանութ` կասկածելի մաքրության ձեռքերով ու ոչ սահմանված արտահագուստով:

Սանիտարահիգիենիկ վիճակն ուսումնասիրելուց հետո ոլորտի պատասխանատուներն աշխատակիցներից պահանջեցին կշռել հացը: Այս հարցում ոչ ոք չէր թերացել: 600 գրամանոց հացը որոշ տեղերում նույնիսկ 615 կամ 620 գրամ էր, որն ինչպես նշվեց, արժի 240 դրամ: Ընդհանուր առմամբ՝ 10 հացաթխման կետերից եւ ոչ մեկում, չնայած «կողմնակի անձանց մուտքն արգելվում է» ցուցանակին, ներս մտնելիս մեզ ոչ ոք այդպես էլ չառաջարկեց համապատասխան հանդերձանք: Մինչդեռ անհրաժեշտ էր: Հանձնաժաղովի անդամները տնտեսվարողներին մեկ շաբաթ ժամանակ տվեցին թերությունները վերացնելու համար:

«Եթե տրված ժամանակահատվածից հետո շրջայցի ընթացքում կրկին պարզվի, որ թերությունները չեն վերացել, ապա վարչական վարույթ կսահմանվի»,- զգուշացրեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը:

Հերմինե Միքայելյան
Կապան




Լրահոս