Թրամփը ՆԱՏՕ-ում. նոր դասարան տեղափոխված աշակերտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 8-օրյա ուղեւորությունը հանգրվանեց Եվրոպայում, որտեղ ժողովրդավարության ժանդարմի առաջնորդը հանդիպումներ ունեցավ եվրոպական քաղաքականությունը մշակող էլիտայի գրեթե ողջ աստղաբույլի հետ: Հաջողությամբ հանձնելով քննությունը Մերձավոր Արեւելքում` ԱՄՆ նախագահը էլ ավելի պատասխանատու գործեր ուներ Եվրոպայում, որտեղ հարաբերությունները չեն վճռվում բացառապես ուժի դիրքերից:

Մերձավոր Արեւելքի երկու հիմնական դաշնակիցների հետ հարաբերությունների հստակեցումից հետո Թրամփը ձեռնամուխ եղավ Եվրոպայում ամերիկյան գործերի կազմակերպմանը: Այստեղ նա նախ հանդիպեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, որի հետ ԱՄՆ նախագահի հարաբերությունները ամենեւին էլ նախանձելի չեն:

Դեռ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի օրերին էին Թրամփն ու Պապը միմյանց հետ հեռակա բանավեճ ունեցել, երբ Ֆրանցիսկոսը քննադատել էր հսկայական պատեր կառուցելու Թրամփի նախագծերը: Վերջինս էլ ետ չէր մնացել` կոչ անելով Հռոմի Պապին քաղաքական հարցերին տեղյակ չլինելով չխառնվել դրանց: Եվ ահա Վատիկանում Պապը ստիպված էր ընդունել ԱՄՆ նախագահին, եւ հանդիպման մասին պատմող ռեպորտաժները պարզորեն ցույց էին տալիս կաթոլիկ աշխարհի հովվապետի մռայլ տրամադրությունը: Պապը Թրամփին խաղաղության քարոզ է հղել` շեշտելով, որ յուրաքանչյուր ձեռնարկում պետք է միտված լինի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը:

Թրամփն էլ նկատել է, որ խաղաղությունը կարելի է օգտագործել: ԱՄՆ նախագահը կա՛մ չի ըմբռնել Պապի ուղերձի իմաստը, կա՛մ էլ պարզապես խեղաթյուրել է այն: Պարզ է, որ Թրամփը խաղաղության հասնելը իր համար առաջնահերթություն չի համարում եւ պատրաստ է խաղաղությունն «օգտագործել» ամերիկյան շահերը սպասարկելու համար, իսկ եթե խաղաղությունը իր քաղաքականության մեջ չի տեղավորվում` գրողի ծոցը կուղարկի այն: Պապի ու ԱՄՆ նախագահի հանդիպումը, այսպիսով, կարելի է սոսկ արարողակարգային որակել` որպես արժեհամակարգերով ու մտածողությամբ լիովին հակադիր կերպարների քաղաքավարության դրսեւորում եւ ոչինչ ավելին:

Իսկ ահա քաղաքական շրջանակների հետ Թրամփի հանդիպումները միտված էին հստակեցնելու ետպատերազմյան շրջանից ի վեր ձեւավորված եվրոպա-ամերիկյան դաշնակցության նորօրյա օրակարգը: Այդ շարքում են թե՛ Իտալիայի ղեկավարության հետ հանդիպումները, թե՛ առանձնազրույցը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ, թե՛ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ քննարկումները:

Առանձնակի է հատկապես Մակրոնի հետ հանդիպումը, քանզի նախընտրական շրջանում Թրամփը անթաքույց կերպով սատարում էր նրա մրցակից Մարին Լը Պենին: Ֆրանսիայի կառավարող շրջանակների կողմից իրականացված տեղեկատվական արտահոսքի համաձայն, սակայն, Թրամփը Մակրոնին հայտնել է, որ իրականում իր աջակցությունը եղել է հենց նրա օգտին եւ ոչ թե Լը Պենի:

Թրամփը իրավիճակին հարմարվող անձնավորություն է, եւ բնական է, որ նման պնդում ազատորեն կարող էր կատարել, հատկապես, որ ընտրությունները վաղուց ավարտվել են: Մակրոնի հետ հանդիպումը Թրամփի համար կարծես բավականին բարդ է ստացվել, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Ֆրանսիան Շառլ դը Գոլի ներդրած ավանդույթի ուժով միշտ էլ ըմբոստացել է ամերիկյան քաղաքականությանը:

ԵՄ-ի ամրապնդմանը կողմ արտահայտվող Մակրոնն իր օրակարգով անգամ անուղղակիորեն վիճարկում է Թրամփի քաղաքականությունը, որը սատարում է ԵՄ-ի մասնատմանը: Համոզված կարելի է պնդել, որ Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունը առաջիկայում մեկ անգամ չէ, որ գլխացավանք կդառնա Թրամփի համար:

Ի դեպ, այս նույն շրջանում, երբ ԱՄՆ նախագահը շրջագայում է Եվրոպայում ու հստակեցնում ամերիկյան քաղաքականությունը, նախկին նախագահ Բարաք Օբաման էլ այցելում է Գերմանիա: Այստեղ նա Մերկելի հետ մասնակցել է հրապարակային միջոցառումների, որոնց ավարտից հետո է միայն կանցլերը շտապել Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Թեպետ գերմանացիները հայտարարեցին, որ Օբամայի այցը ծրագրված է եղել շատ ավելի վաղ, քան Թրամփը կորոշեր իր օտարերկրյա ճամփորդության երթուղին, դա չբացառեց Թրամփի ու Օբամայի միջեւ հասարակական շրջանակներում կրկին անգամ համեմատություններ անցկացնելու առիթը, ինչը, ի դեպ, գործող նախագահի օգտին չէ:

G-7-ի հանդիպումից առաջ Թրամփը մասնակցեց նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: ՆԱՏՕ-ի հանդեպ Թրամփը նախկինում խիստ դժկամ վերաբերմունք ուներ եւ անգամ հայտարարում էր, որ կազմակերպությունը հնացած էր, իսկ անդամ պետությունները չէին կատարում իրենց բաժին պարտականությունները` մասնավորապես քիչ վճարելով դրա պահպանման համար: Նախագահ դառնալով, սակայն, Թրամփը փոխեց վերաբերմունքը, ինչը հատկապես դրսեւորվեց Մերկելի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի` ԱՄՆ կատարած այցելությունների ժամանակ: Հանուն արդարության հարկ է նկատել, որ նա Բրյուսելում էլ է խոսել մյուս պետությունների ֆինանսական պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին: Խնդիրն այն է, որ 28 պետություններից 23-ը կազմակերպության պահպանման համար չեն վճարում իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը, ինչպես որ սահմանված է կարգով:

Թրամփը իրավիճակին մոտենում է որպես գործարար, որին խորթ է անհարկի վատնումը` չգիտակցելով, սակայն, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, որը ծառայում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին, ինչպես Հարավսլավիայի դեմ 1990-ականների պատերազմում, եւ իր դոմինանտ դիրքը պահպանելու համար ԱՄՆ-ն ստիպված է հոգալ կազմակերպության հիմնական ծախսերը: Հայտարարությունը առաջացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարության ժպիտախառը դժգոհությունը, որոնք համարում են, որ տեղի եւ պահի իմաստով ԱՄՆ նախագահի բարձրացրած հարցը աննպատակահարմար էր:

Մինչ այդ ամերիկյան պարբերականները կատակում են, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը նման էր նոր դասարան տեղափոխված երեխայի: Այդպիսի տպավորություն է ստացվել թե՛ նրա ելույթի ժամանակ առաջնորդների հայացքներից, թե՛ միմյանց հետ շփումներից, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահը հիմնականում մենակ է մնացած եղել:

Ն. Հովսեփյան




Լրահոս