Թրամփը առաջինը հանդիպեց Պորոշենկոյին. հերթում Պուտինն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփին, փոխնախագահ Փենսին, պետքարտուղար Թիլլերսոնին: Թրամփի հետ հանդիպումը հատկապես կարեւոր էր Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների ֆոնին: Հայտնի է, որ Թրամփը բազմիցս գովաբանել է Պուտինին ու վերջինիս քաղաքականությունը եւ ահա այժմ ստիպված է հանդիպել հենց Պուտինի կողմից անընդունելի առաջնորդներից մեկին: Հատկանշական է, որ նախագահական հանդիպումը բավականին սառն է անցել. կրել է սոսկ մակերեսային բնույթ:

Ամերիկյան մամուլը արդեն իսկ հասցրել է ծաղրաբար վերաբերել Ուկրաինայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը՝ Պորոշենկոյի այցը գնահատելով իբրեւ Սպիտակ տան կողքով անցնելիս բարեւի համար դուռը թակելու գործողություն: Խնդիրն այն է, որ Ուկրաինայի նախագահին ԱՄՆ-ում չեն դիմավորել ինչպես պատշաճում է նախագահաներին ընդունելու ու ճանապարհելու արարողակարգով: Մասնավորապես Թրամփը Սպիտակ տան մոտ չի դիմավորել Պորոշենկոյին, ինչպես վարվել է այլ առաջնորդների հետ:

Պորոշենկոն ստիպված է եղել ինքնուրույն հասնել նախագահական նստավայրի արեւմտյան թեւ առանց պաշտոնական ազդարարման: Սպիտակ տան ներկայացուցիչները ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան՝ պարզաբանել են, որ յուրաքանչյուր հանդիպում իր առանձնահատկությունն ունի, ուստի կարիք չկա հակադրել նախագահի ու այլ առաջնորդների հանդիպումները միմյանց: Իրավիճակը նկատելիորեն փոխել է ԱՄՆ վարչակազմի քայլը՝ շուրջ 38 մարդու ընդգրկել պատժամիջոցների նոր ցուցակի մեջ, որոնց շարքերում կան Ուկրաինայի հետ ընթացող հակամարտությանը անմիջական ներգրավված մի շարք ռուսներ: ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուշինը հայտարարել է, որ այդ պատժամիջոցները նպատակ ունեն Ռուսաստանին հակել դեպի դիվանագիտական լուծումը՝ արտահայտելով ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը:

Պաշտոնական հայտարարությունները նույնպես պակաս հետաքրքիր չեն: Պորոշենկոյի վարչակազմը թվիթերյան հարթակում արված գրառմամբ արձանագրել էր, որ կարեւրագույն հանգամանքներից մեկն այն է, որ ԱՄՆ նախագահն առաջինը հանդիպում է Ուկրաինայի նախագահի հետ եւ միայն դրանից հետո կտեսնվի ՌԴ նախագահի հետ: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Թրամփի հետ հանդիպումը խիստ առարկայական է եղել, մինչդեռ Սպիտակ տան հայտարարության մեջ նախագահական հանդիպմանը հպանցիկ անդրադարձ է եղել: Սա կարելի է բացատրել հանգամանքով, որ Պորոշենկոն առաջինը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Փենսին, եւ նախագահի հետ առանձնազրույցը սոսկ ճանաչողական բնույթի է եղել: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը կարծես իր փոխնախագահ Փենսի հետ կիսել է պատասխանատվությունը եւ գերազանցապես չի հանդիպում այն առաջնորդների հետ, որոնց ընդունում է Փենսը, ինչպես, օրինակ, Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը, Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Հերնանդեսը եւ այլն:

Ի դեպ, Մայք Փենսն է նաեւ ՀՀ իշխանությունների հետ ԱՄՆ կառավարող շրջանակների կապավորը, որը 2016թ. դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ինչեւէ, հանդիպումից հետո Թրամփը հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ էր ընդունել Պորոշենկոյին, ում հետ գործակցությունը մեծ առաջընթաց է արձանագրել՝ ընդգծելով իր գոհունակությունը կայացած զրույցից: Մինչդեռ Պորոշենկոն ավելի զուսպ է գտնվել՝ նկատելով, որ երկու երկրները կարող են արդյունավետորեն համագործակցել միմյանց հետ: Պորոշենկոն իր երախտագիտությունն է հայտնել Թրամփին ու ԱՄՆ-ին՝ որպես «Ուկրաինայի ամենավստահելի ու ռազմավարական գործընկերոջ»:

Այսուհանդերձ, Պորոշենկոյին դիմավորելու ու ճանապարհելու՝ ամերիկացիների քայլերը ակնհայտորեն հստակ տրամաբանություն են ունեցել: Խնդիրն այն է, որ ս.թ. հուլիսի 7-8-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալու է G20 երկրների առաջնորդների մեծ գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսվում է Թրամփի ու Պուտինի առանձնազրույցը: Եվ ահա Թրամփը փորձել է խուսափել ռուսական էլիտային անտեղի գրգռելուց, հատկապես որ վերջինս ԱՄՆ-ին է մեղադրում Ուկրաինայի արեւելքում ընթացող ռազմական գործողությունների հրահրման համար: Ըստ այդմ, Թրամփը կարծես փորձում էր մեղմել Պուտինի հետ սպասվող հանդիպման տոնը՝ իր սառնությունը ցուցադրելով Ուկրաինայի նախագահի նկատմամբ: Այդպես Թրամփը կարծես չի դադարեցնում իր անուղղակի ռեւերանսները Պուտինի նկատմամբ, թեպետ մտահոգվելու տեղ նա հաստատ պետք է ունենա:

Հիշենք, որ ԱՄՆ-ում Թրամփը ներկայումս լուրջ խնդիրների է բախվել Պուտինի ու ռուսական կառավարական շրջանակների պատճառով՝ մասնավորապես նկատի ունենալով ՀԴԲ-ում ընթացող հետաքննությունը նրա վարչակազմի առանցքային ներկայացուցիչների նկատմամբ: Բացի այս, ամերիկյան լրատվականները համոզում են, որ ի հեճուկս Օբամայի վարչակազմի, որը շատ ջերմ վերաբերմունք ուներ Պորոշենկոյի հանդեպ, Թրամփն անձնական հարաբերություններ ունի Պորոշենկոյի հակառակորդների հետ: Այս կապակցությամբ հիշատակվում է Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանա Ֆորթը, որը լոբբիստական աշխատանքներ էր տանում Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի համար:

Չթերագնահատելով հանդերձ անձնական հարաբերությունների նշանակությունը՝ քիչ հավանական է, որ Թրամփը ԱՄՆ արտաքին քաղաքականություն Ուկրաինայում կարողանա վարել դրանց հիման վրա՝ անտեսելով ԱՄՆ կենսական շահերը: Կարծելի է, որ այս օրինակ քայլերով Թրամփի վարչակազմը փորձում է մտրակի ու բլիթի քաղաքականություն վարել Պուտինի հետ հուլիսյան հանդիպմանն ընդառաջ: Պուտինն էլ, սակայն, դիլետանտ չէ եւ նախօրեին ԱՄՆ-ի հետ Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման շուրջ հուշագրի շրջանակներում կնքված փոխհարաբերությունները դադարեցնելու մասին ՌԴ ՊՆախարարության քայլը պետք է ընկալել նույնպես այս համատեքստում:

Ն. Հովսեփյան




Լրահոս