Վերևից հրահանգ է եկել. իմ ներկայությունը Հայաստանում արգելված է, ես persona non grata եմ. Շանթ Ոսկերչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին Երևան Զվարթնոց օդանավակայանից թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք: Շ. Ոսկերչյանին 12 ժամ պահելով օդանավակայանում՝ Երևան-Փարիզ չվերթով հարկադրաբար հետ են ուղարկել Ֆրանսիա:  Armlur.am-ը կապ հաստատեց Ֆրանսիայում գտնվող Շանթ Ոսկերչյանի հետ:

-Պարոն Ոսկերչյան, երբ Ձեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում, այնտեղից Ձեզ ի՞նչ պատճառաբանությամբ թույլ չտվեցին մտնել ՀՀ տարածք:

-Ոչ մի պատճառաբանություն: Երեկ գիշերվա 8-ից մինչև այս առավոտ ժամը 8-ը հազար անգամ հարցրել եմ, փաստաթուղթ եմ ուզել: Ոչ մի փաստաթուղթ չեն տվել: Մեկն ասեց, թե վերևից հրահանգ է եկել և իմ ներկայությունը Հայաստանում արգելված է, ցանկալի չէ: Ես persona non grata եմ: Այդքան բան, ուրիշ ոչ մի բան չի ասվել: Նույնիսկ Օմբուդսմենն էր կապնվել ԱԱԾ-ի հետ, բայց որևէ բացատրություն չեն տվել: Միայն վերջին րոպեին ինձ ասեցին, որ ես պետք է գնամ: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հետ կապնվեցի, բայց նրան էլ ասել էին՝ իրեն ասելիք չունենք, թող կապնվի Արտգործնախարարության չգիտեմ որ վարչության հետ, այնտեղից կբացատրեն:

-Դուք եկել էիք մայիսի 30-ին Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքին մասնակցելու՞:

-Ոչ միայն հանրահավաքի համար: Եթե Հայաստանում լինեի անպայման կմասնակցեի իմ գաղափարակից ընկերների հետ: Մտադիր էի օգոստոսին ընտանիքիս հետ Հայաստան գալ արձակուրդի: Բայց ես 12 ժամ չարչարվեցի, ընտանիքիս չեմ կարող չարչարել: Աշխարհի վրա հազար ու մի վայր կա արձակուրդի համար գնալու, բայց մենք ուզում էինք Հայաստան գալ, մեր երկիրը գալ, բայց այնպես ստացվեց, որ մեր երկիրը չէ` մի խումբ օլիգարխների երկիր է:

-Այս քայլը ուղղված է  Ձեր քաղաքական հայացքների դե՞մ:

-Իհարկե, քաղաքական հետապնդում է: Հիմա էլ սկսել են սփյուռքի մեջ մեզ ասել, թե ինչպես մտածենք: Հասկանում ենք «Հայաստանի ժողովրդին» զոռով ասում են այսպես պետք է մտածեք, բայց մենք դրսում ապրելով, ժողովրդավար երկրում, ժողովորդավարության փորձառություն ունենք, չենք հանդուժում: Մեր մոտ ամեն տեսակի կարծիքներ պետք է լինեն, տարակարծությունից է, որ երկիրն առաջ է գնում: Բայց իրենք չեն հանդուրժում, Հայաստանում չես կարող ունենալ տարբեր կարծիք: Բայց մենք սփյուռքում ունենք տարբեր կարծիք և պետք է ամեն ինչ անենք, որ սրանք ռադը քաշեն (ներողություն այդ բառի համար, շատ ջղայնացած եմ):

-Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:

-Շատ քայլեր եմ պատրաստվում անել: Վաղը, հավանաբար, մենք ժողով կունենանք և կորոշենք ինչ անենք: Բայց ես արդեն կապնվել եմ փաստաբաների հետ, որոնք կուսումնասիրեն, թե ինչպես կարող ենք Եվրադատարան դիմել: Դրանից զատ, հավանաբար, ֆրանսահայ գաղութի ներկայացուցիչների հետ միասին պետք է հանդիպենք այստեղ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի հետ: Դեսպանատան հետ պետք է հանդիպենք, որպեսզի մեզ բացատրություններ տան կատարվածի մասին: Հետո ես մտադիր եմ իմ փաստաբանների հետ գնալ Ֆրանսիայի արտգործնախարարություն, իրենց հետ հանդիպել, խոսել և, եթե կարիք լինի, այստեղ ՀՀ դեսպանին հայտարարել persona non grada: Ես նաև միտք ունեմ գնալ Ֆրանսիայի կամ վարչապետի կամ նախագահի մոտ: Այս հարցը չեմ թողելու այսպես: Ինձ այնտեղ 12 ժամ բանտարկեցին, բայց ես դրանից ավելի զորացած եմ դուրս եկել, վստահեցնում եմ` սա իմ կյանքի պայքարն է, մինչև կյանքիս վերջ պայքարելու են: Միայն մեկ բան եմ ուզում, որ Հայաստանի ժողովուրդն աճի ու երկիրը ժողովրդավարական դառնա, իսկապես ազատ, անկախ, մարդու իրավունքները հարգող, իրավապահ երկիր լինի: Մենք պայքարելու ենք: Շատ մեծ աղմուկ կլինի այս կապակցությամբ Սփյուռքի մեջ: Անցած տարի Հայասատանի համահայկական հիմնադրամին 10 մլն դրամ պակաս էր փոխանցվել, այս տարի ընդհանրապես ոչ մի կոպեկ, ոչ հիմնադրամին, ոչ էլ այդ ծերուկ Հրանուշին: Ախր մեզ 25 տարի կթան կովի տեղ են դրել, չի՞ հերիքում: Արդեն ոչ մի կոպեկ:

-Ֆրանսիայի հայ համայնքի արձագանքն ինչպիսի՞նն էր դեպքի հետ կապված:

-Իմացել են, շատ լրագրողներ զանգել են, հարցազրույցներ պետք է տամ: Ես պետք է ֆրանսիական թերթերում էլ ցույց տամ, թե ինչ երկիր է Հայաստանը:

-Նորից կգա՞ք Հայաստան:

-Չեն թողելու ինձ: Մինչև սրանք չմեկնեն, ես մեկ անգամ ևս չեմ պատրաստվում 12 ժամ բանտարկվեմ: Վաղը, մյուս օրը գամ նորից նույն բանը պետք է անեն: Ես դրսից ավելի լավ կպայքարեմ: Կտեսնեն:

Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի:




Լրահոս