95-ամյա արգենտինահայը` աշխարհի ամենատարեց թենիսիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Reuters լրատվական գործակալությունը հրապարակել է հարցազրույց աշխարհի ամենամեծահասակ թենիսիստ արգենտինահայ Արթին Էլմայանի հետ:
Էլմայանը սկսել է թենիս խաղալ 39 տարեկան հասակում, հիմա նա 95 տարեկան է ու շարունակում է թենիս խաղալ:
Թենիսի միջազգային ֆեդերացիայի տարեց թենիսիստների վարկանիշային ցանկում Էլմայանը 26-րդ է: Այս ցանկում ընդգրկված են 85 տարեկանից բարձր թենիսիստները: Ցանկը գլխավորում է իտալացի Անջելո Սալան, ով այստեղ ամենաերիտասարդներից է` այս դեկտեմբերին լրանում է նրա 86-ամյակը:
Մեծահասակ թենիսիստների ցանկում ընդամենը 39 մարդ կա, երեքը Արգենտինայից են: Էլմայանը միակն է, ով ծնվել է մինչեւ 1920 թվականը, նա միջազգային խաղերին չի մասնակցում, խաղում է միայն արգենտինացի իր ընկերների հետ:
Reuters-ի թղթակիցը նրան հանդիպել է Բուենոս Այրեսում, ինպես նաեւ ,Ռիվեր Փլեյթե մարզադաշտում, ուր շաբաթը երեք անգամ Էլմայանը գնացքով գալիս է մայրաքաղաքից` մարզվելու եւ թենիս խաղալու համար:
“Ես ինձ լավ եմ զգում: Երբեմն ես երկրորդ տեղն եմ գրավում: Անցյալ տարի երկու անգամ ես գրավեցի երկրորդ տեղը: Դա կախված է մրցակիցներիս եւ իմ մարզավիճակից, այստեղ ոչ մի ուրիշ գաղտնիք չկա”, – ասել է նա լրագրողին թենիսի ակումբի մարզիչներից մեկի հետ 20 րոպե տեւած խաղից հետո:
Reuters-ը համառոտ ներկայացնում է նրա կենսագրության որոշ տվյալներ: Էլմայանը 21 տարեկան հասակում Արգենտինա է եկել Եվրոպայից 1938 թվականին, երբ Եվրոպան պատերազմի նախաշեմին էր: Թենիսը նրա հոբբին է, սկսել է խաղալ ու այլեւս վայր չի դրել թենիսի ռակետը:
Էլմայանը ասել է, որ երբեք թենիսի դասեր չի վերցրել, ոչ մեկը իրեն չի սովորեցրել, թե ինչպես է պետք պահել ռակետը, ընդօրինակել է` տեսնելով խաղերը։ Նա վերհիշել է, թե ինչպես էր փոքր տարիքում ,թենիս խաղումե ռակետի նմանվող փայտյա տախտակով ու ռետինե գնդակով:
Պատմելով, թե ինչքան է նվիրված թենիսին, Էլմայանը ասել է, որ իր համար առաջին հերթին կարեւոր է սնվելը, ու հետո գալիս է թենիսը: “Դա իմ կյանքի մի մասն է: Բոլոր առումներով մնալ մարզավիճակում: Թենիսը ձեզ թթվածնի շունչ է տալիս, ձեր մարմինը լավ վիճակում է պահում, չի թողնում, որ գիրանաք, փոր գցեք, օգնում է պայքարել խոլեստերինի դեմ եւ ամեն ինչ է”, – ասել է նա հարցազրույցում:
Նրա ընտանիքի բոլոր անդամները թենիս են խաղում կամ ժամանակին խաղացել են: Արթին Էլմայանը Արգենտինայի հայկական մեծ համայնքի անդամներից է, ներառյալ պրոֆեսիոնալ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով նախկինում երրորդն էր թենիսի միջազգային վարկանիշային աղյուսակում, գրում է Reuters-ը:
“Ազատություն” ռադիոկայան




Լրահոս