Եվրոպայի քաղաքական ճշգրտմանը սպասելիս. բախվում է նույն պարադոքսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջապես որոշվեց Ֆրանսիայի 25-րդ նախագահի անունը: Այս երկրի քաղաքական կյանքում իր էությամբ աննախադեպ ընտրարշավը եզրափակվեց՝ թեկնածուներ Էմանուել Մակրոնի եւ Մարին Լը Պենի միջեւ ընտրություն կատարած ընտրողին լուրջ դիլեմայի առաջ կանգնեցնելով: Նշյալ թեկնածուներից ով էլ ընտրվեր նախագահ, Եվրոպայում քաղաքական հարաբերությունների տրամաբանության վճռական փոփոխությունը այլեւս կայացած փաստ պիտի համարել:

Դեռեւս նախագահական ընտրություներից առաջ թեկնածուների միջեւ անցկացված բանավեճում Լը Պենն իր՝ արդեն նախկին մրցակցին համարել էր անհաղորդ աչքերով մի ամբարտավան բանկիր, որի հաղթանակի դեպքում Ֆրանսիայի նախագահ է դառնալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Լը Պենը սրամտորեն նկատել էր, որ այսպես թե այնպես Ֆրանսիան կին նախագահ էր ունենալու, որը կլինի կա՛մ ինքը, կա՛մ Մերկելը: Եվ այժմ արդեն, երբ հստակ է, որ Մակրոնը ԵՄ-ն ամրապնդելու քաղաքականություն է վարելու, այս պնդումը ավելի քան արդիական է դառնում: Մակրոնի ընտրվելով ակնհայտորեն կամրապնդվի Ֆրանսիա-Գերմանիա տանդեմը՝ ընդդեմ Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության: Այսպիսի պատկեր հիմնավորվել էր դեռ ԵՄ-ի ստեղծման օրերին, որի ջահակիրը Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլն էր: Ֆրանսիայի ու Գերմանիայի համատեղ ջանքերի արդյունքում Եվրոպական մայրցամաքը աստիճանաբար կոնսոլիդացավ այն աստիճան, որ Միացյալ Թագավորությունն էլ նախընտրեց համագործակցությունը մրցակցությունից:

Այսօր Միացյալ Թագավորությունը կրկին անցնում է մրցակցության հարթակին, իսկ Մակրոնի նախագահությունը անխուսափելիորեն բարդացնելու է ՄԹ-ի՝ ԵՄ-ն լքելու գործընթացը: Հայտնի փաստ է, որ դրա համար ՄԹ-ն առնվազն 60 միլիարդ եվրո պետք է վճարի: Եթե Լը Պենը նախագահ դառնար Ֆրանսիայում, ապա այդ գումարը հաստատապես ավելի պակաս էր լինելու, իսկ գործընթացը շատ հեշտ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Ֆրանսիան այդ գործընթացում հաջորդն էր լինելու: Իսկ ահա այժմ Մակրոնն ու Մերկելը պարզապես օր ու արեւ չեն տալու Միացյալ Թագավորությանը ԵՄ-ի առջեւ նրա պարտավորությունները կատարելու պարտադրանքով: Բացի ֆինանսական պարտավորություններից՝ ՄԹ-ը շատ ավելի լուրջ խնդիրներ է ունենալու Մակրոնի, Գերմանիայի ու ԵՄ-ի պաշտոնյաների հետ սոցիալ-տնտեսական պայմանագրերի նորովի կնքման բանակցություններում, ինչից կախված կլինի ՄԹ-ի տնտեսական հետագա զարգացումն ու հարաբերությունները մայրցամաքի հետ: Այս առումով էլ չափազանց խորհրդանշական է, որ Մակրոնը իր հաղթական ելույթին ընդառաջ ամբիոնին մոտեցավ ԵՄ-ի պաշտոնական հիմնի ուղեկցությամբ:

