Հիմա Հայաստանը մտնում է վատթարից աներևակայելիորեն վատ փոփոխությունների մի փուլ. Հայկ Մարտիոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի նախընտրական ցուցակներն արդեն ամբողջությամբ հրապարակված են: Ո՞ր կուսակցությանն է հաջողվել ներկայացնել ամենամրցունակ ցուցակը և ինչ փոփոխություններ են ակնկալվում: Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո′ն Մարտիրոսյան, Օրենքով սահմանված վերջնաժամկետում, ի վերջո, Աժ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ներկայացրին իրենց նախընտրական ցուցակները: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ամենամրցունակ ցուցակը:

-Նայած թե ինչ ենք հասկանում մրցունակ ասելով: Եթե այն՝ թե որ ցուցակն է անխուսափելիորեն հաղթելու՝ ապա պատասխանն ակնհայտ է՝ ՀՀԿ-ի: Եթե այն թե որն է, որակապես լավագույնը, ապա դա հաստատ նույն ցուցակը չէ: Ես ընդհանրապես չգիտեմ անգամ թե կա՞ արդյոք որևէ ցուցակ, որ կարելի է լավագույն կամ մրցունակ կոչել: Այս ընտրություններն արդեն չսկսված, ի սկզբանե այնքան ապականված են և պիղծ, որ լավագույն-վատագույն-մրցունակ-անմրցունակ՝ դրանք բոլորն էլ կեղծ բնորոշիչներ են թվում: Միայն մի բան կարող եմ ասել: Սա այն ընտրություններն են, որոնք ամենակեղծվածն են Հայաստանի պատմության մեջ, որովհետև կեղծիքը տեղի է ունեցել դրանց սկսվելուց արդեն շատ առաջ:

-Բոլորը կրկին փոփոխությունների մասին են խոսում: Ակնկալե՞նք որեւէ փոփոխություն:

-Այո, իհարկե: Հայաստանը վերածվում է «պարտիական» կուսակցապետական պետականատիպ մի միավորի: Եթե նախկինում գոնե օրենսդրական մակարդակով արտաքնապես միայն նորմալ պետական համակարգ կար, ապա հիմա՝ արտաքինն էլ է փոխվում և երկիրը մտնում է միայն կարեկցանքի արժանի կառավարման մոդելի մի փուլ:

-Իսկ եթե համեմատենք ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակնե՞րը:

-Ի՞նչն ենք համեմատելու: Մարդկանց անունները՞: Այս ընտրություններում ինձ համար անգամ վերլուծություններ անելն է անհետաքրքիր:

-Արդյո՞ք այս ցուցակների «նոր սերունդ»-ն ունի այնքան ներուժ, որ փոփոխություններ իրականացնի:

-Այո: Վատ փոփոխություններ կատարելու ներուժ մարդիկ միշտ էլ գտնում են: Դեպի լավ ճամփան է ամենադժվարը: Հիմա Հայաստանը մտնում է վատթարից աներևակայելիորեն վատ փոփոխությունների մի փուլ: Որքան դա կտևի և որքան ավերներ հաղթանակող ցուցակների «նոր սերունդները» կկատարեն՝ միայն Աստծուն է հայտնի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս