ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

Ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից ահռելի գումարներ է ծախսում՝ մայրաքաղաքը «գեղեցկացնելու» համար: Ինչպես տեսնում եք՝ հերթական դեկորացիաներն են տեղադրվում Հանրապետության հրապարակում: Իհարկե, դժվար է ասել, թե դրանք ինչքան ժամանակ կմնան լիարժեք եւ խնամված: Փաստ է, որ Երեւանի քաղաքապետարանը հետեւողական չի լինում իր իսկ կողմից տեղադրված իրերին (աղբաման, նստարան եւ այլն):

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ զինկոմիսարիատն իրավունք ունի՞ վերցնելու իմ զինվորական գրքույկը ու մի քանի օր պահել: Եթե այո, ապա խնդրում եմ ասել՝ ի՞նչ հիմքով:

Գեւորգ Մնացականյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն 27.05.2010 թվականի կառավարության N 657 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար զինվորական հաշվառման գրքույկը, որը կարող է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծառայողների կողմից վերցվել` անհրաժեշտ գրառումներ, զորահավաքային միջոցառումներին մասնակցած լինելու կամ հաշվառման հետ կապված այլ գործողություններ կատարելու համար:

ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Գ. Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ զինվորական հաշվառման վերցված լինելուն վերաբերող փաստաթղթերն են`
1) նախազորակոչային տարիքի, ինչպես նաեւ զորակոչային տարիքի եւ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած քաղաքացիների համար` զինապարտի կցագրման վկայականը.
2) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցնող, ինչպես նաեւ պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար` զինվորական գրքույկը: Զինվորական հաշվառման վերցված լինելու հանգամանքը կարող է հաստատվել նաեւ համապատասխան տարածքային զինկոմիսարիատի կամ հանրապետական զինկոմիսարիատի կողմից ըստ անհրաժեշտության տրված տեղեկանքով:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ այլ պետության քաղաքացիները կարո՞ղ են ստանալ ՀՀ քաղաքացիություն, թե՞ այդ իրավունքից կարող են օգտվել միայն ծագումով հայերը:

Գրետա Միրզախանյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերվում` 1) քաղաքացիության ճանաչմամբ, 2) ծննդով, 3) քաղաքացիություն ստանալու միջոցով, 4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով, 5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով, 6) ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով, 7) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Ըստ նույն օրենքի՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1) օրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում, 2) կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ 3) ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման` ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա,
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է՝ ՀՀ քաղաքացիություն uտանալու համար,
3) որը 1995թ. հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:




Լրահոս