ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում նորմալ ապրելու համար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում նորմալ ապրելու համար

Գաղտնիք չէ, որ Հայաստանում աշխատանք գտնելը լուրջ խնդիր է, իսկ աշխատելու դեպքում դեռ երաշխավորված չէ բարձր եկամուտը: Այդ փաստը լավագույնս արտացոլված է Հայաստանում աշխատավարձի կառուցվածքի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած հետազոտության մեջ, համաձայն որի՝ Հայաստանում միջին ժամային աշխատավարձն առանց հարկերի կազմում է 1190 դրամ, այսինքն՝ ամսական մոտ 200 հազար դրամ:

Ընդ որում, ներկայացված թիվը միջինացված ցուցանիշն է: Ասել է, թե իրականում շատ են ավելի ցածր աշխատավարձ ստացողները: ԱՎԾ զեկույցում էլ նշված է, որ հետազոտվածների 23.9 տոկոսը ստանում է ավելի ցածր աշխատավարձ: Հետազոտությունների համաձայն՝ ամենաշատ գումարը վաստակում են ծրագրավորողները, որոնց միջին ժամային վաստակը 5371 դրամ է, իսկ ահա բժիշկը, ճարտարագետը, ուսուցիչը կամ տնտեսագետը մոտ երեք անգամ ավելի քիչ՝ 1900-1400 դրամի սահմաններում: «Եթե վարձատրության սեռային ճեղքվածքը ծրագրավորողի մասնագիտության դեպքում ընդամենը 3% է, ապա կին ճարտարագետի վաստակը 33%-ով ցածր է նույն մասնագիտություն ունեցող տղամարդու վաստակից»,- նշված է հետազոտության մեջ:

Պատկերը, համաձայնեք, առավել քան տխուր է: Շատ ընտանիքներում աշխատում է ընդամենը մեկ հոգի: Ու այս օրվա շուկայական գների պարագայում դժվար է պատկերացնել, թե ամսական մոտ 200 հազար դրամ եկամուտով ինչպե՞ս կարող է ապրել երեք հոգուց բաղկացած ընտանիքը, երբ միայն ձմռան ամիսներին գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարներն աշխատավարձի ավելի քան 25-30 տոկոսն են կազմում, չհաշված մնացած ծախսերը: Այնպես որ, բնական է, երբ նման իրավիճակում մարդիկ որպես իրավիճակից դուրս գալու ելք գերադասում են արտագաղթելը, լավագույն դեպքում արտագնա աշխատանքի մեկնելը:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում: