ԵՍ ՄԻՇՏ ԷԼ ՇՓՎՈՒՄ ԵՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, 2-րդ համարի ներքո հանդես եկող, ԱԺ պատգամավորության անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը:

-Պարո՛ն Կարապողոսյան, քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել: Ամփոփելով տեղի ունեցածը՝ ի՞նչ գնահատական կտաք նախընտրական քարոզարշավի ընթացքին:
-Այս նախընտրական քարոզարշավը, կարելի է ասել, բավականին հագեցած եւ բուռն էր: Կար մեծ հետաքրքրվածություն եւ ակտիվություն թե՛ թեկնածուների, կուսակցությունների եւ թե՛ ընտրողների շրջանում: Կարծում եմ՝ սա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական ձեւին եւ, ըստ էության, Ազգային ժողովի ընտրություններն այն կարեւորագույն գործընթացներից մեկն է, որի արդյունքները պետք է ուղենշեն պետության կենսագործունեության հաջորդ մի քանի տարին:
-Տարածված մի կարծիք կա, ըստ որի՝ քարոզարշավն այն միակ շրջանն է, երբ թեկնածուները շփվում են իրենց ընտրողների հետ, հիշում են նրանց մասին եւ հետաքրքրվում վերջիններիս խնդիրներով, ինչը չի կարելի ասել պատգամավորի մանդատը ստանալուց հետո:
-Նման տեսակետը, իհարկե, գոյության իրավունք ունի, սակայն պետք չէ այն ընդհանրացնել եւ տարածել բոլորի վրա: Եթե նույնիսկ պրակտիկայում նման դեպքեր լինում են, ապա դա միանշանակ խոսում է պատասխանատվությունից խուսափելու մասին, քանի որ, ըստ իս, պատգամավորի մանդատը ոչ թե պաշտոն է կամ անսահամանափակ անձեռնմխելիություն, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն այն մարդկանց առաջ, ում խոստումներ են տրվում եւ վստահություն ստանում: Ես ինքս իմ կենսակերպի բերումով հաճախ եմ շփվում տարբեր մարդկանց հետ ու շատ լավ տեղյակ եմ իմ համայնքի, իմ քաղաքի ու իմ երկրի բնակչի խնդիրներից: Քարոզարշավը չէ, որ պետք է ինձ հնարավորություն տա շփվելու ընտրողի կամ շարքային քաղաքացու հետ: Այս սկզբունքը միանշանակ պահպանվելու է նաեւ օրենսդիր մարմնում գործունեություն ծավալելիս:
-Այս ընտրություններն աչքի ընկան նաեւ, այսպես ասած, ուժերի վերադասավորմամբ: Որոշ կուսակցություններ միավորվեցին եւ որոշեցին որպես դաշինք մասնակցել ընտրություններին, որոշ գործիչներ եւ թեկնածուներ փոխեցին իրենց կուսակցական ճամբարը հենց ընտրություններից առաջ: Ձեր դեպքում եւս հնարավոր չեղավ խուսափել նման փոփոխություններից հենց ընտրությունների նախաշեմին: Կարծո՞ւմ եք ՀՀԿ-ի ցուցակով հանդես գալը կօգնի ավելի շատ ձայներ հավաքել:
-Նախ ասեմ, որ կուսակցությունից դուրս գալը եւ անկուսակցական դառնալը հատուկ միտումով չի համընկել ընտրությունների հետ: Այդ պահին ես որոշում ընդունեցի դուրս գալ կուսակցությունից, քանի որ իմ՝ այնտեղ գտնվելը համարեցի ոչ նպատակահարմար տեղի ունեցող գործընթացների եւ փոփոխությունների ընթացքում: Ինչ վերաբերում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն, ապա դա եղել է առաջարկ, որը քննարկվել է, եւ ես որոշել եմ համագործակցել կուսակցության հետ, իսկ շատ ձայներ հավաքելուն կարող է օգնել միայն ընտրողը՝ իր քվեով: Դեռեւս 1995թ. ես մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին եւ հսկայական քանակությամբ ձայներ հավաքել՝ լինելով մեծամասնական թեկնածու եւ ոչ թե որեւէ կուսակցության ներկայացուցիչ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է, ԻՍԿ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻՆԸ՝ ԱՃԵԼ

Հայաստանում մշտական բնակչության եւ ծնելիության նվազման միտումները շարունակվել են նաեւ նախորդ տարվա ընթացքում: Շարունակվել է նաեւ մահացության ցուցանիշի աճը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ, որից քաղաքային բնակչությունը՝ 1 մլն 901 հազար 700 մարդ, գյուղականը՝ 1 մլն 84 հազար 800: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը այս տարեսկզբին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.4 տոկոսով կամ 12 հազար 100 մարդով: Ի դեպ, մշտական բնակչության թվաքանակի նվազում արձանագրվել է ՀՀ բոլոր քաղաքներում եւ գյուղերում: Իսկ ահա մայրաքաղաք Երեւանում հակառակ պատկերն է. Երեւանում բնակչության թվաքանակը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 73 հազար 700, մինչդեռ այս տարվա նույն ժամանակաշրջանում այդ թիվը դարձել է 1 մլն 75 հազար 900:
Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, ինչի արդյունքում մարզերի բնակիչները տեղափոխվում են մայրաքաղաք Երեւան, որտեղ էլ բնակություն են հաստատում: Իսկ ահա Երեւանի բեռնաթափման ծրագիրն այդպես էլ գործադիրի կողմից իրականություն չի դառնում: Մինչդեռ կառավարությունը պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ պետք է իրականացներ հանրապետության մյուս տարածքներում՝ բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում: Ավելին՝ պետական աջակցության տարբեր ձեւերի կիրառմամբ՝ կառավարությունը պետք է նպաստեր համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը, իսկ սահմանամերձ եւ սոցիալապես խոցելի համայնքների համար պետք է իրականացնի հատուկ օժանդակության ծրագրեր:
Բացի այն, որ մշտական բնակչության թվաքանակը նվազել է, «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ ծնվածների թիվը նույնպես պակասել է: Ըստ այդմ, անցած տարվա հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 40 հազար 638 ծնված, որը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.7 տոկոսով: Նշենք, որ 2014 թվականից սկսած ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2014 թվականին ծնվածների թիվը կազմել է 43 հազար 31, 2015-ին՝ 41 հազար 763, իսկ ահա 2016 թվականին՝ 40 հազար 638:
Սրան հակառակ՝ մահացածների թիվը աճել է: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 28 հազար 129 դեպք: Ստացվում է, որ 2015 թվականի համեմատ՝ մահվան դեպքերը աճել են 0.9 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի՝ մայրաքաղաք Երեւանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին ծնվել է 15 հազար 440 մարդ, մահացել՝ 9270, Արարատի մարզում ծնվել է 3693, մահացել՝ 2383 մարդ, Լոռիում ծնվել է 3002, մահացել 2858 մարդ:
Ինչ վերաբերում է մահերի պատճառներին, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն՝ դրանց գերակշռող մասը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Օրինակ՝ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 13 հազար 306 մարդ: Նկատենք, որ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերը 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, ավելացել են:
Մահացության պատճառների ցանկի երկրորդ տեղում են չարորակ նորագոյացությունները, որից մահացել է 5778 մարդ: Այս կատեգորիային հաջորդում են շնչառական օրգանների հիվանդությունները, որից մահացել է 2165 մարդ: Իսկ ահա դժբախտ պատահարներից, թունավորումներից, վնասվածքներից վերոնշյալ ժամանակահատվածում մահացել է 1371 մարդ: Ուշագրավ է, որ մահացածների մեջ գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ ՕՐԵՆՔԸ
Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում չկա մի փողոց, որտեղ տասնյակներով պաստառներ փակցված չլինեն: Չնայած դեռ շաբաթներ առաջ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից հաղորդագրություն տարածվեց, որում քաղաքապետը կոչ արեց երկօրյա ժամկետում հեռացնել չնախատեսված վայրերում փակցված պաստառները, այդուհանդերձ՝ որեւէ կուսակցություն ու պատգամավորի թեկնածու չկատարեց օրենքի պահանջը:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները որոշ վայրերում փորձեցին իրականացնել պաստառների հեռացման աշխատանքներ, սակայն քաղաքը մնաց այնպիսին, ինչպիսին որ կա՝ պաստառախեղդ վիճակում: Հատկանշական է, որ պաստառները փակցված են նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ օրենքը կտրականապես արգելում է, այդ թվում եւ կրթական ու պետական հաստատությունների վրա: Վանաձորի պետական համալսարան, «Հայ փոստի» շենք, խանութներ, շենքերի ու համատիրությունների պատեր ու շքամուտքեր…
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը, խոսելով քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրներից, նշեց, որ ընդհանուր առմամբ արձանագրվել է երեք խախտում, որից երկուսը՝ պաստառները պոկելու հետ կապված: Այս դեպքերից մեկով հայտնաբերվել էին անչափահասներ, որոնց արարքի կապակցությամբ հարուցված վարչական վարույթը կարճվել է, իսկ մյուս դեպքով՝ հայտնաբերվածներ չկան.«Վարչական վարույթը կարճվել է, քանի որ նախ անչափահասներ էին պոկողները, եւ երկրորդ՝ պաստառները փակցված էին չսահմանված վայրերում: Նախորդին էլ չենք կարողացել հայտնաբերել»,-ասաց Պապանյանը:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ամենամեծ խախտումը մինչ օրս մնում է քաղաքի չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառների մաքրումը, որը քաղաքապետարանի լիազորությունն է. «Մենք բազմիցս դիմել ենք Վանաձորի քաղաքապետին, բայց որեւէ փոփոխություն չկա»,-ասաց Տիգրան Պապանյանը:
Հատկանշական է, որ օրենքը խախտվում է գրեթե բոլոր կուսակցությունների կողմից: Վանաձորում քարոզչական պաստառներ չունեն փակցրած միայն Կոմունիստական կուսակցությունն ու նրա առաջադրած ռեյտինգային թեկնածուները:
Նկատենք, որ Վանաձորում դեռեւս տեղեր կան, որտեղ փակցված են 4 տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունների, նախորդ տարի կայացած համայնքի ղեկավարի ու քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուների պաստառները կամ դրանց պատառոտված կտորները:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 




Լրահոս