Ս. Լավրովը հիմնական շեշտը պետք է դնի հարցի խաղաղ կարգավորման վրա. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին հերթական անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը: Նույն օրը լարված է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը. ողջ օրվա ընթացքում կրակոցները չեն դադարել:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ինտենսիվությամբ է հակառակորդը կրակոցներ արձակել, ու ինչի հետ է կապվում Ադրբեջանի վերջին օրերի վերաակտիվացումը:

-Պարո՛ն Բաբայան, ներկայումս ի՞նչ իրավիճակ է ԼՂՀ սահմանին:

-Հակառակորդը չի տարբերակում Արցախն ու Հայաստանը ու խախտում է զինադադարի ռեժիմը Արաքսի ափից մինչեւ Վրաստանի սահմանը, այսինքն՝ հայկական պետությունների հետ ունեցած իր ողջ երկայնքով: Ամեն օր Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տիպի զինատեսակներ, բայց նաեւ ստանում է համարժեք պատասխան: Ու այս օրը բացառություն չի, օրինակ՝ սեպտեմբերի մեկին մոտ 120 անգամ խախտվել է զինադադարի ռեժիմը, նույնը երեւի սեպտեմբերի 2-ին է եղել: Նախկինում նման խախտումները լինում էին 5-7 օրվա ընթացքում, նույնիսկ շաբաթվա կտրվածքով: Բայց հիմա ագրեսոր Ադրբեջանը դա անում է ամեն օր՝ ամեն վայրկյան կրակելով սահմանի վրա: Կրկնում եմ՝ սրանք անիմաստ խախտումներ են, որեւէ էական փոփոխության չեն հանգեցնում, հակառակորդը չի կարողանում իր ձեռքը վերցնել ռազմավարական նախաձեռնությունը, չի հասնում որեւէ նպատակի, սահմանն անցնում է այնպես, ինչպես անցնում էր 5 տարի, 10 տարի առաջ: Ադրբեջանը չի փոփոխում իր գործելաոճը տարիների ընթացքում: Ադրբեջանը 15 տարի շարունակ իրեն նման ձեւով է դրսեւորում եւ անիմաստ խախտումներ իրականացնում: Իրենք նաեւ այդ ամենի հետեւանքով ունենում են մեծ կորուստներ:

-Այնուամենայնիվ, ներկայումս թե՛ քանակական եւ թե՛ որակական առումով ադրբեջանական սադրանքները ինտենսիվացել են, եւ արդեն տեւական ժամանակ է` ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կիրառում: Սա ի՞նչ նպատակով է արվում:

-Գիտեք, որ երբ Հեյդար Ալիեւը եկել է իշխանության, նա փորձել է ռազմական ճանապարհով հարցերը կարգավորել: Բայց ամենաշատ շրջաններն ինքն է հանձնել, կորցրել ու, այսպես ասած, որպես իրենց պետականաշինության հիմք որդեգրել է հայատյացությունը: Այս ժամանակահատվածում էլ այդ ամենը շարունակում է իր որդին: Բնական է, որ չի ստացվում ու չի էլ ստացվելու, բայց որպեսզի սեփական ժողովրդին ցույց տա, թե տեսեք, ամեն ինչ արվում է դրա համար, հայերին կորուստ է պատճառվում եւ այլն, նա դիմում է նման քայլերի:

Այս օրերին Բաքվում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախն այդ այցից:

-Սովորաբար հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, երբ լինում են նաեւ նման այցեր՝ Մինսկի խմբի համանախագահների, ԱԳ նախարարների եւ այլն, սա իրենց ոճն է, կրնում եմ՝ անմիաստ որեւէ բան չտվող, նպատակ չունեցող բաներ են արվում: Պարզապես դա իրենց ապրելակերպն է: Կարծում եմ, որ Ս. Լավրովը հիմնական շեշտը պետք է դնի խաղաղ կարգավորման ու անկանխատեսելի քայլերի անթույլատրելիության վրա: Կարծում եմ՝ նա ամեն ինչ կանի՝ Բաքվին հասկացնելու համար, որ ՌԴ-ն նույնպես չի տեսնում ռազմական լուծում, չի տեսնում նաեւ ԱՄՆ-ն մի շարք պատճառներով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս