ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞ՆՆ Է ՄԱՍՈՆՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օրերս բացվել է մասոնական նոր օթյակ: Այդ նպատակով Երեւան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը: Վերջինս հանդիպել է նաեւ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

Ինչպես հայտնի է՝ մասոների նկատմամբ մեր հասարակությունը ոչ միանշանակ վերաբերմունք ունի: Դեռեւս տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ այդ կազմակերպության անդամ է համարվում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն առաջին նախագահի թիմակիցներն էլ հայտարարում էին, որ դա սուտ է, եւ այդպիսի ապատեղեկատվությունը շրջանառության մեջ է դրվում Վազգեն Մանուկյանի թեթեւ ձեռքով: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանից փորձել է պարզել, թե ինչո՞վ է Հայաստանը հետաքրքրել մասոններին, իսկ Վազգեն Մանուկյանից էլ հետաքրքրվել ենք, թե ինչո՞վ էր պայմանավորված իր հանդիպումը Աբբասի հետ:

Գուրգեն Եղիազարյան. ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար
-Պարո՛ն Եղիազարյան, Հայաստանում բացվել է «Մեծ Արեւելքի» մասոնական օթյակ: Ինչո՞ւ են մասոնները որոշել գնալ այդ քայլին, ինչպե՞ս կպարզաբանեք նրանց գործունեության ծավալումը Հայաստանում:
-Դե, մասոնները աշխարհով մեկ տարածված են, տարբեր մասերում նրանք ունեն օջախներ, հայտնի է, որ ամեն մեկ րոպեն մասոններին բերում է մոտ մեկ միլիոն դոլար եկամուտ: Նրանք հայտնի են իրենց գործունեությամբ, նաեւ բարեգործական ծրագրեր են իրականացնում: Բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք անցալ դարի սկզբին մասոնների հետ ունեինք շատ վատ պատմություն: Հայտնի է, որ երիտթուրքերը ծնունդն էին մասոնական հատվածի: Այդ պատմական փաստը մեծագույն դժբախտություն էր մեր՝ հայ ազգի գլխին: Երիտթուրքերի պարագլուխները «Մեծ Արեւելքի» մասոնական խմբերից էին:
-Ովքե՞ր պետք է մեր պետությունում հետեւեն նրանց գործունեությանը:
-Դա լեգալ կազմակերպություն է, առանց պետության մասնակցության դա չի լինում: Միանշանակ դրանք եկել են իշխանության թույլատվությունը ստանալուց հետո, այնպես որ մասոնների մասին մտածմունքները… հիշո՞ւմ եք՝ 2008 թվականին ինչպես էին հորջորջում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասոնական շարժման ղեկավար է, հետո պարզվեց՝ այդպես չէ: Հիմա էլ առաջիկայում կերեւա, թե ովքեր են նրանց բարիկադները Հայաստանում: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկությամբ լիներ, մասոնները միանշանակ չէին մտնի Հայաստան:
-Իսկ ինչո՞ւ են նրանք նախընտրել Հայաստանը, ինչո՞վ է մեր երկիրը նրանց գրավել:
-Հայաստանը գտնվում է շատ հանգուցային դիրքում: Այստեղ խաչվում են շատ աշխարհաքաղաքական ուղիներ:
-Ասում եք՝ իշխանության թույլտվությամբ են եկել Հայաստան, կոնկրետ ու՞մ:
-Եթե մեկը հրավիրել է մասոններին, քարտ-բլանշ է տվել, ապա այդ մեկը Սերժ Սարգսյանն է, ուրիշ ոչ մեկը:
-Վտանգավո՞ր չէ մասոնների ակտիվացումը Հայաստանում, ամեն դեպքում՝ հասարակության կողմից վախի զգացում կա:
-Վտանգի մասին բան ասել չեմ կարող, բայց մասոնները, իմ կարծիքով, պետք է մեղա գային այն մասոնների անունից, ովքեր սանձազերծեցին Մեծ Եղեռնը, ինչը մինչ օրս ոչ մեկը չի կատարել:

Վազգեն Մանուկյան. ՀՀ հանրային խորհրդի նախագահ
-Պարո՛ն Մանուկյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հանդիպումը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ:
-Ուզեցել են հանդիպել, եկել են հանդիպել ենք, ինչն է պրոբլեմը, իրենց ուղեկցող սփյուռքահայերից մեկը զանգեց, խնդրեց, որ հանդիպենք, հանդիպեցի, ոչ մի պրոբլեմ չկա այդտեղ:
-Համենայն դեպս, պաշտոնական հանդիպում է եղել, ի՞նչ հարցերի շուրջ եք խոսել:
-Ո՛չ, պաշտոնական հարցերը որո՞նք են, ինչ որ լրատվականներին տվել է մեր մամուլի պատասխանատուն, դրանից ավել բան չի եղել:
-Հայաստանում ոչ միանշանակ վերաբերմունք կա այդ կազմակերպության նկատմամբ: Դա չի՞ մտահոգել Ձեզ:
-Ես գիտեմ, բայց ինձ համար դա նշանակություն չունի: Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում:
-Այդ կազմակերպությունը շատ փակ, գաղտնի եւ խորհրդավոր կազմակերպություն է…
-Ցանկացած ժողովրդի մեջ մի ինչ-որ հատված կա գավառական, որը ուրիշ ձեւով է նայում այդ բաներին, պետք չէ հարմարվել իրենց: Կառույց է, որը որ նշանակություն ունի աշխարհում, եւ եթե իրենք ուզում են հանդիպել, բնական է, որ պետք է հանդիպել, եւ ցանկացած կառույցի հետ որ խոսում ես, պետք է քո պետական, ազգային հարցերը փորձես առաջ տանել:
-Իսկ ինչո՞ւ են հենց Ձեզ հետ ցանկացել հանդիպել:
-Դա արդեն իրենց հարցրեք, ինձ մի հարցրեք:
-Հայաստանում բացվել է «Մեծ Արեւելքի» մասոնական օթյակ: Ի՞նչ ընկալում դա կունենա:
-Այդ բաները ես չեմ իմանում, ճիշտն ասած: Իրենց տեխնիկական կազմակերպական հարցերի հետ գործ չունեմ, դրա համար ինձ այդպիսի հարցեր մի տվեք, տեղյակ չեմ ուղղակի:
-Նորմա՞լ եք վերաբերվում այդ փաստին:
-Ինչն է բանը, եթե պետական օրենքների խախտում չկա, թող բացեն: Հազարավոր կազմակերպություններ հիմա ստեղ բացել են, հիմա ամեն մի կազմակերպության համար նստենք, առանձին քննարկե՞նք:
-Ճանաչու՞մ եք մարդկանց՝ ՀՀ իշխանության ներսում, որոնք այդ կազմակերպության անդամ են:
-Ես չեմ ճանաչում, ինչու իշխանություններից, ցանկացած մարդ էլ կարող է, բայց ես չեմ ճանաչում, այնպես որ, իմը չէ այդ հարցը:
-Գուցե Դո՞ւք էլ որոշեք անդամակցել այդ օթյակին:
-Ես ավել բան չունեմ ասելու: Դուք հիմա ինձ հետ խոսեցիք ավելի շատ, քան տեւեց հանդիպումը:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԽՈՍՔԻՑ ԳՈՐԾ ԴԱՌՆԱՆ

Մայիսի 18-ին կմեկնարկի 6-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը: Հետեւաբար նույն օրը հրաժարական կտա ՀՀ կառավարությունը, եւ 20 օրվա ընթացքում կձեւավորվի նոր կառավարություն, որը կներկայացնի իր ծրագիրը:

