Այսօր կքննարկվի դատավոր Ելենա Արշակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. դռնփակ նիստի գաղտնազերծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է դռնփակ նիստով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկել: Թե ում մասին էր խոսքը, պաշտոնապես այդպես էլ չհաղորդվեց: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրահանգել է դատավորի անունը չգաղտնազերծել: Բայց «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «զոհասեղանին դրված» դատավորը Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանն է:

Նախ պաշտոնապես

Ըստ պաշտոնական տեղեկության՝ մարտի 24-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել 2015 թվականի մարտի 30-ին` ժամը 17:00-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստ հրավիրել: Ավելին՝ խորհուրդը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 111-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հաշվի առնելով դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին, ինչպես նաեւ՝ ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստն անցկացնել դռնփակ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարտի 30-ին արդարադատության նախարարության դռնփակ նիստում քննարկվելու է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի հարցը: Փորձեցինք դատավորից տեղեկանալ, թե ի՞նչ սխալ է գործել, որ հայտնվել է կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ: Սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց, ուստի կարգապահական պատասխանատվության հարցի մասին մանրամասները փորձեցինք պարզել Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանից:

-Պարո՛ն Սարգսյան, դատավոր Ելենա Քոչարյանը հայտնվել է արդարադատության խորհրդի ուշադրության կենտրոնում. վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն է դրված: Տեղյակ եք՝ ի՞նչ սխալ է թույլ տվել դատավորը:

-Չէ, կուրսի չեմ, որ կուրսի մեջ լինեի, կասեի:

-Իսկ գոնե տեղյակ ե՞ք՝ Ելենա Քոչարյանը մինչ այս այլ կարգապահական պատասխանատվության ենթարկվե՞լ է:

-Առաջին կարգապահական պատասխանատվության հարցն է, ինքը շատ ուշադիր դատավոր է, միգուցե գնահատման հարց է եղել, սակայն այստեղ այլ հարց կա: Եթե մի մարդու վարույթում 2000 գործ կա, մեկ տարվա ընթացքում 900 գործ է քննում, ապա ի՞նչ եք կարծում՝ մինչեւ գիշերվա 11-ն աշխատող մարդու վիճակն էլ ոնց պիտի լինի: Մարդը ապարատ չի, նույնիսկ ապարատն է, չէ, վերջիվերջո մաշվում, բա այդ մարդու վիճակը ո՞նց կլինի:

Միգուցե ինչ-որ գործի շրջանակներում ապացույցների խնդի՞ր է եղել: Ականջի պոչով լսել եմ, որ մի ժամանակ մի գործով խնդիր կար: Մասնավորապես մի մարդը տեղեկացված է եղել, որ ինքն աշխատանքից հեռացված է, սակայն նշվում է, որ քաղաքացուն գրավոր տեսքով պետք է հայտնեն իր հեռացման մասին: Հետո այդ մարդը գնացել է իր աշխատանքի տեղը, ասել է, թե ես չեմ իմացել, որ հեռացված եմ: Ախր, ախպեր ջան, դու 9 ամիս աշխատանքի չես գնացել, ուրեմն դու չգիտե՞ս, որ հեռացված ես: Այլ մանրամասներ էլ չգիտեմ, լսել եմ, որ ինչ-որ այդպիսի տեղեկանքի մասով խնդիր կար: Այստեղ գործ ունենք գնահատման հետ: Շատ վիճելի հարց է: Միգուցե այս խնդիրն է եղել, կոնկրետ ասել չեմ կարող, քանի որ, կրկնում եմ, տեղյակ չեմ:

-Միայն ծանրաբեռնվածությունը կարո՞ղ էր դատավորին հասցնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանքին: Իսկ գուցե դատավորն այլ շահագրգռվածությո՞ւն է ունեցել:

-Մի պահ պատկերացրեք մարդն այդքան ծանրաբեռնված աշխատի, դատական նիստերից՝ ժամը 18:00-ից հետո գնա վճիռներ գրի, մեկ օրվա ընթացքում 4-5 վճիռ գրելը հեշտ չի: Ախր, կան բաներ, որ պետք է հաշվի առնեն, էլի:

-Իսկ չեք փորձել արդարադատության խորհրդին տեղյակ պահել, թե ի՞նչ է կատարվում Ձեզ մոտ:

-Վայ….., ասեմ Ձեզ, որ արդարադատության խորհուրդն էլ է տեղյակ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ է տեղյակ: Խնդիրը մեկն է՝ երբ դատավորի տեղ են ստեղծում, հսկայական գումար է: Պարզապես մի խնդիր կա՝ տո՛ւր, նոր պահանջի, այսինքն մարդու նորմալ աշխատանքի հնարավորություն տուր եւ նոր պահանջի ուշադրություն:

Կրկնում եմ՝ միայն մարդու ծանրաբեռնվածությունը կարող է ազդել նրա գործի վրա: Մարդը խնդրում է, որ գոնե տարվա մեջ 10 օրով արձակուրդ գնա: Քաղաքացուն չի հետաքրքրում՝ դատարանում դատավորի պակաս կա, կամ դատավորը հանգստանալ է ուզում, քաղաքացին ուզում է՝ իր գործն առաջ ընկնի: Այս հարցում պետք է նաեւ նայել այն հանգամանքին, որ եթե դատավորը հետին միտք չի ունեցել, ապա այդ մարդուն կարելի է ուշադրություն դարձնել, ոչ թե պատժել:

Քնար Մանուկյան




Լրահոս