«Տղաս կանգնած է եղել, նրան մոտեցել ու կրակել են». նոր մանրամասներ՝ Պռոշյանի կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ էին արձակվել, ինչի հետևանքով ծանր վիրավորվել էր 33-ամյա Արման Թադևոսյանը: Այդ օրը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ էր. նշված դեպքի հետ կապված Երևան մտնող ավտոճանապարհներին զինված ոստիկաններ էին հերթապահել, ովքեր ստուգում էին մեքենաները: Տեղում Armlur.am-ի թղթակիցը ֆիքսել էր, թե ինչպես են իրավապահ մարմնի աշխատակիցները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս բերում հրազեն: Մեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել էին բաժանմունք:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ 33-ամյա Արման Թադևոսյանն ու կրակողները վիճաբանել են ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ: Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, Արման Թադևոսյանի մայրը՝ Ծովինար Թադևոսյանը, նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ որդին այդ ժամանակ մեքենայի ղեկին չի եղել: «Տղաս կանգնած է եղել: Իմ իմանալով՝ դրանք մոտեցել են ու կրակել: Գյուղում խոսում են ինչ-որ մեզնից հեռու ապրող երկու տղաների մասին, բայց ես դրանց ընդհանրապես ո´չ ճանաչում եմ, ո´չ էլ երբևէ տեսել եմ: Ամուսինս էլ անկողնային հիվանդ է, ինքն էլ չգիտի: Չգիտենք՝ ով են, ինչ են»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ դեպքի մասին իմացել է Պռոշյան սովխոզ կոչվող թաղամասի բնակիչներից: «Ես տանը նստած էի, մեկ էլ եկան ասեցին, թե տղայիդ կրակել են: Հարսս ու 3 տարեկան թոռս էլ մանկապարտեզում են եղել. Արմանի կինն այնտեղ է աշխատում: Ինչքանով ես գիտեմ, այդ ժամանակ որդուս մոտ մարդ չի եղել, համենայն դեպս այս պահին այդպես են ասում»,- ասաց Ծովինար Թադևոսյանը:

Արմանի մայրը վստահեցրեց, որ որդին երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, առավել ևս չէր հրահրի կրակոցներ արձակել: Նրա խոսքով՝ Արման Թադևոսյանը մարզիկ է, Գագիկ Ծառուկյանի հովանավորյալը, և նրան բոլորը շրջապատում հարգում ու սիրում են:

«Նախկինում երբեք նման միջադեպերի մեջ չի ընկել: Տեսնենք՝ ինչ կպարզվի քննության արդյունքում: Տղաս դեռ հիվանդանոցում է, երեկ են վիրահատել, ու դեռ չգիտենք՝ ինչքան այնտեղ կմնա: Ես էլ սթրես եմ տարել, պառկած եմ այդ օրվանից, դեռ նրան տեսնելու չեմ գնացել»,- հուզված պատմեց Ծ. Թադևոսյանը:

Տեղեկացնենք, որ կրակոցներ արձակվելու մեջ կասկածվում են Պռոշյան գյուղի բնակիչներ Նշան Ավետիսյանն ու Տրդատ Ասատրյանը:

Հավելենք, որ Պռոշյան գյուղում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զնեքը պահելը, կրելը) հատկանիշներով:




Լրահոս