Նկատելի է, որ 2017թ. Ֆրանսիայի պատմության մեջ հայտնվեց իբրեւ տասնամյակների ընթացքում ամենակարեւոր ընտրության տարի, որտեղ թեկնածուները ներկայացան միմյանցից արմատապես տարբերվող ծրագրերով: Ետպատերազմյան շրջանում արեւմտյան ժողովրդավարությունում ձեւավորված ընկալումներում ցանկացած ընտրություն կատարվում էր միեւնույն արժեհամակարգը ներկայացնող, պետության ներքին ու արտաքին քաղաքականության առանձին դետալների հարցում տարակարծություններ ունեցող գործիչների միջեւ:

Այլ կերպ ասած` նախագահի պաշտոնին հավակնում էին քաղաքականության սոսկ ձեւի նկատմամբ հակասություններ ունեցողները, մինչդեռ բովանդակային իմաստով տարբերություններ գտնելը անհույս գործ էր: Նման կերպ էին որոշվում քաղաքական հարաբերությունները ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում եւ այլուր:

2016թ. սկսած` պատկերը արմատապես փոխվեց: Ամեն ինչ մեկնարկեց Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեով, երբ ընտրողների 52 տոկոսը քվեարկեց ԵՄ-ն լքելու որոշման օգտին: Դա առաջին ազդակն էր, որ արեւմտյան աշխարհամասում ետպատերազմյան ստատուս քվոն փոխվում է եւ հաստատված իրավա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարաբերություններում նկատվող տեղատվությունը գործնական ըմբոստության է հանգում: «Վարակը» անմիջապես փոխադրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ խնդիրը շատ ավելի բարդ երանգներ ստացավ: Նախագահական մարաթոնում մնացին միմյանց աշխարհայացքը մերժող երկու թեկնածուներ, որոնցից ընտրվեց ամբոխահաճն ու ռադիկալ փոփոխություններ քարոզողը:

Ինչպես Թրամփն ու Քլինթոնը, այնպես էլ Մակրոնն ու Լը Պենը ներկայացնում էին լիովին այլ աշխարհներ: Նրանց մտահորիզոնները հակոտնյա էին` խաչվելով միայն հեռանկարային իմաստով լուծումներ առաջարկելու անկարողության համատեքստում: Ինչպես ԱՄՆ-ի պարագայում, այսօր էլ Ֆրանսիայի դեպքում բազմաթիվ շրջանակներ տարածում են այն կարծիքը, որ եթե Լը Պենի (Թրամփի) հաղթանակով պետությունը կբախվի անհաղթահարելի մի պատի, ապա Մակրոնի (Քլինթոնի) նախագահության դեպքում հեռվում նկատվում են լճացումն ու անդունդը:

Որքան էլ ծայրահեղացված լինեն նման գնահատականները, դրանից իրավիճակի լրջությունը չի մեղմվում: Արեւմուտքում նկատվում է 1920-ականների վերջի եւ 1930-ականների սկզբի ազգայնամոլական ու ֆաշիստական ախտի տարածման վտանգավոր երեւույթների կրկնությունը:

Ինչպես 100 տարի առաջ, այսօր նույնպես արեւմտյան քաղաքականությունը, որը, թվում էր, հիմնահատակ կերպով հաղթահարել էր ծայրահեղականությունն ու ամբոխահաճությունը, բախվում է նույն պարադոքսին: ՄԹ-ում լեյբորիստների ակտիվությունը, ԱՄՆ-ում դեմոկրատների վերակենդանացումը, իսկ Ֆրանսիայում Լը Պենի պարտությունը դեռ հույսեր կարող են ներշնչել, որ առանց լուրջ կորուստների ռադիկալ պոպուլիզմն ու ազգայնամոլական դրսեւորումները կլինեն կարճաժամկետ եւ անջնջելի հետք չեն թողնի պատմության վրա:

Ն. Հովսեփյան




Լրահոս