ԹՐԱՄՓԸ ՍԱՀՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի շուրջ հերթական սկանդալն է բարձրացել, որի կենտրոնում այս անգամ արդեն անձամբ նախագահն է: Ամերիկյան լրատվամիջոցները նոր թափով են տարածում տեղեկություններ այն մասին, որ նախագահը գաղտնի տվյալներ է փոխանցել Ռուսաստանին, ինչը վերլուծական ու լրագրողական շրջանակներում որակվում է իբրեւ ապօրինություն` արժանանալով խիստ քննադատության: ԱՄՆ-ում արդեն սկսել են ավելի հաճախ խոսել իմպիչմենտի մասին:

Թրամփի` Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն դառնալու օրերից ի վեր գրեթե ամեն շաբաթ մամուլը հանդես է եկել նրա մասին սկանդալային հրապարակումներով: Քանի դեռ Թրամփը սոսկ թեկնածու էր եւ ոչինչ ավելին, դրանք վտանգավոր չէին թվում, սակայն այժմ արդեն խոսքը վերաբերում է պետության առաջին դեմքին եւ ԱՄՆ Զինված ուժերի գերագույն հրամանատարին: Նախկինում ռուսական շրջանակների հետ կապերի ու անթույլատրելի շփումների մասին առկա տեղեկություններում գործող անձինք Թրամփի վարչակազմի անդամներն էին, որոնց կարելի էր օրնիբուն քննադատել, ծաղրել եւ անգամ պաշտոնանկ անել առանց վարանելու: Այսօր արդեն Թրամփն է հայտնվել գործողությունների կիզակետում: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թրամփը աշխատանքից հեռացրեց իր շրջապատի ներկայացուցիչների եւ ռուսական ղեկավարության գաղտնի կապերի մասին լուրերի իսկությունը քննող ՀԴԲ-ի ղեկավարին: Դրանից անմիջապես հետո ամերիկյան լրագրողները հետազոտական աշխատանքին ձեռնամուխ եղան նոր թափով, ինչի արդյունքը դարձավ Washingtonpost-ի հրապարակումն այն մասին, որ ս.թ. մայիսի 10-ին նախագահ Թրամփը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բացահայտել է Իսլամական պետության վտանգավոր ահաբեկչական գործողությունների մասին իսրայելական հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկությունները` կապված օդանավերում համակարգիչների կիրառության հարցի հետ: Ըստ ամերիկյան պարբերականի աղբյուրների` Թրամփը տեղեկատվական բացահայտումներ է արել ՌԴ ԱԳ նախարարի ու դեսպան Կիսլյակի առաջ` վտանգելով նյութի ու դրա հեղինակի գաղտնիությունն ու հետեւաբար անվտանգությունը: Խնդիրն այն է, որ մրցակից տերությանը նման գերգաղտնի տեղեկություններ տրամադրելով՝ Թրամփը թե՛ վտանգի է ենթարկել ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկատվական աղբյուրներ հանդիսացող անհատներին, թե՛ մեծ հարված հասցրել հետախուզական աշխատանքների հետագա ընթացքին: Ենթադրվում է, որ ռուսները կարող են օգտագործել այդ տեղեկությունները ի նպաստ իրենց ու ԱՄՆ-ի թշնամիների:
ԱՄՆ-ի ղեկավար շրջանակները հասցրել են ԶԼՄ-ների տեղեկությունները որակել իբրեւ կեղծիք` պնդելով, որ որեւէ արտակարգ բացահայտում տեղի չի ունեցել: Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականը, ԱՄՆ պետքարտուղարը եւ հանդիպման այլ մասնակիցներ հրապարակավ պնդել են, որ նախագահը քննարկել է ընդհանուր հարցեր` առանց անդրադառնալու կոնկրետ տեղեկությունների, դրանց աղբյուրների, հավաքագրման մեթոդների եւ այլն: Նախագահ Թրամփը, սակայն, չդավաճանելով իր բնավորությանը, հպարտորեն հայտարարել է, որ իր բացարձակ իրավունքով է ահաբեկչության մասին ունեցած տեղեկությունները փոխանցել ռուսներին: Այդ քայլը բացատրելով մարդասիրական պատճառներով` նախագահը հավելել է, որ նպատակ ունի ՌԴ-ին տրամադրել ԻՊ-ի ու ահաբեկչության դեմ պայքարին: Ստացվում է, որ Թրամփը, այդուհանդերձ, ինչ-որ գաղտնի տեղեկություններ հայտնել է Լավրովին, հետեւաբար ամերիկյան լրատվականների ու հատկապես դեմոկրատների դժգոհությունը հիմնավորված է: Ի դեպ, ՌԴ-ի հետ գերգաղտնի տեղեկություններով փոխանակվելու