Սերժ Սարգսյանը փորձում է հանգստացնել Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններին` ասելով. «Վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի: Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե’ կուսակցության, թե’ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող»։

Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի հայտարարություններին. նա հերքել է Կարեն Կարապետյանի հետ հակասությունների մասին խոսակցությունները, նույնիսկ ասել, որ վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի, բայց այդպես էլ չի տվել հիմնական հարցի պատասխանը` արդյո՞ք 2018թ. ապրիլից հետո Կարապետյանն է լինելու կառավարության ղեկավարը: Մինչդեռ, այս թեմայով խոսելիս Սերժ Սարգսյանը պետք է հենց Կարապետյանի հետագա պաշտոնավարմանն անդրադառնար, եւ սա կլիներ իշխանության ներսում հակասությունների մասին խոսակցություններին վերջ դնելու լավագույն տարբերակը: Ի վերջո մինչեւ 2040 թվականը տնտեսական ծրագրեր ներկայացնող ու կոնկրետ ցուցանիշներ խոստացող Սերժ Սարգսյանը կարող էր խոսել նաեւ իշխանությունների կարճաժամկետ ծրագրերի մասին ու ասեր, թե ինչ են պատրաստվում անել մեկ տարի հետո: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «Վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի», ապա այսպես նա ընդամենը փորձում է հանգստացնել Կարեն Կարապետյանին, ցույց տալով, որ չնայած ապրիլի սոցիալ-տնտեսական մտահոգիչ ցուցանիշներին, նրան պաշտոնանկ չի անի:

Ի վերջո, Ս.Սարգսյանին Կ.Կարապետյանի պաշտոնանկությունը պետք է 2018թ. ապրիլին, այլ ոչ թե դրանից շուտ, այլապես` կխախտվեն ՀՀԿ ղեկավարի պլանները: Իսկ ապրիլին կառավարությունը հրաժարական կտա` ուզի, թե չուզի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս