Արցախում ընտրվելու շանսեր ունի Արայիկ Հարությունյանը. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Ապրիլի 5֊ին կայանալիք հանրաքվեի մասին ի՞նչ կարծիք ունեք: Արդյոք դա՞ էր Հրայր Թովմասյանից ազատվելու միակ ելքը։

-Հրայր Թովմասյանից՝ գուցե այո, բայց Հրայր Թովմասյանի մասնակցությամբ գրված և ըստ էության՝ բռնատիրական և ապօրինի սահմանադրությունից՝ ոչ: Փոխում են մարդուն ոչ թե նրա ստեղծագործությունն ու ժառանգությունը, մինչդեռ հենց դրանք են, որ հարատև են և առավել վտանագավոր: Այս հեղափոխությունն ամեն ինչում մարդկանց միայն փոխեց, այն էլ՝ մասնակի: Եվ դա է ցուցիչը նրա, որ սա, ցավոք, հեղափոխություն չէր, այլ մասնակի անձափոխություն:

Ինչպե՞ս եք գնահատում իշխող ուժի շանսերը: Արդյոք 650 հազար ձայն կհավաքե՞ն։

-Չգիտեմ: Հնարավոր է: Ես մեր հասարակությանն այլևս չեմ հասկանում, այդ պատճառով՝ տրամաբանական կռահումներ անելն այլևս դարձել է գրեթե անհնար:

-«Ոչ»֊ի կողմնակիցները պասիվ գործողություններով են հանդես գալիս, կարելի է ասել, որպես այդպիսի,  «Այո»-ին մրցակից չեն։ Ձեր կարծիքվ ինչու՞ ստեղծվեց «Ոչ» քարոզչական կողմը։

Որովհետև նախկինների համար դա մեկ այլ լավ հնարավորություն է՝ պայքարելու ներկաների դեմ: Իրականում երկու ճամբարներն էլ պաշտում են այս սահմանադրությունը: Իրական ընդդիմությունն էլ, որը հասկանում է, որ այս հանրաքվեի խորքային հետևանքը լինելու է այն, որ նախկինների մնացուկներից ազատվելու ենք, բայց նրանց քաղաքական ժառանգությունը՝ ապօրինի սահմանդրությունն, ավելի է ամպրանդվելու, չեն կարող տեղավորվել «Ոչ»-ի ճամբարում, որովհետև դա կդիտվի որպես իրենց թշնամիներին միացում, իսկ «Այո»-ի ճամբարն էլ, ընդամենը, ըստ էության զբաղված է նախկինների համակարգն ավելի ամրապնդելով: Եվ այդպես իսկական և առողջ քաղաքական ուժերն ու անձինք ստիպված անցել են «Ոչինչ»-ի ճամբար:

-Պարո՛ն Մարտիրոսյան, այս ժամանակահատվածում Արցախում ակտիվ շրջան է, առաջիկայում ընտրություններ են։ Ձեր կարծիքով Հայաստանն ի՞նչ դիրքերում է այնտեղ։

Արցախը՝ Հայաստան է: Այս ընտրություններն իրենց գոյությամբ արդեն վատ են Հայաստանի և հայկական խնդիրների համար: Բայց կա այն, ինչ կա: Ընտրվելու շանսեր ունի նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչը՝ Արայիկ Հարությունյանը: Բայց դա Երևանում է «նախկին» ռեժիմ անվանվում: Արցախում այդ ռեժիմը նախկին է, ներկա և հիմա դառնում է նաև ապագա: Եվ այդ ամենն այն պատճառով, որ Հայաստանի հեղափոխական առաջնորդն իր հաղթանակից հետո Արցախում տապալեց Ստեփանակերտում սկսվող հեղափոխությունը:

Ինչպիսի՞ գնահատական կտաք Հայաստան֊Արցախ հարաբերություններին այսօր։

Այդպիսի հարաբերություններ չկան: Չկան, ինչպես չեն կարող լինել հարաբերություններ Հայաստանի և Շիրակի կամ Արագածոտնի միջև: Մայրաքաղաքի և Ստեփանակերտի իշխանավորների միջև հարաբերությունները կարծես թե լարված էին: Բայց Արայիկ Հարությունյանը հավատարմության երդումներ է հավանաբար տվել Փաշինյանին և Բակո Սահակյանի հեռանալուց հետո՝ անձերի միջև լարումն էլ այլևս թերևս չլինի: Բայց դա չի նշանակում, որ Արցախում կդադարեն աշխատել Երևանում նախկինների ռևանշի օգտին:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս