Թուրքիայից փորձել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ներկրել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան:

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թ. դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ եւ «Ստամբուլ-Երեւան» չվերթով տեղափոխել Հայաստան: 2017թ. հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը եւ ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելը):

Ա. Հ.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ:




Լրահոս