Դեսպանատները «դեղին քարտ» ցույց տվեցին Սերժ Սարգսյանին. աննախադեպ հայտարարության նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները համապետական ընտրություններից առաջ երբեք նման ծանր վիճակում չեն եղել, ինչպես այսօր: Միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ՝ միաժամանակ հիշեցնելով, որ իրենք այս ընթացքում ֆինանսական լուրջ օգնություն են ցուցաբերել՝ ընտրական գործընթացները պատշաճ կազմակերպելու համար:

Երեկ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ-ում ԵՄ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները՝ նշելով. «Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին:

Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը խիստ սեղմ ժամկետներում:

Մենք խորապես հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը եւ կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու է փակ, եւ որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն: Մենք ողջունում ու պաշտպանում ենք վստահելի տեղական ու միջազգային դիտորդական նախաձեռնությունները, որոնց միջոցով Հայաստանի գրեթե բոլոր՝ 2009 տեղամասերում կապահովվի դիտորդական ներկայություն՝ նպատակ ունենալով ապահովել ընտրությունների անցկացման վերաբերյալ հավասարակշռված եւ օբյեկտիվ վերլուծություններ»:

Այսքանից հետո օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն անդրադարձել են տեղամասերից դուրս կիրառվող ընտրակեղծարարության մեթոդներին՝ ընտրակաշառքին, ընտրողներին ահաբեկելու փորձերին, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերին՝ իրենց մտահոգությունը հայտնելով այդ ամենի կապակցությամբ. «Հարկ է նշել, որ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականը չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ: Մենք տեղյակ ենք, եւ մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները:

Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն եւ կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները: Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն եւ առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան»,- ասված է դեսպանատների հայտարարության մեջ:

Օտարերկրյա դիվանագիտական կառույցների այս քայլը կարելի է համարել աննախադեպ. առաջին անգամն է, որ համապետական ընտրություններից առաջ դեսպանատները միասնական հայտարարություն են անում: Իսկ սրանով օտարերկրացի դիվանագետները ՀՀ իշխանություններին հստակ հասկացնում են՝ իրենք ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար մեծ գումարներ են ներդրել (մոտ 10-12 մլն եվրո) եւ սպասում են արդյունքի: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները պարտավոր են բացառել ընտրակաշառքը, բացառել ընտրողների ահաբեկումն ու վարչական ռեսուրսների հետագա կիրառումը. երեւույթներ, որոնք արդեն իսկ արձանագրվել են նախընտրական շրջանում: Այլ կերպ ասած՝ դեսպանատները «դեղին քարտ» են ցույց տվել Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով արդեն իսկ կատարված ապօրինությունների կապակցությամբ եւ զգուշացնելով «կարմիր քարտի» հավանականության մասին:

Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը երեկ ԵԺԿ համագումարի իր ելույթում ՀՀ-ում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հերթական խոստումն է տվել՝ ասելով. «Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: …Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման եւ ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք եւ անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ»:

Բայց, դե, մինչեւ հիմա տեղի ունեցած փաստերը վկայում են հակառակի մասին: Ու կախված ընտրությունների ընթացքից, արդեն պարզ կդառնա՝ արդյո՞ք դեղին քարտը կփոխարինվի կարմիր քարտով, թե՞ ոչ: Ամեն դեպքում, գնդակը գտնվում է իշխանությունների դաշտում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս