«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մշտապես սատարող «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այս ընտրություններում նրա կողքին չէր: Ավելին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա իր ձայնը տվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները որքանո՞վ էին Ձեզ համար սպասելի: Անակնկալներ եղա՞ն, թե՞ ոչ:
-Երբ որ արդեն անցկացրեցին Սահմանադրությունը, ակնհայտ էր, որ այդ համակարգով ընդդիմությունը լուրջ խնդիրներ է ունենում, եւ միակ ելքն այն էր, որ միասնական հանդես գային: Ինչպես հայտնի է` նախընտրական շրջանում նման գործընթացներ գնում էին, մասնավորապես կասեի Սամվել Բաբայանն էր փորձում միավորել, եւ նա հանդիպումներ է ունեցել բոլոր քաղաքական ուժերի հետ: Ես գիտեմ, թե ով ինչպես է խուսափել այդ դաշինքից՝ նույնիսկ վախենալով, որ Սերժ Սարգսյանը կիմանա կամ իրենց հերը կանիծի: Իսկ ռեյտինգային համակարգն ապաքաղաքական էր, եւ ընթացքը ցույց տվեց, որ եթե պետք է, ապա 5-ը հավասար է 55-ի: ՀՀԿ-ն, որը ձախողել է բոլոր ոլորտները, չէր կարող 5 տոկոսից ավելին ունենալ, բայց ստացվեց 55: Այն, որ ստացվեց այս պառլամենտը, դա իշխանություններին ձեռք էր տալիս եւ որեւէ անակնկալ բան չկար:
-Դուք նշեցիք, որ Սամվել Բաբայանն էր փորձում միավորել ընդդիմությանը: Նրա ձերբակալումը կարո՞ղ ենք համարել դա կանխելու փորձ: Արդյո՞ք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ձախողումը նաեւ դրա հետեւանք կարող է լինել:
-Ասեմ, որ Սամվել Բաբայանի ձերբակալումը միայն քաղաքական ենթատեքստ ունի: Ով որ շփվել է իր հետ, իսկ ես բազմիցս շփվել եմ, կփաստի, որ նա բավական օժտված անձնավորություն է եւ ոչ միայն որպես ռազմական գործիչ: Ինքը այդքան պրիմիտիվ չէր, որ չհասկանար, որ իր հեռախոսը լսվում է, կամ եթե ինչ-որ բան բերելու լիներ, ապա այդ ճանապարհով չէր բերի: Բաբայանը պարտավոր էր հասկանալ, որ դա չէ ճանապարհը: Բնականաբար դա ազդեցություն ունեցավ: Ես ՕՐՕ դաշինքի համար ասեմ, որ Սեյրան Օհանյանը շուտ մտավ ֆորմի մեջ, բայց նաեւ իրենք կարող էին ավելի սուր խոսել: Այս ընտրարշավում ընդդիմությունը մոռացել էր, որ բոլորի մեղավորը Սերժ Սարգսյանն է: Ժողովուրդը չքաղաքականացվեց, սակայն ժողովրդին մեղադրելն ինձ համար անընդունելի է:
-Այդ դեպքում ՕՐՕ դաշինքի ձախողումն ինչի՞ հետ եք կապում: Տեսակետներ եղան, թե Սեյրան Օհանյանը չընդունվեց որպես ընդդիմադիր գործիչ:
-Ես չեմ կարծում, որ դա էր պատճառը: Եթե մի տեղ ապացուցվում է, որ 5-ը հավասար է 55-ի, ապա ամեն ինչ էլ կարող է լինել: Այսօր մենք հասկանում ենք, որ այդ պառլամենտը չի արտահայտում ժողովրդի կամքը: Ես ձայն եմ տվել ՕՐՕ դաշինքին, սակայն մեխանիզմն այնքան խառն էր: Սահմանադրությունը, եթե կարված էր Սերժ Սարգսյանի վրայով, ապա մի քանի տեղերում «բլանդած» էր ընտրական օրենսգրքի համար, եւ մենք տեսանք, թե ինչպես հագցրեցին Սերժ Սարգսյանի վրայով: Ժողովուրդը մեղավոր չէր, մեղավորություն կար այն ընդդիմադիր գործիչների պահվածքում, ովքեր ամեն ինչ արեցին, որ ընդդիմությունը չմիավորվի:
-Դուք մշտապես նշում էիք, որ Գագիկ Ծառուկյանի կողքին եք: Այս անգամ ինչո՞ւ որոշեցիք այլ դաշինքի հետ լինել:
-Ծառուկյանը հայտարարեց, որ բացում է քաղաքականությունում իր էջը, սակայն պարզվում է, որ այդ էջը բացելուց նաեւ էջանշան կար. դա Իշխան Զաքարյանն էր: Այսինքն՝ Զաքարյանով իշխանափոխության կամ ընդդեմ իշխանության չէին գնա: Ես եթե որեւէ տեղ լինում եմ, ինձ եթե չստիպեն դուրս գալ, ես այնտեղից դուրս չեմ գա: Այն ելույթը, երբ վերադարձի ժամանակ ինքն արտասանեց, ես այդ ելույթում մաս ունեցել եմ: Ես մտածել եմ, որ եթե վերադարձել է Ծառուկյանը, ես այնտեղ արդեն կանգնած եմ, այսինքն՝ Ծառուկյանն է եկել ինձ մոտ: Հետո պարզվեց, որ ինքը ուրիշ թիմով է գալիս: Այն թիմով որ ինքը եկավ, ոչ ես կուզեի լինել այդ ցուցակում, այդ թիմում, բնականաբար, իրենք էլ չէին ուզենա: Ներսում ինչ-որ մեկն ասել էր, որ ես մինուս կլինեի այդ թիմում: Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա պարզ ասեմ, որ ինձ առաջարկ եղել է լինել անցողիկ տեղում, սակայն ես ասել եմ, որ պետք է համախմբված գնալ, եւ ես չեմ համաձայնել: Նույն Վիկտոր Դալլաքյանը հուլիս ամսին միջնորդավորված փորձել է, որ դառնա մեր կուսակցության նախագահը, սակայն մենք մերժեցինք, նույնիսկ գումարներ առաջարկվեց մեզ: Մեզ համար անընդունելի էր Դալլաքյանի տարբերակը:
-Նոր խորհրդարանում ընդդիմության դիրքերը թուլացել են. այս առումով արտախորհրդարանական ուժերի դերը ո՞րը պետք է լինի: Ի՞նչ է պետք անել ԱԺ պատերից դուրս:
-Նախ ասեմ, որ ընդդիմություն խորհրդարանում չկա: Առաջին հերթին պետք է քաղաքական ուժերը հավաքվեն, քննարկում լինի, եւ յուրաքանչյուրն անկեղծ ասի` ինչ արեց, ինչ չարեց: Օրինակ՝ ՀԱԿ-ը պետք է կանգնի եւ ասի, որ ծափահարում էր ընտրական օրենսգրքի հետ կապված, պետք է ներողություն խնդրի: Այդ քննարկումը պետք է լինի, քանի որ ընդդիմության կենտրոնը գտնվում է ԱԺ-ից դուրս: Այն, որ իշխանությունն ու Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականն անհանգիստ են եւ վատ են քնելու, մենք տեսնելու ենք, եւ ակնհայտ է: Այն, որ Սերժ Սարգսյանը վախենում է այն ուժերից, որոնք չեն ծախվում, չեն խաղում իր խաղը, ակնհայտ է, եւ պետք է միավորվել ու տեր կանգնել ընդդիմադիր ժողովրդին: Պետք է քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ գտնեն եւ քաղաքական հարթակը զբաղեցնեն. չի կարելի Ազատության հրապարակը դատարկ թողնել: Այսօր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղությունից մնացել են աղավնիները, որոնք կուտ են ուտում, եւ պարզ չի, թե ում տված կուտը, քաղաքական ուժերը պետք է գան Ազատության հրապարակ եւ տեր կանգնեն ժողովրդին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ՀՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍԸ՝ ԳԱՐՇԱՀՈՏԻ ՄԵՋ
Երկաթուղային Այրում կայարանը Հայաստանի հյուսիսային դարպասն է: Այդ կայարանով հանրապետություն են ներկրվում բեռնատար շարժակազմեր, Հայաստանից բեռների մեծ արտահանում է իրականացվում: Այրում կայարանում վաղուց կոյուղու խնդիր կա: Այն առաջացել է 2009 թվականին, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Այրում-Ջիլիզայի սանիտարական-կարանտինային կետի գործարկումով: Այրում կայարանի երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ՝ դեպի հանդիպակած բլրին գտնվող դարավանդի այգիները, կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում:
Այրում կայարանի բնակելի 5 շենքերում 28 ընտանիք է բնակվում: Մինչեւ սանիտարական-կարանտինային կետի գործարկումը կայարանի բնակելի շենքերի եւ հիմնարկությունների կոյուղաջրերի հեռացումը բնականոն չէր կատարվում, սակայն այդ շենքի գործարկումից հետո խնդիրն է՛լ ավելի բարդացավ, կոյուղագիծը նախկինի նման Դեբեդ գետ ուղղվելու փոխարեն շրջվեց դեպի կայարանի շենք: Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010 թվականին դիմեց այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010 թվականի աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ նվիրաբերեց: Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր կառուցեց, կոյուղագծի խողովակաշարը փոխվեց, տեղադրվեցին պլաստմասսայից խողովակներ: Կայարանի պետը հայտնեց, որ այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ են առաջացել: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքները որակյալ չէին արվել: Կայարանապետն ասաց, որ Այրում կայարանում տիրող գարշահոտը անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին:
Խնդրի մասին տեղյակ է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, այդ մասին իրազեկ են ջրմուղ-կոյուղու Նոյեմբերյանի ենթատեղամասում, երկաթուղու վարչությունում, Այրումի համայնքապետարանում: Երկաթուղու վարչությունում մտածում են կոյուղագծի մեծ հոր կառուցելու, այնտեղից պոմպով կոյուղաջրերը պարբերաբար Դեբեդ գետ մղելու մասին: Ս. Օհանյանն ասաց, որ ամեն տարի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը գործում է Երեւան-Բաթումի մարդատար գնացքը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Այրում կայարանով Հայաստան են ժամանում արտասահմանցի բազմաթիվ զբոսաշրջիկներ: Նրանք մեր երկրի մասին առաջին տպավորությունը ստանում են Այրում կայարանում տիրող գարշահոտով, որը ամռան ամիսներին, անձրեւոտ եղանակին ավելի ծանր է դառնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՎԱՆԱՁՈՐ «ՋԷԿ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

Վանաձոր «ՋԷԿ»-ի աշխատակիցները երեկ կրկին բողոքի ցույց են անցկացրել Լոռու մարզպետարանի բակում՝ պահանջելով 2011 թվականի 4 ամսվա իրենց աշխատավարձերը: Ինչպես միշտ, այս անգամ նորից աշխատակիցները հանդիպել են Լոռու մարզպետի հետ ու խնդրել միջնորդել աշխատավարձերը վճարելու հարցում: Մեզ հայտնի դարձավ, որ մարզպետը իր աջակցությունն է հայտնել գործարանի աշխատակիցներին` հավաստիացնելով, որ ամեն ինչով կանգնած է նրանց թիկունքին, եթե ցուցարարների քայլերը կլինեն օրենքի սահմաններում:

Աշխատակիցների խոսքով՝ ամիսներ առաջ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Լոռի, դրա նախորդ օրը գրեթե ամբողջությամբ վճարվեցին աշխատակիցների պարտքերը, իսկ 2011 թվականի պարտքերը պետք է ամիսներ անց վճարվեին, ինչը, սակայն, մինչ օրս չի արվել: Աշխատակիցները սպառնում են՝ դիմելու են կտրուկ քայլերի, մինչեւ որ չստանան իրենց աշխատավարձերը:
Երեկ արդեն շուրջ 100 աշխատակիցներ հավաքվել էին գործարանի դարպասների առջեւ, որպեսզի արգելեին գործարանի տարածքից դուրս բերվող գույքի վաճառքը. «Գործարանը ապամոնտաժում են, մեզ ասել էին, որ էդ վաճառված ապրանքով մեր գումարներն են վճարելու, բայց մինչ օրս ոչ մի գումար չենք ստացել»,-ասում էին աշխատակիցները` հավաստիացնելով, որ հերթապահություն են իրականացնելու դարպասների առաջ՝ կանգնեցնելու համար մեքենաների մուտքն ու ելքը գործարանի տարածք:
«Վանաձոր ՋԷԿ»-ը ընդհանուր առմամբ 4 ամսվա աշխատավարձի պարտք ունի շուրջ 150 աշխատակիցների: Վերջերս գործարանի ղեկավարությունը մեծածավալ կրճատումներ իրականացրեց պահակային եւ անվտանգության բաժիններում: Նախկին գրեթե բոլոր աշխատակիցները դարձան գործազուրկ՝ այդպես էլ չստանալով չվճարված աշխատավարձերը: Փոխարենը գործարանի անվտանգությունը սկսեց պահպանել մասնագիտացված կազմակերպություն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Երեւանից 3 շինբրիգադ է այցելել գործարան, որպեսզի մեծածավալ ապամոնտաժման աշխատանքներ իրականացնեն:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս