Արամ Մանուկյանի հետ դատարան գնացած կանայք անձնական վիրավորանքներ են հնչեցրել պաշտպանի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով դատական քննությունը: Armlur.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը հայտնեց, որ նիստից հետո տուժող Արամ Մանուկյանի հետ դատարան ներկայացած մի քանի կին իր հասցեին անձնական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել և պրովոկացիայի ենթարկել. «Նրանց, ինչպես նաև Արամ Մանուկյանի նպատակը համընդհանուր շոու ստեղծելն էր: Բայց իմ զսպվածության շնորհիվ դատական նիստը շոուի չվերածվեց:

Արամ Մանուկյանի հետ եկած կանայք այսպիսի հարց հնչեցրին, թե ես ինչպես կարող եմ պաշտպանել Արշակ Սվազյանին: Պարզաբանում եմ, որ փաստաբանի մասնագիտական առաքելությունը բոլորին պաշտպանելն է` անկախ այն բանից, թե ինչպիսի հանցանքի մեջ է մեղադրվում մարդը: Եվ երբեք չի կարելի փաստաբանին նույնացնել իր վստահորդի հետ: Հիմա եթե բժիշկը սարսափելի արարքներ գործած հիվանդ ունենա, պետք է ընտրի՞ բուժել նրան, թե` ոչ»:

11149215_834132123336924_358612511_n

Լիանա Բալյանի գնահատմամբ` պատգամավոր Արամ Մանուկյանն իզուր է կատարվածի վրա քաղաքական աստառ գցում: Պաշտպանը համոզված է, որ տեղի ունեցածը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի. «Լինելով կրթված և ճանաչված մարդ` պատգամավորն իրեն պետք է թույլ չտա հայհոյել, նա պետք է ճիշտ օրինակ ծառայի մատաղ սերնդին և իրեն այնպես պահի, որ բոլորն իրեն հարգեն»:

Անդրադառնալով դատական առաջին նիստին` Լիանա Բալյանը նշեց, որ իր պաշտպանյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ դատարանի կողմից արագացված դատաքննության կարգ կիրառելու միջնորդությունը մերժելը պաշտպանն անհիմն համարեց` նկատելով, որ եթե Ա. Սվազյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը, կարիք չկա դատաքննությունը երկարացնելու. «Արամ Մանուկյանը փորձեց շահարկել, թե ես պաշտպանում եմ դատախազի տեսակետը, դատախազն էլ` իմը, սակայն այդպես չէ: Սրա հիմնավոր ապացույցն այն է, որ մեղադրողն առարկեց մեր միջնորդությանը»:

11158075_834132120003591_1793960340_n

Լիանա Բալյանը խոսեց նաև պատգամավորի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի այն միջնորդության մասին, որով պահանջում էր մեղադրող դատախազ Մարգարյանի ինքնաբացարկը: Պաշտպանը համոզված է, որ Ա. Խաչատրյանի բանավոր հայտարարությունները բավարար հիմք չեն դատախազի ինքնաբացարկը պահանջելու հարցում: Պաշտպանը նաև հղում կատարեց քրդատօրի համապատասխան հոդվածին, որն ինքնաբացարկի նման հիմնավորումներ չի ենթադրում. «Ես ոչ թե համաձայն էի կամ համաձայն չէի, այլ փաստարկներ ներկայացրեցի դատարանին, որ տուժողի ներկայացուցիչը որևէ հիմնավորում չտվեց իր միջնորդությանը: Նա ընդամենը բանավոր հայտարարություններ արեց, թե դժգոհ էր նախաքննությունից և ապացույցներից: Իսկ ընդհանուր նախաքննությունից և ապացույցներից դժգոհությունը քրեական դատավարության օրենսգրքի 90 հոդվածի խումբ հանդիսանալ չեն կարող: Քրդատօրի 90 հոդվածն այլ պայմաններ է նախատեսում ինքնաբացարկի միջնորդության համար: Եթե տուժողի ներկայացուցիչը գրավոր փաստարկներ ներկայացներ և հիմնավորեր, իմ տեսակետը, հնարավոր է, այլ լիներ»:

11118546_834132113336925_1035272772_n

Armlur.am-ը հիշեցրեց, որ դատախազի ինքնաբացարկի մասով միջնորդությունը տուժողի ներկայացուցչի կողմից պարզաբանվել է այն հանգամանքով, որ նախաքննական մարմինն անգործություն է դրսևորել, դատախազի ցուցումները չի կատարել, և այդ պայմաններում դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու այն ուղարկել դատարան։ Ավելին, Ա. Խաչատրյանի խոսքով` դեպքից անմիջապես հետո այդ ամենի մասին մամուլում գրվել է, տուժող կողմն էլ հայտնել է, որ կատարվածը քաղաքական հաշվեհարդար է, կազմակերպված հանցագործություն, մամուլում նույնիսկ անուններ են հնչել, սակայն դատախազը չի հանձնարարել ստուգել այդ վարկածը, այդ ուղղությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։

Հարցին` արդյոք նշված հանգամանքները չե՞ն ենթադրում մեղադրող դատախազի ինքնաբացարկ, Լիանա Բալյանը պատասխանեց. «Դրանք մերկապարանոց հայտարարություններ են, որոնք չեն հիմնավորվել: Մենք մտավախություն չունենք, թե նոր հանգամանքներ ի հայտ կգան: Արշակ Սվազյանն էլ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, բայց ընդունում է առաջադրված մեղադրանքը: Իսկ իմ գործառույթը զուտ Արշակ Սվազյանին պաշտպանելն է»:

Նշենք, որ երեկվա դատական նիստից հետո ամբաստանյալն առանձնազրույց է ունեցել և հայտարարել, թե ցանկացածը, ով կհամարձակվի իր գերագույն հրամանատարին, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, վիրավորել, «նույն ձևով կպատժի»:

Այսպիսով` պաշտպան Լիանա Բալյանը վստահեցնում է, թե կատարվածը քաղաքական որևէ ենթատեքստ չունի, մինչդեռ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ իր հերթին հայտարարում է, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է, և նախաքննական մարմնի անգործության հետևանքով` գործի համար մի շարք կարևոր հանգամանքներ ստվերում են մնացել: Այժմ մնում է սպասել, թե  դատաքննության ընթացքում ինչեր կպարզվեն տեղի ունեցածից, և ստանալ հարցի պատասխանը` արդյոք ճիշտ են լուրերը, թե Ա. Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքը հրահանգ է եղել:




Լրահոս