ՀՆԳԱՍՏԻՃԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ Է ԴՐՎԱԾ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը կուսակցության ռեյտինգային թեկնածուներին զգուշացրել է, որ ընտրությունների ժամանակ չափը չանցնեն եւ իրենց թիմակցի ձայները չփորձեն գողանալ: Այդ գործընթացի վերահսկման պատասխանատու էր նշանակվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Վերջինս պետք է վերահսկեր իրենց ռեյտինգայիններին, որպեսզի ընտրություններից հետո հստակ իմանային, թե ով որքան ձայն է կարողացել ապահովել կուսակցության համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովսեփյանը նշել էր, որ վստահ է իր ուժերի վրա, եւ իրեն հաջողվելու է վերահսկել ողջ գործընթացը, ավելին՝ զգուշացրել էր՝ որեւէ մեկը մտքի ծայրով անգամ չանցկացնի նման քայլերի դիմել: Բայց արի ու տես, որ ընտրություններից հետո անընդհատ բարձրաձայնվում է ձայների գողության դեպքերի մասին, անգամ ՀՀԿ-ականների կողմից: Ի՞նչ ձայնագողության դեպքերի մասին է խոսքը, եւ ովքե՞ր են իրենց մտքի ծայրով անցկացրել անգամ զգուշացումից հետո դիմել նման քայլերի: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը Հովհաննես Հովսեփյանն է:
-Պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է վերահսկեիք ընտրությունների ընթացքը եւ թույլ չտայիք, որ Ձեր թեկնածուներից որեւէ մեկը գողանար թիմակցի ձայնը: Ի՞նչ եք կարծում՝ հաջողվե՞ց Ձեզ պատշաճ կերպով իրականացնել այդ գործառույթը:
-Լիարժեք:
-Ընտրություններից առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ դեռ պետք է մտածեք՝ ինչ մեխանիզմներ եք կիրառելու: Ինչպե՞ս վերահսկեցիք:
-Դիտորդական առաքելությամբ օժտված դիտորդներ էին երկու հազար տեղամասերում, որոնք որ շատ անկախ, ձիգ, ինքնավստահ, համարձակ արել են այդ ամեն ինչը:
-Ձեր կողմի՞ց նշանակված դիտորդներ են եղել:
-Եղել են անկախ կազմակերպության դիտորդներ, որոնց տեսել եմ առաջին անգամ:
-Դուք վստահորեն նշում եք, որ Ձեզ հաջողվել է լիարժեքորեն վերահսկել ողջ գործընթացը, մինչդեռ բազմաթիվ թեկնածուներ, այդ թվում եւ ՀՀԿ-ից, հայտարարել են, որ իրենց ձայներից գողացել են…
-Չկա տենց բան: Հիմա ով ինչ ձայն որ չի հավաքել, ամեն ինչ կարող է ասել, ես այդպիսի դեպք չեմ արձանագրել ոչ մի տեղ, այդպիսի բան չի եղել:
-Բայց Ձեր կուսակցության թեկնածուներից եւս եղել են մարդիկ, ովքեր նման մտահոգություն են հայտնել:
-Նման բան չկա: Այդ դիտորդների մեծ խումբը, որ ինձ հետ աշխատել են, մոտ երեսուն հոգի, իրենք մի քիչ ավելի այլ դաշտի մարդիկ են, այլ մտածողությամբ, այլ տրամաբանությամբ, իրենք իրենց հոգեբանության մեջ մի քիչ ավելի քննադատող են, մյուս օրն իրենք ինձ ասում են, որ իրենք տեսել են, թե ինչ է եղել, ասում են, որ հիմա մեկը փորձի բան ասել, մենք վստահ ենք, որ առաջին ինֆորմացիային մենք ենք տիրապետել, որովհետեւ իրենք են եղել առաջին ինֆորմացիայի աղբյուրը:
-Պարո՛ն Հովսեփյան, ի տարբերություն Ձեր դիտորդների /թեեւ ինքնին անհասկանալի է, թե ինչ է նշանակում Ձեզ հետ աշխատած դիտորդներ/՝ օտարերկրյա դիտորդներն այլ կարծիքի են, սա ինչպե՞ս եք բացատրում:
-Դե, հիմա ես ի՞նչ անեմ, ասեք, ես անեմ: Ես վստահում եմ իմ թիմին, իմ մարդկանց, այն մարդկանց, ովքեր համարձակ այդ ամեն ինչն արել են, հիմա ես մտածեմ՝ ո՞վ ի՞նչ է ասել, ավելին ասեմ Ձեզ՝ այդ մարդիկ եղել են բացարձակապես անկախ մարդիկ, հասկանո՞ւմ եք Դուք դա:
-Միայն դիտորդների՞ միջոցով եք վերահսկել:
-Հնգաստիճան վերահսկողական մեխանիզմ է դրված եղել:
-Իսկ ավելի մանրամա՞սն:
-Եղել են դիտորդներ, նրանց հետ եղել են տասնապետեր, տասնապետերն իրենց հետ ունեցել են համակարգողներ, համակարգողներն իրենց հետ ունեցել են այլ թիմ, որտեղ որ ներգրավված են եղել պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք անկախ են եղել, դրանից հետո եղել եմ ես, որտեղ կահավորված ամենաբարձր մակարդակի վերջին տեխնիկայով օնլայն հետեւել ենք ցանկացած ռեժիմի:
-Որեւէ թերություն չե՞ք արձանագրել եւ զգուշացում կատարել:
-Եղել են մանր-մունր բաներ:
-Ո՞ր թեկնածուներին եք զգուշացրել:
-Այդպես չեմ կարող հիշել, բայց որեւէ թեկնածուի կողմից չի եղել, կարող է՝ ինչ-որ մեկի անձնագիրն է ճղված եղել, չգիտեմ, այդպիսի բաներ, որոնք կոնկրետ մեկի կողմից չեն եղել, լույսերն են գնացել, օրինակի համար:
-Իսկ ձայների գողության փո՞րձ:
-Չկա տենց բան:
-Պատժելո՞ւ էիք, եթե նման դեպք լիներ:
-Այո՛:
-Ինչպե՞ս:
-Պատժողը երկրի նախագահն էր լինելու, ինքը գիտեր՝ ինչպես էր պատժելու:
-Չի՞ կիսվել Ձեզ հետ, թե ինչ պատժիչ գործողություններ էր իրականացնելու:
-Ես չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ վատ:
-Սերժ Սարգսյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:
-Քննարկում չեք անցկացրե՞լ՝ ամփոփելու համար ընտրությունները:
-Նախագահն իր ամբողջ թիմից գոհ է:
-Առաջիկայում հնարավո՞ր է, որպես Ձեր աշխատանքի փոխհատուցում, նոր պաշտոն ստանաք:
-Ես ինձ որեւէ տեղ չեմ տեսնում, այդ հարցին չեմ կարող պատասխանել:
-Նման քննարկում չի էլ եղե՞լ:
-Ո՛չ:

 

 

 

 
ԱՐԴՅՈ՞Ք ԼՀ ՊԱՀԱՆՋԻՆ ԿՄԻԱՆԱՆ ԲՀԿ-Ն ԵՎ ՀՎԿ-Ն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վանաձորի ավագանու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անդամների կողմից գումարվող նիստերի իրավազորությունը. «Հակաիրավական ենք համարում, օրենքի հակասություններն ենք վիճարկում եւ այդ հակասությունների հիման վրա կատարած քայլերը»,- «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց Վանաձորի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը:

Ի՞նչ սպասելիքներ ունեն ՍԴ-ից, եւ արդյո՞ք կուսակցության պահանջին միանալու են նաեւ նիստերը բոյկոտող մյուս քաղաքական ուժերը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Քրիստ Մարուքյանի հետ:
-Պարո՛ն Մարուքյան, ե՞րբ եք պատրաստվում դիմել ՍԴ:
-Առաջիկա օրերի ընթացքում, հստակ չեմ կարող ասել, մեր իրավաբաններն աշխատում են այս պահին:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Դե, սպասելիքները հետեւյալն է. ամեն դեպքում օրենքով սահմանված ինչ գործընթաց որ հնարավոր է իրականացնել, մենք դա կիրառում ենք, հետո ընթացքից կախված՝ մեր հետագա քայլերը դրա հիման վրա պարզ կլինեն:
-Իսկ Ձեր պահանջին միանալո՞ւ են այն ուժերը, որոնք եւս բոյկոտում են ավագանու նիստերը:
-Այս պահին զուտ իրավաբանական պրոցես է գնում, երբ որ արդեն կհասնենք դիմելու պահին, այդ ժամանակ կքննարկենք, կխոսենք, կորոշենք:
-Ի՞նչ կասեք այն տեղեկությունների մասին, համաձայն որոնց՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մտադրություն ունի առաջիկայում մասնակցել ավագանու նիստերին:
-Արդեն երկու նիստ եղել է, որ մտադրություն ունենային, կմասնակցեին: Ես այդ մասով որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետեւ ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ ենթադրություններով չեմ ուզում որեւէ բան ասել:
-Բայց Մամիկոն Ասլանյանն էլ վստահորեն նշում է, որ օրենքն իրենց թույլ է տալիս ավագանու անդամների այդ քանակով նիստ գումարել…
-Դե, պարզ է, չէ՞, իրենք այդ հիմնավորումները եթե իրենց համար ձեւակերպած չլինեին, չէին էլ անի այդ նիստերը, բայց քանի որ իրենց համար այդ հակասություններն օգտագործում են որպես հիմնավորում, հետեւաբար փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե իրենց արած քայլերն օրինական են:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՉԻ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԳՈՐԾԱԴԻՐՈՒՄ
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, այլեւս չի լինի գործադիրում, եւ նրան կգործուղեն խորհրդարան: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ կերպ չի ցանկանում Արման Սահակյանին գործադիրում տեսնել, քանի որ դժգոհ է նրա աշխատանքից, ավելին՝ այդ մասին նա մի քանի անգամ արտահայտվել է ՀՀԿ ներսում: Պատահական չէ, որ կառավարության նիստերի ժամանակ էլ Կարեն Կարապետյանը պարբերաբար դիտողություններ է անում Սահակյանին: Ու հիմա, որպեսզի նրան ընդհանրապես նեղացրած չլինեն, ՀՀԿ-ում ցանկանում են խորհրդարան գործուղել, առավել եւս, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ Արման Սահակյանը, որ առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով, կարողացավ բավականին մեծ թվով ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար: «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սահակյանից, սակայն նա համառորեն չէր արձագանքում հեռախոսազանգերին:

 

 

ԳՆԱՑ ԴԱՏԱՐԱՆ
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների օրը կրկնակի քվեարկության մասով հարուցված քրեական գործերը մեկը մյուսի հետեւից ուղարկվում են դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 18-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 11/41 տեղամասում տեղի ունեցած դեպքը, երբ Սիրվարդ Թովմասյանը փորձել էր երկրորդ անգամ քվեարկել: Նա 11/41 տեղամասում քվեարկել էր առավոտյան ժամը 10-ին, հետո ավելի ուշ՝ արդեն 14.50-ին նորից էր գնացել քվեարկության եւ փորձել գրանցվել: Բայց քաղաքացիներին նույնացնող սարքի ազդանշանը միացել էր, եւ Սիրվարդը շտապել էր ճողոպրել տեղամասից: Իսկ հիմա հայտնվել է մեղադրյալի աթոռին:

 

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների դեմ բռնություն կիրառելու գործով առաջիկայում որոշ անձանց նոր մեղադրանքներ կառաջադրվեն: Թե ովքեր են այդ անձինք, «Ժողովուրդ»-ի աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում, սակայն նշում են, որ իրավապահ համակարգից չեն լինի:
Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՔԾ քննիչները օրերս ստացել են լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մասով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, որոնցով հիմնավորվել է, թե լրագրողներից ով կամ ովքեր են կոնկրետ բռնության ենթարկվել: Նշենք, որ Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնությունների մասով ընդամենը երեք անձի է մեղադրանք առաջադրվել: Մասնավորապես քաղաքացիներ Գոռ Խաչատրյանը եւ Գարեգին Հովսեփյանը խոչընդոտել էին News.am կայքի լրագրող Խորեն Գրիգորյանի մասնագիտական գործունեությանը, իսկ Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել էր «Ազատություն» ռ/կ լրագրողի մասնագիտական աշխատանքը: Դատարանն ավարտել է վերջինիս մասով գործի քննությունն ու Ահարոնյանին տուգանել 200 հազար դրամով:




Լրահոս