Զոհված զինծառայողի նամակը կե՞ղծ է. ծնողներն ինքնասպանության վարկածը բացառում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:

Armlur.am-ի հետ զրույցում զինծառայողի ընտանիքի մտերիմներից Անուշը հայտնեց, որ Ալբերտի ծնողները և բոլոր հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը: Մեր զրուցակցի փոխանցմամբ հուլիսին զորակոչված զինծառայողը բնավորությամբ զուսպ, հավասարակշռված, համեստ և խելոք երիտասարդ էր և ցանկացած հարցով մշտապես խորհրդակցում էր հոր հետ. նրանից գաղտնիքներ չուներ:

«Ամիսներ առաջ ենք այցելել Ալբերտին: Ինչպես միշտ, նա շատ ուրախ էր, կյանքով լի, անընդհատ ասում էր, որ իրեն շատ լավ է զգում, որևէ խնդիր չունի: Հնարավոր չէ՝ ինքնասպանության դիմեր: Խոսակցությունները, թե նամակ է գրել, որում սոցիալական ծանր պայմանների մասին է նշել, իրականություն չի կարող լինել: Նրանք ապահովված են և երբևէ նման խնդիրներ չեն ունեցել»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Անուշի փոխանցմամբ՝ որդեկորույս ծնողները երբեք չեն մտածել իրենց որդուն բանակից ազատելու մասին: Ավելին, միշտ ասել են, որ նա կարող է ծառայել, գլուխ կհանի և խնդիրներ չի ունենա:

«Ծնողների հետ 3 օր առաջ է խոսել: Որևէ գանգատ չի ունեցել, չի բողոքել ինչ-որ բանից: Կրկնում եմ՝ եթե խնդիրներ ունենար, մենք հաստատ կիմանայինք»,- եզրափակեց Անուշը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում: Կատարվում է նախաքննություն:

11026666_797205470360670_655732150_n (1)




Լրահոս