Հիշեցնենք, որ ընդամենը 8 ամիս առաջ Կարեն Կարապետյանը եկավ գլխավորելու գործադիր մարմինը այն վստահությամբ, որ հանդիսանալու է փոփոխությունների սիմվոլ: Եկավ ու խոստովանեց՝ կախարդական փայտիկ չունի, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնի օրհասական վիճակում գտնվող մեր տնտեսությունը: 28 էջից բաղկացած ծրագրում ներառված էին գրեթե բոլոր բնագավառները, իսկ ծրագրի մասին խոսելիս հանրապետականները այն համարում էին հավակնոտ եւ պարտադրող: Ծրագրի չիրականացված դրույթներին միանգամից անդրադառնալ եւ մեկ հոդվածի շրջանակներում ներկայացնել հնարավոր չէ, ուստի ընդամենը մեկ-երկու կետ ներկայացնենք, որոնք այդպես էլ կա՛մ չիրականացան, կա՛մ էլ կիսատ մնացին:
Կառավարության ծրագրում նախատեսվել էր պետական կառավարման համակարգի օպտիմալացում: Ճիշտ է՝ նախնական շրջանում, երբ վարչապետը խնդիր ուներ հասարակության աչքին իր վարկանիշը բարձրացնելու, սկսեց որոշ ՊՈԱԿ-ներ եւ ԾԻԳ-եր կրճատել, բայց այդ գործընթացը տեւեց մինչեւ տարեվերջ. վարչապետը բավարարվեց՝ մի քանի այդպիսի կազմակերպություններ լուծարելով, մինչդեռ նախատեսվում էր լայն ընթացք տալ այդ ամենին:
«Պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը»,-այսպիսի կետ էլ կար կառավարության ծրագրում: Բայց արդյո՞ք այն իրականություն դարձավ: Հարցի պատասխանը հստակեցնենք օրինակներով ու ծրագիրը կազմած պաշտոնյաներին հղված հարցով՝ քաղաքապետարանի թանկարժեք շոկոլադներն ու սու՞րճը, կառավարությանն առընթեր մարմինների կողմից գնված պրեմիում տեսակի բենզի՞նը, թե՞ ՍԴ-ի թանկարժեք ամսագրերն ու բույսերն են թույլ տալիս հավատալ այս կետի իրականացմանը:
Հարկավ 8 ամիսը կարճ ժամանակահատված է, բայց վերոնշյալ կետերի իրականացման համար մեկ օրն էլ բավական կլիներ, եթե առկա լիներ քաղաքական կամք ու վճռականություն՝ ենթակա կառույցների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու, պատժամիջոցներ կիրառելու համար:
Այն, որ Կարապետյանը շարունակելու է ղեկավարել գործադիր մարմինը, արդեն հստակեցված է, ուրեմն ժամանակն է, որպեսզի վարչապետի «մարդամոտ» եւ «ազգանվեր» նպատակները խոսքից գործ դառնան: Ի վերջո, միայն դրայվն արդեն քիչ է:

Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ
Դեռեւս հայտնի չէ՝ երբ է կայանալու Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը: Ենթադրվում էր՝ այդ մասին պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեին ապրիլի 28-ին Մոսկվայում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Նալբանդյանի, Մամեդյարովի եւ Լավրովի հանդիպման ժամանակ: Սակայն դրանից հետո Մամեդյարովն ասել էր. «Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել»: Իսկ երեկ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը APA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն չունի. «Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որ կայացել է ապրիլի 28-ին, տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

 

 

ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՄԻԵԴ
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ այնտեղ վիճարկելով խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտնի է՝ օրերս սահմանադրական դատարանը մերժեց դաշինքի՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀԱԿ վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են գտնվում այժմ: Աբրահամյանի խոսքով՝ նախապատրաստական փուլում են, եւ հստակ չի կարող նշել է, թե մոտավորապես երբ պատրաստ կլինեն ՄԻԵԴ դիմելու համար, որովհետեւ.«Դա բավականին երկար աշխատանք է, ՄԻԵԴ դիմելը բավականին ծավալուն աշխատանք է»,- նշեց Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ իրենք այս պահին այդ գործի վրա են աշխատում:

 

 

ՊԱՏՎԵՐ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը պատրաստվում է լուծարել «Կոմտեա» ԲԲԸ-ն: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է տեսական եւ փորձնական հետազոտություններ կատարելով` աշխատանքներ տանելով ալիքային էներգիայի հեռու տարածությունների վրա սեղմման եւ կոնցետրացային սկզբունքները մշակելու նոր երեւույթի ստեղծման ուղղությամբ: Ընկերության կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքները պետական ֆինանսավորում չեն ստանում, իսկ նմանատիպ աշխատանքների կատարման այլ պատվերներ պետական եւ մասնավոր հատվածից չկան: Ընկերության կողմից առաջարկներ են ներկայացվել արտասահմանյան կազմակերպությունների, որոնցից նույնպես պատվերներ չեն ստացվել: Ներկայումս ընկերությունում աշխատում են տնօրենն ու գլխավոր հաշվապահը: Եւ որպեսզի ընկերությունը պարտավորություններ չկուտակի, լուծարվում է: Ի դեպ, «Կոմետա»-ի կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը կազմում է 80 տոկոս:




Լրահոս