Ինչո՞ւ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանն օրեր առաջ խորհրդարանում իր գործընկերներին կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորի առաջարկը, սակայն, ոչ միայն աջակցություն չստացավ, այլեւ բուռն բանավեճի առիթ դարձավ: Ինչպես եւ կարելի էր ակնկալել, Վրաստանի խորհրդարանում ներկայացված ադրբեջանցի օրենսդիրները բավական կտրուկ ձեւակերպումներով պատասխանեցին ախալքալաքցի պատգամավորի հայտարարությանը:

Հատկապես «Վրացական երազանք» դաշինքի անդամ Մահիր Դարձիեւը, մեծամասնական պատգամավոր Ազեր Սուլեյմանովը հերթական անգամ ընկան «հիշողությունների գիրկը»` մատնանշելով «ադրբեջանական ցեղասպանությունների» մասին արդեն մաշված պնդումները: «Ինչո՞ւ մենք չենք խոսում 1918 թվականի մարտին հայ դաշնակների եւ Կարմիր բանակի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանության մասին: Ինչո՞ւ ենք անտեսում 1992 թվականին Ադրբեջանում, Ղարաբաղում, Խոջալու քաղաքում տեղի ունեցած դեպքերը», – հայտարարեց Սուլեյմանովը:

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցը վրացական խորհրդարանում առաջին անգամ չի քննարկվում: Այն բարձրացվել էր դեռեւս 2012 թվականին ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի կողմից, որի հայտարարությունները կատաղեցրել էին նույն Ազեր Սուլեյմանովին, ով այն ժամանակ անգամ ազատություն տվեց բռունցքներին` նետվելով ընդդիմախոսի վրա:

«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել դեռեւս տարիներ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բարձրաձայնած վրաց քաղաքական գործչին:

-Պարո՛ն Բագատուրիա, Վրաստանի ԱԺ հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրաձայնումից հետո խորհրդարանում բանավեճ սկսվեց: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին տարիներ առաջ խոսել եք նաեւ Դուք, եւ այն ժամանակ նույնպես բանավեճ եղավ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են վրաց օրենսդիրներն ամեն անգամ նման կերպ արձագանքում այս հարցին:

-Վրաստանի խորհրդարանում այդ հարցի վերաբերյալ սկանդալները մի քանի մարդիկ են ստեղծում: Նրանցից մեկը Ազեր Սուլեյմանովն է, ում անունը նույնիսկ Վրաստանում ոչ ոք չգիտի: Նույնիսկ ես չգիտեի նրա գոյության մասին` մինչ այդ միջադեպը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա դա լուրջ է, եւ մեր իշխանությունները պետք է լրջորեն վերաբերեն դրան:

-Վրաստանը հանդիսանում է Հայաստանի գործընկեր պետություն, սակայն մինչ այժմ չունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող որեւէ փաստաթուղթ: Եվ այս քննարկման ժամանակ նույնպես չգտնվեց մի պատգամավոր, ով կպաշտպաներ Պարոն Պետրոսյանին: Ինչի՞ հետ եք կապում այս հանգամանքը:

-Հայաստանը մեր հարեւան երկիրն է, իսկ հայերն էլ` մեր գործընկերն են: Վրաստանում ապրող հայեր կան, ովքեր աշխատում են մեր պետության համար: Այդ պատճառով մեր իշխանությունները, ովքեր ձեւացնում են, թե ինչ-որ բաներ չեն տեսնում կամ չեն լսում, ուղղակի պարտավոր են խոսել ազգաբնակչության հետ եւ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Մեր իշխանությունները գտնվում են Արեւմուտքի ճնշման ներքո եւ բոլոր որոշումները կայացնում են այնպես, ինչպես թելադրվում է վերջիններիս կողմից: Իհարկե, ես մտածում եմ, որ պետք է ընկերական հարաբերություններ ունենալ բոլոր հարեւան երկրների հետ:

-Ըստ Ձեզ՝ կգա՞ ժամանակ, որ Վրաստանը կճանաչի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, եւ ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:

-Նախ ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել հայ ազգին եւ ասել, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է միասին կարողանան համագործակցել այլ հարեւան երկրների հետ եւ այնպես անել, որ նման ողբերգություններն այլեւս երբեք չկրկնվեն մեր տարածաշրջանում: Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի եւ քննարկվի անկախ հանձնաժողովի կամ այլ ինստիտուտի կողմից:

-Արդյո՞ք Վրաստանի որոշումը կապված չի լինի այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ:

-Ոչ մի դեպքում: Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է կապված լինի որեւէ այլ հանգամանքի հետ` բացի ճշմարտությունից եւ արդարությունից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս