ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ուշագրավ ակնարկներ է արել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, երբ հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատել էին Ադրբեջանին, Նալբանդյանն ասել է, թե այս իրավիճակում միջնորդները նաեւ պետք է կոնկրետ գործողությունների դիմեն: «Միգուցե սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է արդեն ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը»,- ասել է Նալբանդյանը: Սակայն նա չի մանրամասնել, թե նման իրավիճակում կոնկրետ ի՞նչ գործողություններ կարող են անել համանախագահ երկրները: Համենայն դեպս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատի մեջ չեն մտնում պատժիչ գործողությունները, բայց նրանք կարող են ստիպել կողմերին ստորագրել հակամարտության կարգավորման փաստաթուղթն ու երկու երկրների միջեւ անվտանգության գոտի հանդիսացող տարածքում խաղաղապահներ տեղակայել: Այս դեպքում արդեն Ադրբեջանը չի համարձակվի խախտել հրադադարի ռեժիմը, իսկ եթե կրակոց արձակի, դա կլինի ուղղված միջազգային հանրությանը: Մինչ այդ Նալբանդյանն ասել է, թե Հայաստանը միշտ պատրաստ է ե՛ւ նախարարների, ե՛ւ նախագահների մակարդակով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներին:

 

 

 
Պարզվում է՝ Հայաստանի բնակչության քանակի վերաբերյալ ՀՀ պաշտոնական կայքերում միանգամայն տարբեր ցուցանիշներ են հրապարակված: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նախագահական նստավայրի կայքում նշված է, թե ՀՀ բնակչությունը 3 մլն 18 հազար 854 հոգի է՝ ըստ մշտական բնակչության ցուցանիշի եւ 2 մլն 871 հազար 771 մարդ՝ ըստ առկա բնակչության ցուցանիշի: Իսկ ահա ՀՀ կառավարության կայքի համաձայն՝ ՀՀ բնակչությունը 2 մլն 986 հազար 500 մարդ է՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: Նկատենք, որ նախագահականի կայքում բնակչության թվի վերաբերյալ տեղեկատվությունը բավական հին է. մշտական բնակչության ցուցանիշը պաշտոնական տվյալներով վաղուց ի վեր 3 միլիոնից պակասել է, եւ դա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում՝ նրա իշխանության վարած քաղաքականության հետեւանքով: Ու այս ֆոնին վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի ազնիվ է:

 

 

 
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԵԿ ղեկավարի փոփոխությունից հետո Հրանտ Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ՝ նրա բիզնեսների մասին եւ բոլոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել եւ օգնել է ՊԵԿ Մաշտոցի հարկային բաժնի պետ եղած ժամանակ: Եւ ահա երկու ցուցակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարապետյանը բավական շատ հարկեր չի վճարել բյուջե, եւ ըստ լուրերի՝ նրա առաջ խնդիր է դրվել՝ երկու փուլով պետբյուջե վճարել այդ հարկերը, որ կազմել են շուրջ 1.3 մլն դոլար, այլապես նրան խոստացել են բանտարկել: Կարապետյանն էլ, բնականաբար, որոշել է հանուն ազատության մաս-մաս վճարել ժամանակին չվճարված հարկերը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը» դիմեց Հրանտ Կարապետյանին, սակայն նա հերքեց՝ ասելով. «Անլուրջ բան է»:

 

 

 
Թեեւ կառավարության կազմը գրեթե ամբողջովին պատրաստ է, սակայն Սերժ Սարգսյանը դեռ չի նշանակել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին: ՀՀԿ-ականները, իհարկե, պնդում են, որ Արտեմ Ասատրյանը շարունակելու է պաշտոնավարել եւ նշանակման մասին հրամանագիրն առաջիկայում կհրապարակվի: Քանի որ Արտեմ Ասատրյանի ղեկավարած նախարարությունում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ բացահայտվեցին, «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ո՞ր արժանիքի համար են Ասատրյանին վերանշանակելու: «Մամուլում բարձրաձայնված սկանդալները հիմք չեք ընդունի: Իրավապահ մարմինները երբ որ դրանց հիմնավոր պատասխան կտան, հիմքեր համարեք դրանք»,- ասաց նա: Մեր հարցին, թե կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ ձերբակալություններ եւս եղել են, Բաղդասարյանն ասաց. «Արտեմ Ասատրյանի աշխատանքից մենք գոհ ենք, նա աշխատում է բարձր հնարավորություններով, եւ ապագան ցույց կտա նրա աշխատանքի արդյունքները»:

 

 

ԻՄԻՏԱՏԻՎ
Այս օրերին շատ է քննարկվում հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման հարցը, նշվում է, որ նոր կառույցը շատ ավելի հստակ լծակներ է ունենալու, ավելի մեծ լիազորություններ եւ կարողանալու է կոռուպցիայի դեմ պայքարում բեկումնային արդյունքների հասնել: Անշուշտ, ակնհայտ է, որ համակարգային կոռուպցիայի մեջ թաթախված երկրում որեւէ մարմին չի կարող հեղափոխական արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Առավել եւս, եթե չկա անկախ դատական համակարգ, որն էլ, ի վերջո, նման ցանկացած մարմնի կատարած աշխատանքի իրավական գնահատականը տվող վերջնական ինստանցիան է:
Եվ այս առումով նոր մարմնի ստեղծման հետ կապված լավատեսական ակնկալիքների տեղ առանձնապես չկա՝ չնայած առաջարկի հեղինակ, Աժ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հավաստիացումներին: Ուշագրավ է, որ երեկ լրագրողների հետ զրույցում այդ մասին բավականին հստակ ասաց նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ նկատելով, որ հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծումը չի երաշխավորում դրա արդյունավետությունը. «Մենք կարող ենք ստեղծել այդպիսի 10 մարմին, բայց դա չի նշանակում, որ այդ մարմնի ստեղծման հանգամանքը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը»,- նկատեց Կոստանյանը՝ ընդգծելով, որ նոր մարմնի ստեղծումը, այնուհանդերձ, խոսում է քաղաքական կամքի առկայության մասին:
Ինչ խոսք՝ լավ է, որ իշխանությունները գոնե խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի մասին: Խնդիրն այն է, սակայն, որ այդ կամքի առկայությունը երեք տարի առաջ շեշտվում էր նաեւ հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման փուլում, երբ այդ խորհրդի ձեւավորումից մեծ փի առ էր արվում, ասվում էր, որ սա աննախադեպ մի մարմին է լինելու եւ լրջորեն փոխելու է իրավիճակը: Երեկ, սակայն, թե՛ Արփինե Հովհաննիսյանը, ով այդ խորհրդի ջատագովներից էր, թե՛ Գեւորգ Կոստանյանը, ով, ի դեպ, նաեւ 2008-2011 թթ. հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն էր, հայտարարում էին, որ կոռուպցիայի դեմ պայքարի առկա խորհուրդը արդյունավետ չի գործել, քանի որ եղել է խորհրդատվական մարմին՝ առանց գործուն լծակների:
Լավ, եթե այդպես է, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ ուրեմն այդ անարդյունավետ խորհրդի ստեղծման փուլում որեւէ մեկը չէր ասում, որ այն չի կարող լինել կոռուպցիայի դեմ պայքարի իրական գործիք, քանի որ չունի լծակներ: Նույնը նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ստեղծման ժամանակ էր. նախ՝ վարչապետի եւ արդարադատության նախկին եւ ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանի մակարդակով խոստանում էին, որ այդ մարմինը կատարյալ թափանցիկություն է ապահովելու, որ տարեկան լինելու են տասնյակ, հարյուրավոր վարույթներ՝ կապված հնարավոր չարաշահումների հետ: Սակայն իր գործունեության ընթացքում այդ մարմինն այդպես էլ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի չարաշահումների հետ կապված վարույթ չհարուցեց: Պարզվեց՝ լծակ չուներ:




Լրահոս