Որ պատգամավորները կմիանան Գոհար Ենոքյանի համար անցկացվող ստորագրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԲՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է կազմակերպել` նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար:

Armlur.am-ը պատգամավորներից փորձեց ճշտել, թե ովքեր են միացել նշված ստորագրահավաքին: Նշենք, որ ստորագրահավաքին արդեն իսկ մեծ թվով պատգամավորներ են միացել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ ինքը միանալու է ստորագրահավաքին: Նա ընդգծեց, որ խոսքը 73-ամյա կնոջ մասին է, և ճանաչելով նրան, կարող է ասել, որ լինելով ազատության մեջ, չի կարող վտանգ ներկայացնել քրեական գործի շրջանակներում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ քրեական գործից, բայց խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին միացել է, քանի որ նաև հայտնի է, որ Գոհար Ենոքյանը վատառողջ է:

Նման տեսակետ արտահայտեց նաև պատգամավոր Արագած Ախոյանը: Նա նշեց, որ այս ընթացքում պատգամավոր Կարո Կարապետյանի հետ չի զրուցել և տեղյակ չէ` շրջանառվող տեղեկությունները ճի՞շտ են, թե` ոչ: Արագած Ախոյանը նաև նշեց, որ անձնապես ճանաչում է և նաև տարիքը հաշվի առնելով` որոշել է միանալ ստորագրահավաքին:

Նշենք, որ ստորագրահավաքին միացել են նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ըստ տարածված որոշ տեղեկությունների, տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշով: Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, ինչն էլ, ըստ երևույթին, ավարտվել էր հակամարտությամբ:




Լրահոս