Սերժ Սարգսյանը տարբեր խմբակցություններում ունենալու է իր պատգամավորները. ձևավորում է սեփական խորհրդարան

Սերժ Սարգսյանը տարբեր խմբակցություններում ունենալու է իր պատգամավորները. ձևավորում է սեփական խորհրդարան

Սերժ Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո մտադիր չէ հեռանալ իշխանությունից, այլ փորձելու է պետական կառավարման համակարգում հնարավորինս երկար պահպանել իր ազդեցությունը:

Այս ցանկությունը Սերժ Սարգսյանի մոտ նոր չէ, այլ այդ ամենին նա սկսել էր նախապատրաստվել շատ վաղուց. սկզբում նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ կիսանախագահական համակարգից անցում կատարելով խորհրդանական կառավարման համակարգի: Հիշում եք՝ հանրաքվեն անցկացվեց ամենավերջին ընտրակեղծիքներով, երբ, չնայած հասարակությունը միահամուռ «ոչ» քվեարկեց առաջարկվող փոփոխություններին, բայց միեւնույն է` նոր Սահմանադրությունը հայտարարեցին ընդունված:

Ու քանի որ 2018թ. ապրիլից այդ Սահմանադրությունն ամբողջովին կմտնի ուժի մեջ, եւ Հայաստանում կհաստատվի խորհրդարանական կառավարման համակարգ, Սերժ Սարգսյանը հիմա զբաղված է այդ ԱԺ-ում իրեն հավատարիմ բացարձակ մեծամասնություն ունենալու խնդրով: Դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ նա տարբեր կուսակցությունների ընտրացուցակներում ներդրել էր իր թեկնածուներին: Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնելու շեմը հաղթահարեց չորս ուժ, եւ հիմա Սերժ Սարգսյանն այս օրերին զբաղված է իր մարդկանց պատգամավոր «նշանակելու» գործով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը խնդիր է դրել ՀՀԿ-ում եւ նոր խորհրդարանի տարբեր խմբակցություններում ունենալ 85-90 հավատարիմ պատգամավոր (հավանական է՝ կանգ առնի 87 պատգամավոր ունենալու մտքի վրա): Այդ մարդկանց մի մասն, իհարկե, այս ընթացքում ամեն ինչ կանի՝ արտաքուստ ցույց տալու համար, թե որեւէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի հետ, արտաքուստ ընդդիմադիր կձեւանա, բայց իշխանության համար օրհասական պահերին նրանք կմիավորվեն «հանուն ազգի» գաղափարի:

Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ընտրություններից անցել է ուղիղ մեկ ամիս, բայց խորհրդարան անցած ուժերը դեռ չեն հստակեցրել, թե իրենց թեկնածուներից ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնելու, ովքեր՝ գործուղվելու խորհրդարան: Եւ այն արդարացումները, թե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ընտրությունների արդյունքները բողոքարկել է ՍԴ-ում, եւ իրենք սպասում էին ՍԴ որոշմանը, իրականության հետ չունի որեւէ առնչություն. չէ՞ որ ի սկզբանե պարզ էր՝ ՍԴ-ն, միեւնույն է, մերժելու է հայցը՝ անփոփոխ թողնելով ընտրությունների արդյունքները: Այնպես որ, այս ընթացքում կամ գոնե ՍԴ որոշումից հետո խորհրդարանական ուժերը կարող էին հրապարակել ապագա պատգամավորների անունները: Բայց սա չեն արել, քանի որ սպասում են Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը:

Սակայն իշխանության ձեւավորման գործընթացը Սերժ Սարգսյանը միայն խորհրդարանում հավատարիմ անձանց գործուղելով չի ավարտելու, այլ վերջին ակորդը լինելու է նոր կառավարության կազմավորումը, բայց ոչ թե հիմա, այլ 2018թ. ապրիլին: Ճիշտ է` մայիսի 18-ին, երբ նոր խորհրդարանը ստանձնի լիազորությունները, եւ տեղի ունենա առաջին նիստը, գործող կառավարությունը հրաժարական կտա, եւ Սահմանադրության համաձայն` կձեւավորվի նոր կառավարություն: Բայց սա լինելու է ժամանակավոր կառավարություն, որն ունենալու է մեկ տարվա կյանք, իսկ հիմնական կառավարությունը կձեւավորվի արդեն 2018թ. ապրիլից, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը: Եւ ահա այդ նոր կառավարությունն արդեն կլինի բացառապես Սերժ Սարգսյանի կառավարությունը:

Ընդ որում, այստեղ ամենեւին էլ կապ չի ունենա, թե ո՞վ է լինելու վարչապետը, ովքե՞ր են լինելու նախարարները. խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում իրական իշխանությունը կենտրոնացած է լինելու այն կուսակցության ձեռքին, որն ԱԺ-ում ունենալու է բացարձակ մեծամասնություն, որը նշանակելու է կառավարություն, որը նշանակելու է պաշտոնյաների: Այսինքն՝ այլեւս օրենսդրորեն իշխանությունը պատկանելու է ՀՀԿ-ին: Եւ քանի որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ նախագահ, ինքն է շարունակելու որոշել իշխանության կազմը:

Չնայած, հավանական է, որ 2018թ. ձեւավորվող նոր կառավարության ղեկավարը լինի հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը. այս առումով նա տարբեր ակնարկներ է արել. հիշում եք «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հայտնի հարցազրույցը, երբ չէր հերքել 2018-ից հետո վարչապետ դառնալու հավանականությունը` ասելով, որ դա կապված է լինելու ԱԺ ընտրություններում իր կուսակցության հաջողությունից: Այս տարվա փետրվարին Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն ավելի լայն լիազորություններ ու հնարավորություններ կունենա, քան հիմա ունի նախագահը. «Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին։

Նպատակը հետեւյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները»,- ասել էր նա: Իսկ մարտին էլ` Արցախ այցի ժամանակ, հայտարարել էր. «Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով` ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ, դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որեւէ ձեւաչափով օգտակար կլինեմ»:

Հիմա ՀՀԿ-ն ընտրություններում հաջողություն գրանցեց (ճիշտ է՝ վարչական ռեսուրսների եւ 10 հազար դրամների, քրեական տարրերի շնորհիվ, բայց փաստ է, որ ունեն կայուն մեծամասնություն), Սերժ Սարգսյանն էլ տարբեր խմբակցություններում ունենալու է իր պատգամավորները, այնպես որ, որեւէ բան այլեւս չի խանգարում նրան շարունակել պաշտոնավարմանը որպես գործադիրի ղեկավար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