ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Թաիրով գյուղում

Երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Թաիրով գյուղում: Մեծ թվով գյուղացիներ փակել էին ճանապարհն ու պահանջում, որ համապատասխան մարմինները նշված հատվածում բացեն ճանապարհի շրջադարձ, որպեսզի թե՛ Թաիրովի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ շրջադարձ կատարել:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ավանդների երաշխավորման հիմնադրամը: Կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում այն:

Ռուզաննա Միրզոյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է՝ ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է:
Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար՝ 5 մլն դրամ:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ 10 մլն հայկական դրամով:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հիմնադրամը երաշխավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում եւ անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ գիտական աստիճան: Մեկ տարի հետո լրանում է իմ կենսաթոշակի անցնելու տարիքը: Ուզում եմ իմանալ` ես, որպես գիտական աստիճան ունեցող անձ, հավելավճար ստանալու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ:

Լարիսա Պետրոսյան (62 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է կենսաթոշակային տարիքի այն անձանց, ովքեր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական կամ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային եւ պայմանագրային (թեմատիկ) ծրագրերում եւ թեմաներում, եթե նրանց աշխատանքի վարձատրության չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գիտական աստիճանի (գիտությունների դոկտորի կամ թեկնածուի) համար հավելավճարներ տրվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին միայն մեկ ծրագրից՝ դրանից օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու դեպքում:




Լրահոս