ՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ՀԱՐԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը նվազեցրել է պետական բյուջե վճարած հարկերն ու տուրքերը: Իսկ «Փարկինգ սիթի սերվիս» պետական ՓԲԸ-ն վերջին փոփոխությունների արդյունքում տեղ չի գտել խոշոր հարկատուների ցանկում:

Նշենք, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 249 մլն 679 հազար դրամ հարկ ու տուրք: Ընկերությունը զբաղեցրել է ցանկի 132-րդ տեղը: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերությունը պետական բյուջե վճարել է 255 մլն 788 հազար 600 դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով 110-րդ տեղը: Այսինքն՝ 6 մլն 109 հազար 600 դրամով նվազեցրել է հարկերը: Ենթադրվում է, որ վարորդներից իրականացվող բռնագանձումներից «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ նվազել են:
Իսկ ահա «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը անցած տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 85 մլն 677 հազար դրամ հարկ ու տուրք: Բայց այս տարվա առաջին եռամսյակում նշված ընկերությունը ՊԵԿ-ի հազար խոշոր հարկատուների ցանկում չկա: Պատճառը վերջին փոփոխություններն են, որոնք անցած տարի տեղի ունեցան ընկերության հետ: Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված՝ «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն էին պատկանում եւ վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը փոխանցվում էր այդ ՓԲԸ-ի դրամարկղ:
Անցած տարվա վերջին Երեւանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն ձեռք բերեց «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը, այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում, այդ փաստը պետք է հստակ ամրագրվեր արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից:
«Ժողովուրդ»-ը ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանից հետաքրքրվեց` ինչն է պետբյուջե վճարվող հարկերի նվազման պատճառը: Հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. «Այս տարվա հունվարից մեզ տեղափոխել են խոշոր հարկատուների ցանկ, բայց հետ են տանելու, որովհետեւ մեր շրջանառությունը վերջին փոփոխությունների հետ կապված 3-4 անգամ նվազել է»:
Նրա խոսքերով՝ նախկինում գործող պայմանագրի համաձայն՝ «Փարկինգ սիթի սերվիս»-ը քաղաքապետարանին ծառայութուն էր մատուցում եւ մատուցած ծառայությունը ուղղակիորեն կապված էր հավաքագրված գումարի հետ՝ տոկոսային հարաբերակցությամբ: Իսկ վերջին փոփոխություններից հետո պայմանագիրը չեղարկվեց եւ «Փարկինգ սիթի սերվիսը» նվիրատվությամբ հանձնվեց Երեւան համայնքին: Փոխարենը համայնքի ավագանու որոշմամբ կնքվեց նոր պայմանագիր, որի համաձայն՝ «Փարկինգ սիթի սերվիսը» ավտոկայանատեղիի կազմակերպման ծառայություն մատուցում է Երեւան համայնքին, իսկ դրա դիմաց ստանում է պայմանագրով հաստատված ամսական կոնկրետ գումար՝ «ոչ ավել, ոչ էլ պակաս»:
««Փարկինգ սիթի սերվիսը» պարտավոր է տեղավորվել այդ ամսական վճարումների մեջ եւ գործը կազմակերպել. նախկինի նման գումարները գնում են Երեւանի բյուջե, եւ այն տնօրինում է Երեւան համայնքը: Ուղղակի նախկինում եթե դրանից ընկերությունը տոկոս էր ստանում, այսինքն՝ ինչքան շատ հավաքագրվեր, այդքան շատ էր ստացվող գումարը: Այս պարագայում ընկերության կոնկրետ մինիմալ ծախսերը հաշվարկվել է, եւ այդ գումարը ֆիքսվել է. ընկերությանը իր գործը անելու համար ամսական կտրվածքով գումար է տրամադրվելու, որով էլ հոգալու է ծառայություններ մատուցելու համար ծախսերը»,- ներկայացրեց Հարությունյանը: Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակի պատճառը հասույթի նվազումն է: «Եթե նախկինում հավաքագրված գումարներից որոշակի տոկոս գալիս էր ընկերությանը որպես հասույթ մատուցած ծառայությունների դիմաց, ապա հիմա դրա դիմաց ստացած հասույթը տարեկան հստակ գին է ֆիքսվում եւ դրանից ավել չի կարող լինել»,- բացատրեց ընկերության տնօրենը: Նա վստահեցրեց, որ իրենց ընկերությունը միանշանակ խոշոր հարկատուների ցանկում չի լինի:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ եթե հարկատեսակը չի նվազել, փողոցները չեն պակասել, ավտոմեքենաները՝ նույնպես, ապա այս դեպքում ինչու է ընկերության հարկերը նվազել, տնօրեն Հարությունյանը պատասխանեց. «Որովհետեւ նախկինում Երեւանի քաղաքապետարանում հավաքվում էր x միավոր, ընկերությունը դրանից ստանում էր y միավոր գումար, հիմա ստաբիլ ֆիքսված է, որ ընկերությունը ստանալու է z գումար»:
«Ժողովուրդ»-ը ընկերության տնօրենից տեղեկացավ, որ ընկերության բոլոր ծրագրային համակարգերը, ինչպես նաեւ վերահսկողության բոլոր լծակները գտնվում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների մոտ: Նրա խոսքերով՝ ընկերությունը ապացույցները ներկայացնում է առցանց ռեժիմով, իսկ իրավախախտումներ կազմում է քաղաքապետարանը: Ընկերության գործառույթն ավարտվում է այն պահին, երբ ապացույցները ներկայացվում են Երեւանի քաղաքապետարանին:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը տարիներ առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե իրենք իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ են փնտրում, քանի որ վնասով են աշխատում: Փաստորեն այս ընթացքում ոչինչ չի փոխվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՔԱՆԴԵԼ Է ՈՒ ՉԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքում հիմնական խնդիրը ճանապարհների անբարեկարգ ու ոչ անցանելի վիճակն է: Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ անտառների մեջ:

Ծաղկաշատի գյուղապետ Սամվել Թանդիլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ժամանակին գյուղի ճանապարհները ասֆալտապատված են եղել, սակայն գյուղում ՀԷԿ են կառուցել, ինչի արդյունքում շարքից դուրս են եկել ոչ միայն ճանապարհները, այլ նաեւ ջրահեռացման համակարգն ու ճանապարհների հենապատերը. «ՕՍՏԵԼ» ՍՊԸ-ն 2007թ. որոշեց ՀԷԿ կառուցել ու քանդեց ճանապարհները՝ խողովակաշար անցկացնելու նպատակով: ՀԷԿ-ը 6 ամիս անց շահագործման հանձնեց, բայց մինչ օրս ճանապարհների վրա որեւէ բարեկարգման աշխատանք չի տարվել, ինչի հետեւանքով մեքենաները մեծ դժվարությամբ են հասնում գյուղ: Քիչ չեն դեպքերը, երբ տաքսիները պարզապես հրաժարվում են հասնել մեր գյուղ»,- բողոքեց գյուղապետը: Նա նշեց, որ խնդրի կապակցությամբ բազմաթիվ գրություններ է ուղղարկել ՀԷԿ-ի փաստացի տնօրեն Տիգրան Օհանյանին՝ պահանջելով նորոգել իրենց քանդածը, սակայն որեւէ պատասխան տվյալ ընկերությունից չի ստացվել. «Բազմիցս գրություններ եմ ուղարկել, մարզպետին էլ եմ դիմել, առաջիկայում էլ պատրաստվում եմ դիմել վարչապետին, որ պարտավորեցնեն գան, իրենց քանդածը սարքեն: Մենք ավել բան չենք ուզում իրենցից»,-ասաց նա:
Այն հարցին, թե արդյոք մինչ ՀԷԿ-ի կառուցումը համայնքը որեւէ պայմանագիր չի կնքել ընկերության հետ, որպեսզի պատճառված վնասը փոխհատուցվի, Ծաղկաշատի գյուղապետը պատասխանեց. «2007թ-ին ես համայնքի ղեկավար չեմ եղել, որեւէ փաստաթղթով որեւէ բան ամրագրված չէ»:
