ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գլխավոր դատախազության մոտ քաղբանտարկյալների ու հալածյալների կոմիտեն կազմակերպել էր ամենուրբաթյա 140-րդ պիկետը: Այս պիկետներն արդեն երեք տարվա պատմություն ունեն:Ինչպես միշտ, երեկ եկել էին Հայաստանի երկու նախկին արտգործնախարարները` Ալեքսանդր Արզումանյանն ու  Վահան Փափազյանը, ինչպես նաեւ Գրիգոր Ոսկերչյանը, Կարապետ Ռուբինյանը, Վահագն Հայոցյանը եւ ուրիշներ: Ակցիայի շրջանակում քաղբանտարկյալները, նրանց կանայք եւ ՀԱԿ ակտիվիստները «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսներով ցուցապաստառներով մոտ մեկ ժամի չափ կանգնեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց: Լռությունը պարբերաբար ընդմիջվում էր ՀԱԿ-ի հայտնի վանկարկումներով` «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»: Պիկետն, ինչպես միշտ,  եզրափակվեց դատախազության ընդհանուր բաժին ուղղված նույնաբովանդակ` քաղբանտարկյալներին ազատ արձակելու գրավոր պահանջով: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կին Մելիսա Բրաունը արձանագրեց. «Մենք նոր հաշվում էինք` արդեն երեք տարի է: Դժվար է ասել` ինչ արձագանք են ունենում մեր ակցիաները: Մեկ շաբաթ առաջ, երբ ինձ հարցրին, ասացի` սկզբում 140 քաղբանտարկյալ ունեինք, հիմա 9:  Բայց փաստորեն  արդեն տասը»: Մելիսա Բրաունը  նկատի ունի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին: «Երեկ էլ տաս էրեխու ծեծելով տարան, ինչն  ապացուցում է, որ այս պայքարը կարեւոր է, պիտի շարունակենք, թե չէ կարող է ավելի վատ լինել»,-ասում է քաղբանտարկյալի կինը:  Քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի կարծիքով դատախազության արձագանքը, ավելի շուտ` «չարձագանքը», որեւէ նշանակություն չունի, կարեւոր չէ. «Սա շարունակվում է ավելի շատ մեզ համար, մենք ասում ենք` մենք այդպիսին ենք  եւ մենք չենք հուսահատվում, մենք չենք հիասթափվում: Մենք նույն կարծիքին ենք եւ անընդհատ հիշեցնելու ենք այդ մասին»: Իսկ ակցիան կշարունակվի այնքան, մինչեւ որ  բանտում եղած վերջին  ընդդիմադիր քաղաքական գործիչն ազատ կարձակվի: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս