Շատերի համար ինքս կարող եմ լինել գլամուրային չոբան. Նաիրա Մովսիսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից հայտնի դերասանուհի Նաիրա Մովսիսյանն օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմից ներկայացավ «գլամուրային չոբան»-ի կերպարով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ նման մարդկանց տեսնում է անգամ դահլիճում: Դերասանուհին անդրադարձել է նաեւ իր էքսցենտրիկ կերպարի շուրջ ծավալված կարծիքներին ու պատասխանել հանրությանը հուզող մի շարք հարցերի:

10636011_899456793406454_3066882392121688267_n

-«Գլամուրային չոբանների» գրոտեսկային կերպարների միջոցով երեւան եք հանում մարդկանց քաղքենիությունն ու շահամոլությունը. ի վերջո, այդ «չոբաններին» դահլիճ կկարողանա՞ք բերել:

-Իսկ ի՞նչ գիտեք, որ դահլիճում չեմ տեսնում նման մարդկանց: Շատերի համար նույնիսկ ես կարող եմ լինել գլամուրային չոբան. դա նորմալ է:

-Հերթական անգամ կերտում եք սիրուհու կերպար, այս դեպքում, արդեն՝ քաղաքական գործչի: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ «գլամուրային» դերերը միշտ Ձեզ են բաժին ընկնում:

big_1374232768_1956851_ts1374237417

-Կարծում եմ՝ պատճառն այն է, որ որպես կին դեռ ցանկալի եմ…Եթե այդպիսին չլինեի, նոր կերպարներ բաժին չէին հասնի:

-Մի ժամանակ մտադիր էիք երկրից մեկնել. ի՞նչն էր ստիպել Ձեզ նման որոշում կայացնել:

-Հիմա էլ եմ ուզում գնալ արտերկիր, ուսումս շարունակել ԱՄՆ-ում: Բայց ինձ ոչինչ չի ստիպում մեկնել հայրենիքից. ես գոհ եմ իմ երկրից, թեեւ լավ էլ տեսնում եմ, որ որոշ մարդիկ ժողովրդի հաշվին են հարստանում, բայց երբ թողնում ես, որ մարդ մտնի քո տուն, չպետք է զարմանաս, երբ նա նաեւ քո մոտից գողություն անի:

-Երբ «Դոն Ժուան Ավիա» ներկայացման համար ԱՄՆ-ում արժանացաք հատուկ մրցանակի՝ կնոջ կերպարը լավագույնս մարմնավորելու համար, խոսակցություններ պտտվեցին այն մասին, որ Դուք Նահանգներում լավ ծանոթներ ունեք, որոնց շնորհիվ էլ ստացաք պարգեւը:

-Շատ կոլեգաներից եմ լսել նման կարծիք…Ես ուզում եմ, որ նրանք ինձ պես իրենց ընկերների օգնությամբ գոնե այդ երկիր հասնելու ու հետ գալու հնարավորություն ունենան: Իմ անունը կապում էին նաեւ կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ՝ մատնանշելով մեր մտերմությունը՝ առանց մտածելու՝ ինչպես է ստացվել, որ ես նրա ոչ մի ֆիլմում հանդես չեմ եկել. այնպես որ, ամեն ինչ չէ, որ ծանոթի միջոցով է որոշվում:

-Ձեր ներքին ազատությունը հաճախ վանում է մարդկանց, այդ թվում՝ կոլեգաներին: Շատերն այն կարծիքին են, որ Ձեզ «աստղայինը տարել է», եւ որ Դուք պրոբլեմատիկ ու կռվարար մարդ եք. որտեղի՞ց են այս տեսակետները:

-Ես մարդկանց դժվարությամբ եմ ընտելանում: Երբ նոր են ինձ հետ ծանոթանում, ոչ ոք ինձ չի սիրում: Ակամայից բացասական աուրա եմ ստեղծում շրջապատում: Ունեմ որոշ բարդույթներ, բայց դրանք միայն ինձ են վնասում, թեեւ եղել են դեպքեր, որ, օրինակ, որոշ կանանց իրենց ամուսիններին խանդելու առիթ եմ տվել, այդ պարագայում նախընտրել եմ հեռու մնալ նրանցից: Ես այս ասպարեզում փորձում եմ ինձ չեզոք պահել, ունեմ կոլեգաներ, բայց չունեմ ընկերներ, որոնք այս ոլորտից են:

big_1331980543_2488740_ts1331994315

-Երբեմն այնպիսի տպավորություն է, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը խանգարում է իրական Նառային:

-Ճիշտ հակառակը: Բեմում յուրաքանչյուր կերպար կերտելիս Նառան խանգարում է ինձ: «Գլամուրային չոբանների» փորձերից մեկի ժամանակ, օրինակ, պետք է նստեի Լեւոն Հարությունյանի ծնկներին, Նառան ինձ խանգարեց: Իսկ երբ քնից արթնանում է Նաիրա Մովսիսյանը, այդ ժամանակ ես անտանելի եմ դառնում (ծիծաղում է):

-Անձնական կյանքում է՞լ է Նառան խանգարում:

-Այո՛, ես եմ ինձ խանգարել, ոչ դերասանուհին: Հաճախ վանել եմ մարդկանց, կոպտել, երբեմն՝ անգիտակցաբար: Այնքան եմ վերլուծել, կոպտել մարդկանց, որ վերջում մենակ եմ մնացել:

-Անձնական կյանքում աչքի եք ընկնում Ձեր կտրուկ որոշումներով. դրա վառ օրինակը՝ նշանդրեքն անսպասելիորեն չեղյալ համարելն էր. տղամարդկանց հետ լեզու չե՞ք գտնում:

-Եթե հասկանում ես, որ տվյալ մարդու հետ լեզու չես գտնում, պետք է պարզապես հանգիստ խոսել այդ մասին, ու վերջ, երբեմն էլ՝ հանգիստ հեռանալ: Ինձ հետ հնարավոր չէ վիճել, հատկապես տղամարդկանց հետ հարաբերություններում:

5343_575326772486126_496164507_n

-Գիտենք, որ մենակության սիրահար եք. ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ դրան, սիրտը լցնել սիրով, իսկ տունը՝ երեխաներով:

-Եկեք ընդունենք, որ ուժեղ կինը հաճախ միայն որպես սիրուհի է ծառայում տղամարդուն: Հիմա երբ մեկը համարձակություն ունենա, գա, ձեռքս բռնի ու տանի, այդ ժամանակ էլ Ձեր ասածը կլինի: Ի դեպ, ես յոթ երեխա եմ ուզում ու գիտեմ, որ այդ ցանկությունս իրականանալու է:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները` Bravo.am




Լրահոս