Ծաղկաշատը 265 բնակիչ ունի: Գյուղի դպրոցում սովորում է 12 աշակերտ: Գյուղը գազաֆիկացված չէ, ըստ գյուղապետի՝ կարիք էլ չկա գազաֆիկացնելու, քանի որ բնակչությունը պատրաստակամություն չի հայտնում բաժանորդ դառնալ. «Մենք փայտանյութ ենք օգտագործում, գյուղացին չի կարող գազի տակից դուրս գալ»,-ասաց համայնքի ղեկավարը:
Բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է: Համայնքում շաբաթական երեք անգամ ավտոբուս է գործում, որն ըստ համայնքի ղեկավարի՝ լիովին բավարար է: Ծաղկաշատի գյուղապետ Սամվել Թանդիլյանը մեկ անգամ եւս պնդում է՝ կարեւորագույն խնդիրը ճանապարհների նորոգման հարցն է, որը համայնքի բյուջեով հնարավոր չէ լուծել. «Պետք է մի ձեւ ընկերության տնօրինությանը պարտավորեցնել, որ քանդածը նաեւ կառուցել է պետք»,-եզրափակեց համայնքի ղեկավարը:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐ ԽՈՇՈՐԱՑՈՒՄՆԵՐ
2016թ. փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում տեղի ունեցած խոշորացումից հետո Թումանյան համայնքին միացան թվով 7 գյուղական համայնքներ: Արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ այս տարի եւս Լոռու մարզում խոշորացումներ կլինեն: Մասնավորապես ընտրություններ տեղի կունենան Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջաններում: Չնայած նախագիծը դեռ քննարկման փուլում է, եւ որեւէ հստակ պատասխան չկա, թե քանի համայնք է միանալու Ստեփանավանին եւ Տաշիրին, սակայն մի բան պարզ է՝ խոշորացում միանշանակ լինելու է:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին աշխատանքային քննարկումներ են տարվում միայն. «Համայնքի ղեկավարների հետ խորհրդակցություններ են արվում, իրենց առաջարկներն ենք լսում, որից հետո կներկայացնենք տարածքային կառավարման նախարարություն, որն էլ արդեն կտանի կառավարություն ու ազգային ժողով»,-ասաց նա:
Մեզ հայտնի դարձավ, որ Ստեփանավանի տարածաշրջանում կլինի 2 խոշորացված համայնք՝ Ստեփանավան եւ Գյուլագարակ, մյուսները կմիանան նշված համայնքներին: Չի բացառվում սակայն, որ փոփոխություններ լինեն նախագծում:
Իսկ ահա Տաշիրում կլինի 2-3 համայնք: Բոլոր գյուղերը կմիանան Տաշիր քաղաքին, ինչպես նաեւ Մեծավան եւ Սարչապետ գյուղերին: Սա եւս վերջնական չէ ու դեռեւս քննարկման փուլում է:
Գուգարքի տարածաշրջանում, որն ընդգրկում է Վանաձոր քաղաքն ու հարակից գյուղական համայնքները, եւս նախատեսվում է համայնքների խոշորացում իրականացնել, սակայն ընտրությունները տեղի կունենան ոչ այս տարի: Մարզկենտրոն Վանաձորին նախատեսվում է միացնել Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքները: Խոսվում է նաեւ Բազում գյուղը Վանաձորին միացնելու մասին:
Ավելացնենք, որ Ստեփանավանի տարածաշրջանի կազմի մեջ է մտնում Ստեփանավան քաղաքն ու 18 գյուղական՝ Ագարակ, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուրասար, Ուռուտ համայնքները, իսկ Տաշիրի տարածաշրջանում Տաշիր քաղաքն ու 19 գյուղական՝ Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորմուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ համայնքները:
Առաջիկայում կներկայացնենք խոշորացման ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարների կարծիքները` սպասվող ընտրությունների հետ կապված:

Է. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս