ՀՀ գլխավոր դատախազը խոստացել էր բացահայտել մարտի 1-ը. ի՞նչ է արել մինչ օրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին ՀՀ ազգային ժողովում այնժամ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը կլինի իր ծրագրային առաջնահերթություններից մեկը:

Այդ օրվանից անցել է գրեթե յոթ ամիս, «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից փորձեց տեղեկանալ, թե ի՞նչ է արվել մինչ օրս մարտի 1-ի 10 զոհերի եւ, ընդհանրապես, օրվա արյունալի բախումների բացահայտման ուղղությամբ, հայտնի՞ է արդյոք՝ ովքե՞ր էին պատվիրատուներն ու իրականացնողները:

Ի պատասխան գլխավոր դատախազին ուղղված մեր հարցմանը՝ դատախազությունից տեղեկացրին, որ այդ դեպքերի առիթով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. «Նախաքննության արդյունավետության նկատառումներից ելնելով՝ 10 անձի մահվան եւ 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու փաստերով առանձին վարույթներ են առանձնացվել, որոնցով կատարվում է նախաքննություն: Մասնավորապես նշված քրեական գործերով հարցաքննվել են շուրջ 4000 անձինք, տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից եւ զինծառայող, 58 քաղաքացիական անձ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր, դատակենսաբանական, համակարգչատեխնիկական եւ այլ 800-ից ավելի փորձաքննություններ, կատարվել են դեպքի վայրի զննություններ, մեղավոր անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու նպատակով տրվել են բազմաթիվ հանձնարարություններ ու ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»:

Տեղեկացված են արդյո՞ք այդ մասին դեպքերի արդյունքում զոհվածների ծնողները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, տեղեկացրեց, որ այդ մասին առաջին անգամ մեզանից են լսում. «Նորություն չունենք, ոչնչից մենք տեղյակ չենք»,- ասաց Քլոյանը: Իսկ դատախազության տրամադրած այն տեղեկատվությունը, որ հարցաքննվել են 4000 անձինք, տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից եւ զինծառայող, Քլոյանը որակեց անհեթեթություն. «Այդպիսի բան հնարվոր չէ: Չի կարող պատահել, որ այդքան տուժողներ լինեն, որովհետեւ ընդդիմության ձեռքը զենք չի եղել»,- մանրամասնեց Քլոյանը:

Ի դեպ, մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ դատախազությունից նաեւ հայտնել են. «Գործի համար նշանակություն ունեցող մի շարք հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձաքնություններ են նշանակվել նաեւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության. հատուկ տեխնիկա եւ կապ» գիտաարտադրական միավորումում եւ «Փորձաքրեագիտական կենտրոնում»: Նկատենք, որ Քլոյանը տեղեկություն չունի այս մասին:

Նո՞ր փորձաքննությունների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նաեւ Քլոյանների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից: Վերջինս տեղեկացրեց. «Ես չեմ հիշում նման բան, որ արած լինեն, այդ հարցերը, որ պետք է տրվեն փորձագետների, մեզանից պետք է հարցնեն՝ հարցերը լավ են, լավ չեն, ինչ փորձաքննություն է: Մեր վստահորդների հետ կապված նման հարցադրումներ չենք ստացել»,-ասաց Զեյնալյանը:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ գլխավոր դատախազը, ըստ էության, որեւէ կոնկրետ քայլ չի իրականացրել՝ բոլորին հուզող հարցերի պատասխանը տալու համար. ովքե՞ր էին պատվիրատուներն ու իրականացնողները: Այդ քրեական գործի վրա պարզապես վաղուց փոշի է նստել, եւ այն խունանում է՝ մոռացության մատնվելով բարձրագոչ հայտարարությունների քողի ներքո:

Հավելենք, որ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների բացահայտումը խոստացել են մի քանի քաղաքական ուժեր՝ «Կոնգրես-ՀԺԿ», «Ելք» դաշինքները եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: «Ժողովուրդ»-ը Սարգիս Քլոյանից փորձեց պարզել նաեւ՝ հավատո՞ւմ է քաղաքական այս ուժերի խոստմանը. «Երեւակայի, հավատում եմ»,-եզրափակեց Քլոյանը:

Վահագն Հակոբյան




Լրահոս