Մենք կլինենք իսկական, իրական ընդդիմություն. Ազատ Արշակյանը միացել է Ամարասի Արթուրի նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը),  մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների հետ, մտադիր է նոր ուժ ստեղծելու։

Շարժումը կկրի «Միացյալ Արմենիա» անվանումը, այն առաջիկայում գրանցվելու է՝ որպես հասարակական կազմակերպություն:Այս շարժման մեջ լինելու են նաև մի շարք հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ:

Նախաձեռնության անելիքների շուրջ ArmLur.am-ը զրուցեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ:

-Պարո՛ն Արշակյան, արդեն միացե՞լ եք նախաձեռնությանը և ինչպե՞ս եք տեսնում հետագա պայքարը:

-Ես Արթուր Ալեքսանյանի կողմից ստեղծված նախաձեռնության խմբից եմ և արդեն միացել եմ նախաձեռնությանը: Ես համագործակցում եմ, և միասին կգնանք առաջ, եթե անհրաժեշտություն լինի համապատասխան միջավայր ձևավորվի, կարող ենք նախաձեռնությունը  քաղաքականացնել և պայքարել ԱԺ-ում պատգամավոր ունենալու համար: Բայց դա դեռևս հեռանկարային է և օրակարգում չէ:

-Արդեն որոշվե՞լ է ընդդիմադիր թևից եք հանդես գալու, թե՞ իշխանական:

-Բոլոր նրանք, ովքեր դեմ կլինեն մեր ծրագրին`լինելու են ընդդիմադիր: Մենք կլինենք իսկական, իրական ընդդիմություն:

Համահայկական ծրագիր է դա և այստեղ տեղին չէ ընդդիմադիր, իշխանական, իշխանամետ… Դրանք հանում ենք, որովհետև մենք կոնկրետ ծրագիր ունենք:

-Կմանրամասնե՞ք, թե կոնկրետ ի՞նչ ծրագրի մասին է խոսքը:

-Ծրագիրը ենթադրում է Արցախ-Սփյուռք-Հայաստան համերաշխությունն և ՀՀ ԱԺ երկրորդ պալատի ստեղծումը, որը կնպաստի Արցախի և Սփյուռքի քաղաքական և հասարակական ակտիվիստների կողմից համահայկական խնդիրների լուծմանը:

-Ներկա քաղաքական ուժերից որևէ մեկի հետ համագործակցել պատրաստվո՞ւմ եք:

-Դեռևս ոչ, որովհետև մենք հայտարարել ենք, որ քաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն մեզ միանալու համար, մենք կքննարկենք և կորոշենք՝ համագործակցում ենք, թե՝ ոչ:

-Առաջա՞րկ որևէ քաղաքական ուժից արդեն եղել է:

-Դեռևս ոչ, դեռևս մեր օրակարգում դա չկա, մենք ձևավորում ենք մեր հռչակագիրը և բանակցությունների մեջ ենք համայքների հետ:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս