Սիթքոմում նկարահանվելն ինձ համար ավանտյուրա էր. Նաիրա Շահիրյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նաիրա Շահիրյանին հանդիսատեսը Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում կարող է տեսնել նոր կերպարում` խենթ ու խելառ տղաների մոր դերում: «Ժողովուրդ»-ը դերասանուհու հետ զրուցել է նրա անցած ուղու, հանդիպած խոչընդոտների, Հայաստանի վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի դուստրը լինելու դժվարությունների մասին: Նա մեզ հետ կիսվել է իր հիշողություններով, պատմել հետաքրքիր դրվագներ այն միջավայրի մարդկանց մասին, որտեղ ինքը կերտվել է:

1279012_10202032550796214_37377482_o

-Տիկի՛ն Շահիրյան, Դուք դերասանական ասպարեզում հայտնվել եք շատ վաղ հասակում` 6 տարեկանում` նկարահանվելով «Քաոս» ֆիլմում, որտեղ կերտել եք Սմբատի աղջկա դերը: Այդ մուտքը Ձեզ համար պետք է որ պարտավորեցնող լիներ, եւ որքանով տեղյակ եմ, նաեւ անսպասելի:

-Այո՛, այդ ֆիլմում նկարահանվելու համար նախ հրավիրել էին մայրիկիս. քանի որ նա ռուսական արտաքին ուներ, մարմնավորելու էր հենց ռուս կնոջ: Նա մասնակցել էր կինոփորձերի եւ կարծես թե հաստատվել էր, որ պետք է կերտեր Սմբատի կնոջ կերպարը: Մի օր ես եւ եղբայրս մայրիկիս հետ գնացինք ստուդիա, եւ երբ տեսան մեզ` կապույտ աչքերով երեխաներիս, միանգամից ընտրեցին Սմբատի եւ ռուս կնոջ երեխաների դերերի համար: Որոշ ժամանակ անց, սակայն, մայրիկիս անհեթեթ պատճառաբանություն ներկայացրին` ասելով, որ նա երիտասարդ արտաքին ունի եւ երեխաների հետ տարիքային առումով ներդաշնակ չի: Ուստի Սմբատի կնոջ դերի համար Մոսկվայից հրավիրվեց դերասանուհի Իրինա Ազերը, եւ երբ նա իջավ ինքնաթիռից, առաջին բանը, որ ասաց, հետեւյալն էր. «Ցույց տվեք ինձ այն դերասանուհուն, այն կնոջը, որը չի «համապատասխանում» իր երեխաներին» (ծիծաղում է): Իսկ ֆիլմում նկարահանվելու ժամանակ հրաշալի մթնոլորտ էր տիրում, եւ այն ջերմությունը, որ ես ստացա այդ ժամանակ, մինչեւ հիմա պահում եմ հոգումս:

-Էվելինա Շահիրյանի դուստրը լինելու հանգամանքը շատ հարցերում օգնած կլինի, բայց արդյո՞ք այն երբեմն էլ չի խոչընդոտել ասպարեզում որպես անհատականություն կերտվելու հարցում:

-Իհարկե, ես հիշում եմ, որ երբ ինստիտուտում քննություններ էի հանձնում, մոտավորապես այսպիսի շշուկներ էի լսում. «Պարզ է, որ եթե Էվելինայի աղջիկն է, պետք է ընդունվի»: Թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը դասի ժամանակ ասում էր. «Մյուսները կարող են չիմանալ, որ «Երկուսը ճոճանակի վրա»-ն, որի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ խաղացել է նաեւ Էվելինիա Շահիրյանը, Գիբսոնն է գրել, բայց դու պարտավոր ես իմանալ: Այսինքն` ինձնից ավելին էին պահանջում եւ սպասում, ուստի ես իրավունք չունեի վրիպելու: Հետագայում էլ դժվար էր, օրինակ, մուտք գործել թատրոն ոչ որպես Էվելինայի դուստր, որին բոլորը շատ ջերմ են վերաբերվում, այլ պարզապես գործընկեր եւ ապացուցել, որ դու կոլեկտիվի լիարժեք անդամ ես: Ի դեպ, մինչ օրս թատրոնում կան դերասաններ, որոնց «дядя» կամ «тетя»-ով եմ դիմում. դա փոքրուց մնացած սովորություն է (ծիծաղում է): Ինձ միշտ թվացել է, որ թատրոնում պատահական հայտնված ցանկացած մեկի համար ավելի հեշտ է բոլոր դժվարությունները հաղթահարելը, քան ինձ համար, քանի որ իմ առջեւ դրվել էր շատ բարձր նշաձող, որը հարկավոր էր պահպանել:

12804581_1007226726025060_872262450_n

-Դուք սովորել եք Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, սա էլ մի ուրիշ «կրակ» էր, այո՞:

-Ընդ որում, մենք Խորեն Բաբկենիչի առաջին կուրսն էինք, եւ, անկեղծ ասած, ինստիտուտում մեզ այնքան էլ չէին սիրում, մարդկանց թվում էր, թե մենք կուրսով մեծամիտ ենք: Այն ժամանակ Խորեն Աբրահամյանը Սունդուկյան թատրոնի գլխավոր ռժիսորն էր, եւ մենք ուսանողական չորս տարիներն անցկացրեցինք հենց այնտեղ: Առհասարակ, մեծ երջանկություն էր Խորեն Բաբկենիչի մոտ ուսանելը, միեւնույն ժամանակ դա նաեւ պարտավորեցնող էր: Նա մի հայացք ուներ, որից կարող էիր ուղղակի սառել եւ չկարողանալ խոսել նույնիսկ այն դեպքում, երբ հստակ գիտեիր նրա հարցի պատասխանը: Նրա հետ կապված մի դրվագ հատկապես տպավորվել է ինձ մոտ: Հիշում եմ` խաղում էինք «Անտիգոնե»-ն, եւ ես մարմնավորում էի Անտիգոնեի քրոջը, որը տվյալ օրով ապրող, թեթեւ աղջիկ էր:

Ես էլ Անտիգոնեի հետ երկխոսությունս անցկացնում էի շատ ուրախ, ժպիտով: Եվ երբ դուրս եկա փորձից, Խորեն Բաբկենիչը հոնքերի տակից նայեց ինձ, ասաց. «Էդ ինչո՞ւ էիր անընդհատ ժպտում, կարո՞ղ է քեզ ասել են, որ դու գեղեցիկ ժպիտ ունես»: Ես էլ ասացի. «Ոչ, ես գիտեմ, որ իմ կերպարն այդպիսին է, այդպես եմ նրան զգում, այդպես է պետք, Բաբկենիչ»: Անկեղծ ասած` ինքս էլ չէի սպասում, որ նման համարձակ պատասխան կտայի: Նա շատ երկար դադար տվեց, ապա ասաց. «Դե, եթե այդպես վստահ ես ասում, ուրեմն այդպես էր պետք» (ծիծաղում է):

-Դուք տասը տարի ազգային հեռուստատեսությամբ վարել եք «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ մեր եթերում այսօր մանկական հաղորդումները այսքան քչացել են, դրանք մատների վրա կարելի է հաշվել:

-Դա իմ ցավոտ կողմերից մեկն է, մենք դրանից հետո ունեցանք «Հայրենիք» հեռուստաընկերությունը, որտեղ եւս աշխատել եմ, եւ որը հետագայում, ցավոք, փակվեց: Այնինչ՝ ես այն կարծիքին եմ, որ մենք Հայաստանում պետք է պարտադիր ունենանք մանկական ալիք: Իմ թոռնիկն այսօր դիտում է մուլտեր, որոնք ինձ բոլորովին դուր չեն գալիս, դրանցում կարող ենք տեսնել անհասկանալի, քառակուսի կերպարներ, այնինչ՝ մենք կարող էինք ունենալ մեր ծրագրերը:

10151544_1007226739358392_1962440691_n

-Նկարահանվել եք գեղարվեստական ֆիլմերում` «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլն, վերջին շրջանում էլ հանդես էիք գալիս «Տնփեսա» սիթքոմում (հումորային սերիալ): Հրավերներն ընդունում եք, որովհետեւ դրանք Ձեր սրտո՞վ են, թե՞ պարզապես այդ կերպ փորձում եք ասպարեզում մնալ:

-Ես ինձ լիարժեք զգում եմ նախեւառաջ բեմում, բայց եթե լինում է ֆիլմում նկարահանվելու հնարավորություն, ինչո՞ւ ոչ, ընդունում եմ: Պարզապես կցանկանայի, որ լավ ֆիլմեր շատ նկարահանվեին. դրանք կարող են մնալ պատմության մեջ, եւ դերասանուհու համար նման «ժառանգություն» թողնելը շատ կարեւոր է: Իսկ սիթքոմում նկարահանվելն ինձ համար ավանտյուրա էր: Ես երբեք նման նախագծում հանդես չէի եկել եւ վախ ունեի, որ հանկարծ այն, ինչ ներկայացնում էի, չլիներ գրոտեսկ, եւ դրա նպատակը չլիներ միայն ծիծաղեցնելը: Այնուամենայնիվ, իմ կերպարը կարծես թե հիշվեց: Հիմա ես նոր դեր ունեմ թատրոնում, Ժան Նշանյանն է բեմադրում` Նիլ Սայմոնի «Խենթ ու խելառ տղաներ»-ը: Ես այնտեղ մարմնավորում եմ երկու տղաների մորը: Իրավիճակային այդ կոմեդիայում ես ինձ զգում եմ շատ վստահ, որովհետեւ իրականում էլ երկու տղաների մայր եմ եւ հրաշալի ծանոթ եմ այն խնդիրներին, որոնք ներկայացվում են բեմից: Ի դեպ, ես թատրոնում մի քանի տարի է` նոր դեր չէի խաղացել եւ այժմ ունեցածս առիթի համար բավական ուրախ եմ:

12833478_1007226729358393_1561466370_n

Աննա Բաբաջանյան




Լրահոս