Թրամփի քայլը զայրացրել է նաեւ եվրոպացիներին: Եվրոպական մամուլում արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք առանցքային երկրների հատուկ ծառայություններ վճռել են սահմանափակել համագործակցությունը ամերիկյան կոլեգաների հետ` մտավախություն ունենալով, որ իրենց հայթայթած տեղեկությունները այդքան հեշտորեն կհայտնվեն ռուսների ձեռքում: Այստեղ արդեն բարձրանում է ամերիկյան հատուկ ծառայությունների վստահելիության խնդիրը, որոնց հետ գուցե այլեւս աշխատել չցանկանան ոչ միայն տեղական աղբյուրները` վախենալով իրենց անվտանգության համար, այլեւ գործընկեր ինստիտուտները` զգուշանալով իրենց գաղտնի տվյալների ինքնանպատակ ու վտանգավոր կիրառությունից:
Իրավամբ, Թրամփը հայտնվել է բավականին աննախանձելի իրավիճակում, քանզի իր գործողություններով եւ դրանց` հատկապես օրենքի տեսանկյունից կաղացող բացատրություններով նա իրեն մղում է փակուղի: ԱՄՆ-ում գործնական հողի վրա է դրվում նախագահական լայն լիազորությունների չարաշահումը, որն ավելի խորանալու միտումներ ունի: Թրամփը իրեն պատասխանատու չի զգում հանրության առաջ, ուստի եւ արհամարհում է ԶԼՄ-ներին ու պնդում իր ճշմարտացիությունը թվիթերյան գրագրության միջոցով: Բայց եւ այնպես, ԱՄՆ-ում հավասարակշռության մեխանիզմը չափից դուրս լավ է աշխատում` զինված պետականության ինստիտուտների հզոր փորձառությամբ, որպեսզի թույլատրի նախագահների բռնատիրական հակումների խորացումը: Եթե Թրամփը շարունակի նույն գործելակերպը, որն ակնհայտորեն կոտնահարի ամերիկյան ընտրախավի շահերը, նրա պաշտոնանկությունը լիովին իրական կդառնա: Արդեն իսկ երեւելի հանրապետականները բարձրաձայնել են իրենց խորը մտահոգությունները նախագահի պահվածքի առթիվ: Ի դեպ, ԱՄՆ-ի քաղաքական թատերաբեմում նախագահի իմպիչմենտի գործընթացի ու պատմության մեջ դրա ունեցած նախադեպերի մասին սկսել է խոսվել դեռ Թրամփի երդմնակալության օրերից` որպես նրա նախագահության անփառունակ վախճանի գուշակություն: Նրան հատկապես համեմատում են հանրապետական մեկ այլ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ, որը պաշտոնը թողեց Կոնգրեսում իմպիչմենտի ենթարկվելու սպառնալիքի ներքո: Ճակատագրի հեգնանքով երկու նախագահներն էլ մոտ են բնավորությամբ, ԱՄՆ հայտնի պետական գործիչ Քիսսինջերի հետ մտերմությամբ եւ դեպի իրենց ատելությամբ լցված դեմոկրատների ընդդիմությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

«ԷԼԵԿՏՐՈՆ»-Ի ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է հինգ տարով երկարաձգել «Էլեկտրոն» ԲԲԸ-ի ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Նշենք, որ «Էլեկտրոն» գործարանը ՀՀ պաշտպանության նախարարության համար նռնակներ ու ականներ է արտադրում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերության ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին որոշման նախագիծը կառավարությանը կներկայացնի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ի դեպ, «Էլեկտրոն» ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է ռազմամթերքի արտադրության ավելի քան 4 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:
Ըստ որոշ տեղեկությունների` «Էլեկտրոն» ԲԲԸ-ի սեփականատերերն են Սամվել Աբրահամյանը (40 տոկոս բաժնետոմսեր) եւ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նշենք, որ Սամվել Աբրահամյանը այս գործարանը գնել էր 2005 թվականին, երբ Ճշմարիտյանը զբաղեցնում էր նախարարի աթոռը:
Սակայն հանրությունը այս ընկերության մասին տեղեկացել է դեռեւս 2012 թվականի մայիսի 26-ին գործարանում տեղի ունեցած պայթյունից: Վթարի արդյունքում երկու մարդ էր զոհվել` փոխտնօրեն Ադիբեկ Բարսամյանը եւ արտադրամասի պետ Ջանիբեկ Մարտիրոսյանը: Իսկ վնասվածքներ ստացած մարդիկ բազմաթիվ էին: Պայթյունից օրեր անց պարզվել էր, որ «էլեկտրոնը» որպես վտանգավոր ձեռնարկություն գրանցված չի եղել արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության կենտրոնում, ինչն արգելված է օրենքով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՋՕԸ ՏՆՕՐԵՆԻՆ 3 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՏՎԵԼ
Մայիսի 16-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի տարածքում գտնվող Նոյեմբերյանի նախկին ջրհան կայանների շենքում կայացել է ջուր օգտագործողների ընկերության (ՋՕԸ) «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Ռաֆիկ Ոսկանյանի հանդիպումը նույն մասնաճյուղի Նոյեմբերյանի տեղամասի շուրջ 40 աշխատակիցների հետ: Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում: «Տավուշ» ՋՕԸ-ն ստեղծվել է այս տարվա գարնանը՝ Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի ՋՕԸ-երի միավորման արդյունքում: Նորաստեղծ հիմնարկի ղեկավար Ռ. Ոսկանյանը դրամական միջոցների խնայողության նպատակով ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի պոմպավարներին հրամանով աշխատանքի է ընդունել ոչ թե ապրիլի 1-ին, ինչպես մինչ այժմ արվել է, այլ ապրիլի 24-ին: Նա դա բացատրել է այն բանով, որ այդ օրն են նոյեմբերյանցի պոմպավարները առաջին անգամ գործարկել պոմպերը, ջուր մատակարարել: Բացի այդ՝ նա կարգադրել է ոռոգման սեզոնից առաջ պոմպերը նորոգած պոմպավարներին վճարել հասանելիքի կիսով չափ՝ պատճառաբանելով, որ նրանք բանվորներ չեն, այլ պոմպավարներ: Ռ. Ոսկանյանը հայտարարել է, որ ոռոգման սեզոնի ընթացքում, որը տեւում է 6 ամիս, պոմպավարները աշխատավարձ կստանան ոչ թե ամբողջ ամսվա համար, այլ միայն այն օրերի հաշվով, երբ ջուր մղող պոմպերն աշխատեցրել են: Դա առաջացրել է պոմպավարների դժգոհությունը, քանի որ կարող են լինել օրեր, շաբաթներ, երբ տեղացող անձրեւի պատճառով պոմպերը միացնելու, ոռոգման ջուր մղելու կարիք չլինի: Պոմպավարներն ասել են, որ ամռանը աշխատանքային 8 ժամը ավարտվում է ժամը 17-ին, սակայն իրենք մինչեւ ուշ երեկո հավելյալ աշխատում են, դաշտերն ու այգիները ջուր մղում, սակայն դրա համար լրացուցիչ աշխատավարձ չեն ստանում: ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի բոլոր աշխատողները գրավոր դիմել են Ռ. Ոսկանյանին, որպեսզի իրենց պահանջները կատարվեն: Նրանք ՋՕԸ «Տավուշ» մասնաճյուղի տնօրենին այդ պահանջները կատարելու համար 3 օր ժամանակ են տվել՝ զգուշացնելով, որ այլապես միասնական ձեւով աշխատանքից դուրս կգան: ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի աշխատողները «Ժողովուրդ»-ին ասացին, որ Ռաֆիկ Ոսկանյանը ՋՕԸ «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն է դարձել ջրային տնտեսության պետական կոմիտեում պաշտոն զբաղեցնող իր քրոջ որդու շնորհիվ, այդ պատճառով Ռ. Ոսկանյանը հիմա փորձում է ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարության մոտ աչքի ընկնել, ՋՕԸ աշխատողների հաշվին խնայողություններ անել: Այս տարվա մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանի Տավուշի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակներում Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ լուծարված «Նոյեմբերյան» ՋՕԸ ջրվար Սաշիկ Զալինյանը վարչապետին ասաց, որ իրենք ամիսների չվճարված աշխատավարձեր ունեն: Վարչապետի այցից 2 ամիս է անցել, սակայն Նոյեմբերյանի ՋՕԸ աշխատողներն աշխատավարձի պարտքը չեն ստացել: Այդ ընկերության նախկին աշխատակից կա, ով նախորդ տարիներից 12 ամսվա աշխատավարձ ունի ստանալու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս