Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈՒ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության և անվտանգային համակարգի հեռանկարային զարգացման համատեքստում կարևորել է պաշտպանության արդեն երկրորդ ռազմավարական վերանայման գործընթացի անհրաժեշտությունն ու արդիականությունը: Գործընթաց, որի վերջնանպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ երկարաժամկետ և կայուն զարգացումը, ընդլայնել զինված ուժերի մարտական կարողությունները:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ զարգացման պլանի միջոցառումների կատարման ընթացքին, ռազմավարական վերանայման յուրաքանչյուր փուլի հիմնական եզրահանգումներին և խնդրահարույց հարցերին, բանակում ներդրված «Խելացի պաշտպանություն», «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման գործնական արդյունքներին, միջազգային ռազմական համագործակցության հնարավորությունների ընդլայնման, զորային կառույցի կատարելագործման և ընդհանուր առմամբ պաշտպանական համակարգի վերափոխման կարևորագույն ուղղություններին:

Քննարկվել են ՀՀ անվտանգային միջավայրի շուրջ առկա և հավանական սպառնալիքները, դրանց հակազդման մեխանիզմներն ու ռազմավարական բնույթի միջոցառումները: Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, հնչել են մի շարք առաջարկություններ: Արծարծված հարցերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կոլեգիայի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները: Հետագա անելիքների վերաբերյալ նիստի մասնակիցներին առաջադրվել են որոշակի խնդիրներ:
Կոլեգիայի նիստի ավարտին ամփոփվել են նաև 2015թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված աշխատանքները, կարևորագույն միջոցառումները, մատնանշվել են ձեռքբերումներն ու բացթողումները: Առաջիկա հիմնական անելիքների և մասնավորապես` ձմեռային նախապատրաստական միջոցառումների պատշաճ կազմակերպման և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:




Լրահոս