Առեղծվածային դեպքեր Տավուշում. անհետ կորած կնոջը գտնելու համար անգամ թռչող սարքեր են գործի դրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա անհետացել է Վարդավառին: Խ. Կարապետյանը գյուղում բնակվում էր իր կնոջ եւ որդու հետ: Համագյուղացիների վկայությամբ՝ նա, կապված տարիքի հետ, տարօրինակություններ ունի: Հնարավոր է, որ Խ. Կարապետյանը մոլորվելով՝ հայտնվել է Ադրբեջանի տարածքում:

Նշենք, որ Ադրբեջանի հետ սահմանը Չինչինից 7 կմ հեռավորությամբ է գտնվում: Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ասաց, որ տղամարդու մասին որեւէ լուր չկա, նրա անհետ կորչելու կապակցությամբ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, բացի այդ՝ Բերդի տարածաշրջանի, Տավուշի մարզի այլ տարածաշրջանների մարդաշատ վայրերում, ավտոգազալցավորման ճնշման կետերում Խ. Կարապետյանի լուսանկարը փակցվել է: Սակայն այս ամենն առայժմ ապարդյուն է:

Համայնքապետի փոխանցմամբ` սահմանն անցնելու տարբերակն այս պահին արդեն բացառում են, քանի որ դեպքից մոտ մեկ ամիս է անցել, և Ադրբեջանի տարածքում հայտնվելու դեպքում իրենք արդեն կիմանային:

Օգոստոսի 8-ի երեկոյան էլ Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղում բնակվում էր իր որդու ընտանիքի հետ: Ս. Զաքարյանը գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող Տլուտ սարամասում պահում էր ընտանիքի անասունները: Այս սարամասը հարակից է Ճամբարակի եւ Բերդի տարածաշրջանների սարերին, այն մոտ 10 կմ է հեռու Ադրբեջանի հետ պետական սահմանից:

Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնեց, որ օգոստոսի 14-ին ինքը 15 համագյուղացիների հետ որոնումներ է կատարել, այնտեղ եւս 15 հոգի էլ մասնակցում են կնոջ որոնումներին: Որսորդները ստուգել են անգամ արջերի բները, սակայն ոչ մի հետք չկա: Գյուղապետ Շ. Շահինյանն ասաց, որ ծեր կնոջ որոնումները շարունակվելու են:

Թռչող սարք ևս գործի են դրել, նկարահանումներ իրականացրել, սակայն ապարդյուն: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ կնոջ անհետանալն առեղծված է դարձել:




Լրահոս