Ինչ չարաշահումներ են իրականացրել Մարտունու ոստիկանապետն ու նրա տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ոստիկանության համակարգում պաշտոնանկությունները հաջորդում են մեկը մյուսին: Դրանցից մեկը տեղի ունեցավ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին: Զբաղեցրած պաշտոնից ազատվեցին ոստիկանության Մարտունու բաժնի պետ Վահան Մարգարյանը և իր տեղակալը:

Այդ ժամանակ լուրեր շրջանառվեցին, թե պաշտոնանկության պատճառը պաշտոնական լիազորության չարաշահումն է: Սակայն ոստիկանությունից որևէ պաշտոնական մեկնաբանություն այդպես էլ չտրվեց կատարվածի շուրջ:

Իսկ այսօր արդեն Armlur.am-ը հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու  դեպքի առթիվ:

Մեր բոլոր ջանքերը` ՀՔԾ-ից փորձել իմանալ` որ պաշտոնյաների մասին է խոսքը, զուր անցան, քանի որ ՀՔԾ հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Միքայել Ահարոնյանը հղում էր կատարում նախաքննական գաղտնիությանը: Սակայն Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը ոստիկանության Մարտունու բաժնի նախկին պետի և նրա տեղակալի մասին է: Պարզվում է, սույն բարձրաստիճան պաշտոնյաները նախկինում մի քանի անգամ դատապարտված քաղաքացուն ստիպել են իր վրա վերցնել մեղքը, որը նա իրականում չի կատարել: Ոստիկանները համատեղ ծրագրեր են մշակել և նույն քաղաքացուն համոզել, որ ասի, թե ինքն է թմրանյութ պահել և իրացրել: Այս մեղադրանքով քաղաքացին անտեղի պատիժ է կրել, թեև բարձրաստիճան ոստիկանները նրան, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է օգնեին ազատվել պատժի կրումից: Երևի թե այս խոստումը չիրականացնելն էլ դրդել է տուժող հանդիսացող քաղաքացուն հաղորդում տալ հանցագործության մասին իրավապահ մարմիններին:

Նշենք, որ գործով նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, մեր տեղեկություններով, չի բացառվում, որ սույն գործում ներգրավվեն մի շարք այլ պաշտոնյաներ ևս:

Հ.Գ. ՀՔԾ հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Միքայել Ահարոնյանը կտրականապես հրաժարվեց հայտնել, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը` բնականաբար մատնանշելով նախքննական գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը: Սակայն պետք է նկատենք, այդպիսով Միքայել Ահարոնյանը օգնում է գործը կոծկելուն: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ գլխավոր դատախազի հրահանգով մի շարք հարուցված քրեական գործեր Քննչական կոմիտեից փոխանցվեցին ՀՔԾ` օբյեկտիվ քննություն իրականացնելու պատճառաբանությամբ: Չի բացառվում, որ այս գործն էլ մի օր ՀՔԾ-ից կուղարկվի, ասենք, ԱԱԾ ` ավելի բազմակողմանի և օբյեկտիվ քննելու համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս