Ինչու է Բժշկական համալսարանի անվտանգության պետը տուգանվել

Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի անվտանգության պետի եւ ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցած կաշառքի գործով վճիռը հրապարակվեց: Դատարանը սահմանափակվեց՝ ամբաստանյալների նկատմամբ միայն տուգանք սահմանելով:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Պարզվել է, որ համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը եւ նույն համալսարանի ուսանող Հարություն Խոստիկյան՝ տեղեկանալով, որ իրենց ծանոթ, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Սերյոժա Հովսեփյանը չի կարողանում ստանալ ախտաֆիզիոլոգիա, դեղագիտություն, ախտաբանական անատոմիա, մանրէաբանություն եւ օպերատիվ վիրաբուժություն առարկաների քննությունները, որոշել են «օգնել» նրան:

Հարություն Խոստիկյանն ասել էր, որ «կօգնի» 1 միլիոն 436 հազար 910 դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար ստանալու պայմանով: Ու չնայած համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը խոստացել էր գումարը ստանալուց հետո լուծել ուսանողի խնդիրը, սակայն վերցնելուց հետո որեւէ քայլ չէր ձեռնարկել: Ու թերեւս հենց այս պատճառով ԱԱԾ-ի կողմից բացահայտվեց այս դեպքը: Ինչպես կաշառք տվող Սերյոժա Հովսեփյանը, այնպես էլ միջնորդող Հարություն Խոստիկյանն ու պահանջող Վանիկ Գինոսյանը հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում:

Արդյունքում Վանիկ Գինոսյանին եւ Հարություն Խոստիկյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34` հանցափորձ, 313-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական կեղծիք, իսկ Սերյոժա Հովսեփյանին` 34՝ հանցափորձ եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալ: Գինոսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին:

Քրեական այս գործը քննվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, եւ մինչ դատական քննությունը սկսելը ամբաստանյալներ Վանիկ Գինոսյանը, Հարություն Խոստիկյանը եւ Սերյոժա Հովսեփյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են իրենց պաշտպանների հետ, առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչում լիովին:

Այսպիսով՝ մարտի 31-ին դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց վճիռը, եւ Վանիկ Գինոսյանի, Հարություն Խոստիկյանի նկատմամբ պատիժ նշանակվեց՝ տուգանք 200 հարյուր հազար դրամի չափով, իսկ ահա Սերյոժա Հովսեփյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի` հանցափորձ, եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալ, եւ ազատազրկման դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Քնար Մանուկյան