Երեք քարի արանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Առաջին հայացքից թվում է, թե նա արտաքին քաղաքականության մեջ կարողանում է բավական լավ մանեւրել՝ արեւմուտքի, Ռուսաստանի միջեւ: Բայց սա՝ միայն առաջին հայացքից, որովհետեւ՝ Սերժ Սարգսյանը գնալով ավելի է խճճվում գերտերություններին տված իրարամերժ խոստումների մեջ: Ու որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան գերտերություններն ավելի պահանջկոտ են դառնում այս հարցում:
Պատահական չէ, որ վերջերս “Ռոյթերս” լրատվական գործակալությունը ծավալուն հոդված էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ միջազգային պատժամիջոցներով ճնշված Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է ընդլայնել բանկային գործունեությունը Հայաստանում: Իսկ ռուսական “Նեզավիսիմայա գազետա” պարբերականը տեղեկացրեց, որ “Ռոյթերսի” միջոցով ՄԱԿ-ի փորձագետների խումբն է հրապարակել Թեհրանի դեմ պատժամիջոցների մոնիտորինգի արդյունքները: Ըստ այդմ, վկայակոչելով արեւմտյան հետախուզական ծառայությունների զեկույցները, “Ռոյթերսը” տեղեկացրել է, թե որպես Իրանի թիրախ նշվում է հայկական “ԱԿԲԱ Կրեդիտ Ագիրկոլ” բանկի անունը: ՀՀ իշխանությունները, բնականաբար, հերքել են այս լուրերը: Բայց հասկանալի է՝ առանց կրակ ծուխ չի լինում, այն էլ՝ միջազգային նման մասշտաբներով: Ուստի, կարելի է ենթադրել, որ Հայաստանին նման լրջագույն մեղադրանք ներկայացնելով, արեւմուտքը լուրջ շանտաժ է անում՝ փորձելով ինչ-որ բան կորզել:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. այս “նախազգուշացումից” հետո Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել մասնակցելու Իրանում ընթացող “Չմիավորման շարժման” գագաթնաժողովին: “Ժողովուրդ”-ի  տեղեկություններով, Ս.Սարգսյանը Թեհրան է մեկնելու այսօր՝ օրակարգում ունենալով նաեւ այլ հարցեր: Սակայն հարկ է նկատել, որ միջոցառումը մեկնարկել է դեռ օգոստոսի 26-ից եւ տեւելու է մինչեւ օգոստոսի 31-ը:
Այս առումով Սերժ Սարգսյանը գտնվում է բավական բարդ վիճակում՝ հայտնվելով միանգամից երեք քարի արանքում: Իրան մեկնելու դեպքում նա կնեղացնի արեւմուտքին, որի հետ վերջին շրջանում կարծես թե՝ “խաղեր էր տալիս”, նույնիսկ համարձակվել էին Հիլարի Քլինթոնին վերագրել “հրաշալի նախագահ Սարգսյանի” մասին խոսքերը, որոնք նա իրականում չէր ասել /պարզապես՝ դիվանագիտական սկանդալից խուսափելու համար ԱՄՆ պետքարտուղարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես չհերքեցին դա/: Ընդ որում, Ս.Սարգսյանն արեւմուտքին կնեղացնի “բանկային ոլորտում հայ-իրանական բարեկամության” մասին հիշեցումից հետո: Իսկ եթե Ս.Սարգսյանն այսօրվա մեջ մտափոխվի ու չմեկնի Իրան, ապա կնեղացնի եւ Իրանին, եւ ՌԴ-ին: Այնպես որ, ցանկացած որոշում Ս.Սարգսյանի դեմ է շուռ գալու: Մնում է Ս.Սարգսյանը որոշի՝ կողմերից որին նեղացնի:
Իսկ մեծ հաշվով՝ իր համար արդեն միեւնույն է: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին եւ արեւմուտքը, եւ Ռուսաստանը մի հարցում լուրջ են նեղացրել. տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանություններին ոչ եվրոպայից, ոչ էլ ՌԴ-ից ոչ մի գնով չի հաջողվում հերթական վարկային միջոցները բերել: Իսկ այդ գումարները ներկայումս օդ ու ջրի նման անհրաժեշտ են, այլապես՝ կտապալվեն իշխանական մի շարք նախագծեր: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այդ երկիրը դեռ 2008թ. մարտի 1-ից հետո էր որոշել ֆինանսական ծրագրերը դադարեցնելու մասին. խոսքը հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի միջոցներով իրականացվող ծրագրերի մասին է:
Նշենք, որ ի տարբերություն Ս.Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մերժել է “Չմիավորման շարժման” գագաթնաժողովի հրավերը. նա գտնվում է Բելառուսում, որտեղ կմնա նաեւ այսօր: Ադրբեջանի կողմից այդ գագաթնաժողովին չի մասնակցի նույնիսկ այդ երկրի ԱԳ նախարարը, այլ Իրան կուղարկեն ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յաշար Ալիեւին: Այն էլ՝ մինչեւ վերջին պահը հստակ չի եղել՝ Ադրբեջանը որեւէ ներկայացուցիչ ուղարկելու է Իրան, թե ոչ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս