ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԻ ԹՈՒՅԼ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարան է ներկայացրել 2016թ. ամենամյա զեկույցը: Սակայն այս փաստաթղթից տպավորություն է, որ Հայաստանում գործ ունենք ոչ թե մարդու իրավունքների պաշտպանի, այլ կիսապաշտպանի հետ: Նախկինում ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարծես փորձել է այս փաստաթղթում ի ցույց դնել հայաստանյան եւ միջազգային օրենսդրության մասին իր գիտելիքներն ու վերլուծելու ունակությունները. 314 էջանոց փաստաթուղթն ավելի շատ իրավական ակտերի վերլուծական է հիշեցնում:

Այնինչ՝ նկատենք, որ Հայաստանում մարդու իրավունքները շարունակում են մնալ անմխիթար վիճակում, եւ այդ մասին պարբերաբար խոսել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Այդ մասին խոսվել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների մասին զեկույցում: Օրերս էլ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր հրապարակել «Անցումային շրջանում գտնվող երկրներ» վերնագրով զեկույցը, որտեղ Հայաստանը ճանաչվել է «կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն». «Հայաստանը, ինչպես նաեւ Ղրղըզստանը անցած երկու տարում նախագահականից խորհրդարանական համակարգի են անցնում՝ փորձելով է՛լ ավելի դժվար դարձնել այդ քաղաքական փոփոխության հնարավորությունը», – ասված է Freedom House-ի զեկույցում:
Իսկ ահա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն ընթերցելիս միանգամայն այլ տպավորություն է. այնտեղ հանդիպում ենք վախվորած արձանագրումների, որ այս կամ այն ոլորտում կան խնդիրներ, եւ վերջ: Ավելին՝ եթե նախկինում ՄԻՊ ամենամյա զեկույցներում անդրադարձ կար ամեն մի նախարարությանն ու կառավարությանն առընթեր մարմիններին առանձին-առանձին, կար «Քաղաքական իրավունքներ» վերնագրով բաժին, ապա հիմա դա չկա:
Մինչդեռ 2016թ. կարելի է համարել քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի. հիշում եք «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, երբ երկու շաբաթ շարունակ այնտեղ նաեւ պատանդներ էին պահվում: Հիշում եք նաեւ այդ օրերին ՊՊԾ գնդի գրավմանը զուգահեռ Խորենացու փողոցում անցկացված հանրահավաքներն ու այդ հանրահավաքի մասնակիցների, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունները: Եւ ահա ՄԻՊ-ն իր ամենամյա զեկույցում փորձել է այդ թեմային հնարավորինս մեղմ մոտենալ. «Հավաքների ազատություն» բաժնում ընդամենը արձանագրված է. «2016 թվականի հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում մի խումբ զինված անձանց կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքներ: Հավաքների ընթացքում տեղի ունեցան նաեւ հավաքների մասնակիցների իրավունքների խախտումներ: Այդ խախտումները կապված էին առանց հիմքերի պարզաբանման ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու, հավաքի ընթացքում հատուկ միջոցներ օգտագործելու ու ցուցարարներին վնաս պատճառելու հետ եւ այլն»: Իսկ «Կարծիքի արտահայտման եւ տեղեկություններ ստանալու իրավունք» բաժնում էլ խոսք կա այդ օրերին լրագրողների նկատմամբ բռնությունների մասին. «Լրատվական աշխատանքի ապահովման տեսանկյունից պետք է համարել 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ընթացքում լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման դեպքերը… Լրագրողների նկատմամբ գործադրվել է նաեւ բռնություն: Վերը նշված գործողությունները լրագրողական ազատության անօրինական միջամտություն են»:
Ճիշտ է, ՄԻՊ-ը նաեւ նշել է, թե այդ իրադարձությունների թեմայով առանձին զեկույց է պատրաստվում, եւ, ըստ նրանց, հիմա այն գտնվում է ամփոփման փուլում: Բայց համաձայնեք՝ արդեն 8 ամիս է անցել այդ սկանդալային դեպքերից, մինչդեռ ՄԻՊ զեկույցը դեռ գրվում է ու ամփոփվում: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը վերջերս հրապարակած զեկույցում հասցրել էր անդրադառնալ նաեւ «Սասնա ծռերի» դեպքերին ու այդ օրերին անցկացված հանրահավաքներին, մասնակիցների ու լրագրողների նկատմամբ բռնություններին:
ՄԻՊ-ն իր զեկույցում փորձել է անդրադառնալ նաեւ բուհերի ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդրին՝ այն դիտելով կրթության իրավունքի իրացման սահմանափակումների համատեքստում: Սակայն ՄԻՊ զեկույցից այդպես էլ չի երեւում, թե բուհերի ուսխորհուրդներն ի՞նչ քաղաքական ուղղվածություն ունեն, ո՞ր կուսակցություններն են իրենց քաղաքական հայացքները թելադրում: «Տարիների ընթացքում որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդներ դրանց անդամների գերակշռող մասի՝ որեւէ քաղաքական կուսակցության անդամակցելու հանգամանքով պայմանավորված, ձեռք են բերել քաղաքական ուղղվածություն եւ խնդիրներ են ստեղծել բուհերում ակադեմիական ազատության պահպանմանը: Վերջիններս ուսխորհրդով իրենց վերապահված լիազորությունները հաճախ օգտագործում են բուհում կուսակցական քարոզչության, կուսակցական շահերի պաշտպանության նպատակով»,- ասված է զեկույցում: Եվ նկատեք՝ Արման Թաթոյանը խուսափել է հասցեական գնահատականներ տալուց: Չնայած բոլորի համար պարզ է, որ բուհերի ուսխորհուրդները հանրապետականացված են, որ իշխող կուսակցությունն իր մետաստազները տարածել է նաեւ այստեղ՝ քայքայելով կրթական համակարգը: Ու եթե ՄԻՊ-ն իր գնահատականներում կոնկրետ անուններ հնչեցներ, միգուցե եւ հնարավոր լիներ իրագործել զեկույցում նշված խորհուրդը. «…անհրաժեշտ է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ եւ այլ միջոցներ բուհերի ուսանողական խորհուրդների գործունեության անկողմնակալության ապահովման եւ վերջիններիս անդամներին քաղաքական ազդեցությունից զերծ պահելու ուղղությամբ»:
Ի դեպ, այս զեկույցում անդրադարձ կա նաեւ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, երբ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվեց 10 հոգի: Բայց այստեղ էլ ընդամենը կրկնվել են նախորդ զեկույցներում նշված մտքերը, թե չնայած ՀՔԾ-ի կողմից արված քննչական գործողություններին, չի ապահովվել քննարկվող քրեական գործերի վերաբերյալ հանրային իրազեկվածության պատշաճ մակարդակ, եւ որ քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումը կարող է հանգեցնել մահացած անձանց իրավահաջորդների իրավունքների խախտմանը:
Այսպիսով՝ մեր երկրում մարդու իրավունքների պաշպանությունը իրապես գտնվում է «կիսապաշտպան» վիճակում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ՎԱԽԵՑՐԻՆ
ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ ղարաբաղյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Ալեքսանյանը հայտարարել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու մասին. «Մենք աջակցելու ենք ինչով կարողանանք, քարոզչություն ենք տանելու նրա ծրագրերին։ Ընտրարշավի համար պետք է փորձենք օգտակար լինել»: Սակայն նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Ալեքսանյանին այդպես էլ չտեսանք ՕՐՕ դաշինքի օգտին աշխատողների, քարոզիչների կողքին: Այդ ընթացքում մամուլում լուրեր շրջանառվեցին, որ գնդապետ Ալեքսանյանի որդին նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետ: Այսինքն՝ Ալեքսանյանի որդուն պաշտոն տալով՝ նրան նաեւ ստիպել են հեռանալ Ս. Օհանյանի կողքից: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Ալեքսանյանը հակառակը պնդեց. «Աջակցել եմ»: Իսկ դիտարկմանը, որ որդուն պաշտոն տալուց հետո չտեսանք նրան Օհանյանի կողքին, Ալեքսանյանը պատասխանեց. «Աջակցել եմ, մեկը մյուսի հետ կապ չունի»: Բայց ակնհայտ էր, որ արդեն «մեղմ էր աջակցում»:

 

 

ՄԱՐԶՊԵ՞Տ, ԹԵ՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկն էր: Նրան հաջողվեց կուսակցության համար պատկառելի քվեներ ստանալ՝ 14 հազար 430 ձայն: Այս պահին այդքան ձայնի շնորհիվ Գրիգորյանը հնարավորություն ունի նաե հրաժարական տալ մարզպետի պաշտոնից եւ մուտք գործել խորհրդարան: «Ժողովուրդ»-ը մարզպետից փորձեց պարզել, թե որտեղ է տեսնում իր ապագան՝ գործադիրո՞ւմ՝ նորից որպես մարզպետ, թե՞ այնուամենայնիվ, կորոշի գնալ ազգային ժողով: «Դեռ վաղ է խոսել այդ մասին: Կուսակցությունը կքննարկի եւ կորոշի այդ մասին, այս պահին որեւէ բան հստակ չեմ կարող ասել»,- նշեց Գրիգորյանը:

 

 

 

ՄԱՀԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Չնայած ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը փորձում է բժշկական հաստատությունների վրա հսկողություն սահմանել՝ այդ կերպ հնարավորինս բացառելով նորածինների եւ ծննդկանների մահվան դեպքերը, սակայն իրավիճակը չի փոխվում: Ակնհայտ է, որ նախարարի լուծումները արդյունավետ չեն: Մի շարք հղիներ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ 30 շաբաթական հղիությունից հետո իրենք արյան եւ մեզի հետազոտություն չեն անցել, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը նոր հրահանգ է տվել բժշկական կենտրոններին, որ 36-37 շաբաթական հղիներն անպայման անցնեն այդ հետազոտությունը: Այս հրահանգի պատճառը կապված է վերջին շրջանում արձանագրված մի շարք նորածինների եւ ծննդկանների մահվան դեպքերի հետ: Եվ ինչպես տեսնում ենք՝ անգամ այս հրահանգը չի փրկում իրավիճակը. երեկ «Արմենիա» ԲԿ-ում նորածին էր մահացել, երեխայի ծնողները կատարվածում մեղադրում են բժիշկներին, իսկ բժիշկները ասում են, որ ամեն ինչ արել են՝ երեխայի կյանքը փրկելու համար:

 

 
ՀՅԴ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հանդես է եկել ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «ա. Քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը եւ հիմնականում քաղաքակիրթ ընտրապայքարը։ բ. Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը մի կողմից քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսեւորում էր, մյուս կողմից՝ ֆինանսական ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երեւույթի հետեւանք։ գ. Փաստ է, որ սոցիալական դժվար կացության մեջ հայտնված հասարակության զգալի մասը, որը չունի անհրաժեշտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, դեռեւս ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել։ դ. Տեղի է ունեցել քաղաքական դաշտի որոշակի բյուրեղացում. բացահայտ ամբոխավարական եւ պարտվողական գաղափարները չընդունվեցին մեր հանրության կողմից»։

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպմանը ներկայացվել եւ քննարկվել է օմբուդսմենի աշխատակազմի աշխատանքը Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում: Մասնավորապես ներկայացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները: Ներկայացվել են նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՄԱՍՆԱԿՑԻ
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիտարկում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը։ Այս մասին «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության ղեկավարն ասել է «Ազատությանը»՝ չբացառելով, որ կուսակցությունը կմասնակցի մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:




Լրահոս