Այսպես շարունակվելու դեպքում օղու արտադրությունը Հայաստանում անիմաստ կդառնա. Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս տարին տնտեսական առումով շատ ծանր տարի է լինելու ՀՀ-ի համար:

-Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության զարգացման ամենակարեւոր նախապայմաններից մեկը արտահանման ծավալների աճն է: Ձեր գնահատմամբ` այս տարի ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում, արդյո՞ք արտահանումը կշարունակի նվազել, ինչը եղավ նախորդ տարի, թե՞ կան նախադրյալներ՝ մտածելու, որ այս տարի արտահանման ծավալները կարող են աճել:

-Եթե նայենք միայն պաշտոնական վիճակագրությունը, ապա 2015թ. հունվար-դեկտեմբերին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 20,6 տոկոսով, արտահանումը՝ 3,9 տոկոսով: Սա շատ մեծ կշիռ է Հայաստանի համար: Արտահանման ծավալների նվազումից բացի՝ շուրջ 26,5 տոկոսով նվազել է ներմուծումը, ինչը շատ վատ ցուցանիշ է տնտեսության համար: Դա նշանակում է, որ Հայաստանում տնտեսությունն այն վիճակում է, որ ուղղակի ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ի հաշիվ տեղական արտադրանքի, որովհետեւ շատ լավ կլիներ, որ տեղական արտադրությունն այնքան բարձր լիներ, որ դրսից չներմուծեինք: Այս նվազումը երկու գործոնով է պայմանավորված. առաջին՝ ՀՀ սպառողը կորցրել է գնողունակությունը, եւ երկրորդ, որն ավելի վտանգավոր է, արտագաղթն է: Ներմուծման ծավալների նվազման վրա այս երկու գործոնն էլ մեծ ազդեցություն են ունեցել: Բայց այստեղ կա նաեւ մի շատ էական խնդիր, տեղական բիզնեսմենները հիմնականում զբաղված են եղել վաճառելով, այսինքն՝ դրսից ապրանքներ են ներմուծել եւ վաճառել՝ սկսած առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներից մինչեւ ամենալայն սպառման ապրանքատեսակները: Մինչ այս պահը կառավարությունները եւ այսօրվա կառավարությունն այնպիսի տնտեսական դաշտ են ստեղծել, որ Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվողներին ձեռնտու է եղել միայն վաճառելը, այլ ոչ թե արտադրությամբ զբաղվելը: Մինչ այս պահը մենք ունեցել ենք սխալ տնտեսական քաղաքականություն, որը գալիս է դեռեւս նախկին կառավարություններից:

-Եւ ի՞նչ է պետք անել այս դեպքում:

-Պետք է ուղղակի գիծ քաշել եւ նոր կոնցեպտուալ փոփոխություն անել եւ ստեղծել այնպիսի տնտեսական դաշտ տնտեսվարողների համար, որ նրանց ավելի շատ ձեռնտու լինի արտադրել եւ արտահանել, այլ ոչ թե ներմուծել: Այդ գլոբալ, առանցքային փոփոխությունը մինչեւ չարվի, ավելորդ կլինի խոսել արտահանման ծավալների մեծացման եւ տնտեսության զարգացման մասին: Եւ այստեղ պետք է նաեւ հաշվի առնել, թե ինչ տեսակի ապրանքներ պետք է մենք կարողանանք արտադրել, իսկ այդ ուսումնասիրությունը պետք է էկոնոմիկայի նախարարությունը վաղուց իրականացրած լիներ: Պետք է այնպիսի ապրանքներ արտադրենք, որոնք կարող են մրցունակ լինել եվրամիության եւ արեւմտյան շուկաներում: Իսկ ինչու հենց այնտեղ, որովհետեւ որեւէ լավատեսական հիմք չկա կարծելու, որ կարող է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ռուսական շուկան բարելավվի, եւ այնպիսի գներ առաջանան այնտեղ, որ հայկական արտադրանքն իրացնելը ձեռնտու լինի: Իսկ տնտեսության՝ հատկապես ՀՀ-ի պես երկրի տնտեսության համար, մեկ կամ երկու տարին ուղղակի կենսական նշանակության խնդիր է եւ ազգային անվտանգության հարց: Եթե չենք կարողանալու զարգացնել տեղական արտադրությունը եւ ՀՀ-ում նոր աշխատատեղեր ստեղծել, ապա չենք կարողանալու աշխատատեղերով ապահովել մեր քաղաքացիներին, ինչն էլ կբերի արտագաղթի աղետալի մակարդակի: Այսինքն՝ ՀՀ տնտեսության ներկայիս վատթար վիճակը ոչ միայն զուտ տնտեսական խնդիր է, այլեւ բառացիորեն ազգային անվտանգության հարց: Եթե լրջորեն չմոտենանք այս հարցին, եւ միայն քննարկումների մակարդակում մնա այս խնդիրը, ապա սա հղի է շատ վատ հետեւանքներով:

-2016 թվականի սկզբից նավթի միջազգային գները հերթական անգամ կտրուկ նվազեցին, ինչի արդյունքում նույնքան կտրուկ սկսեց արժեզրկվել ռուսական ռուբլին, ըստ Ձեզ՝ նման պայմաններում ռուսական շուկան կարո՞ղ է հայաստանցի արտադրողի համար մնալ գրավիչ:

-Որեւիցե մեկի համար գաղտնիք չէր, որ նավթի գների անկում է տեղի ունենալու, ծայրահեղ դեպքում այն գործիքները, որոնք ձեւավորում են նավթի գինը, եւ այդ գործիքների կիրառողները պատեհ եւ անպատեհ առիթներով հայտարարում էին, որ տեղի է ունենալու այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում: Այդտեղ, այո՛, կա նաեւ քաղաքական գործոն, եւ հենց այդ առումով էլ զարմանալի որեւէ բան չկա նավթի գների անկման մեջ: Բայց շատ զարմանալի է, թե ինչպես են կարողանում Ռուսաստանում հաշվի չառնել այդ փաստը եւ իրենց բյուջեում նավթի մեկ բարելի համար 60 դոլարից բարձր արժեք գրել: Հայաստանում, կարծում եմ, բոլորն էլ պատկերացնում էին նավթի գնանկման հետեւանքները եւ այս առումով, բնականաբար, այս տարի էլ ավելի անբարենպաստ է լինելու ռուսական շուկան, քանզի սրանից էլ ավելի վատ չի լինում: Ակնհայտ է, որ հենց այսօր հայկական ապրանքատեսակները ռուսական շուկայում գնային առումով մրցունակ չեն, իսկ թե այսուհետ ռուբլին ինչքանով կնվազի, պակաս էական է, քանզի նվազելու դեպքում մեր ապրանքատեսակների ոչ մրցունակ վիճակն էլ ավելի է խորանալու: Հենց այդ առումով պետք է որեւիցե հույս չկապել ռուսական շուկայի հետ: Ավելին՝ հենց հայկական շուկայում էլ մենք այսօր խնդիրներ ունենք՝ ռուսական շուկայից Հայաստան են մտել այնպիսի ապրանքներ, որոնք մինչ այդ կարող էին արտադրվել Հայաստանում եւ իրացվել այստեղ: Այսպես շարունակվելու դեպքում, օրինակ, օղու արտադրությունն Հայաստանում անիմաստ կդառնա, թեկուզ այսօր էլ գրեթե անիմաստ է, որովհետեւ ռուսական քիչ թե շատ անուն ունեցող օղին ավելի էժան է, նույնը տեղի կունենա գինիների եւ գարեջրի շուկայի հետ, իսկ Հայաստանում կոնյակ խմողների տեսակարար կշիռն ավելի քիչ է, եւ հիմնականում սպառվում է գինի, օղի եւ գարեջուր:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս