Արաբ գործարարը մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում

Արաբ գործարարը մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 7-ին ընդունեց Արաբական Միացյալ էմիրությունների մի խումբ գործարարների՝ Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերիի գլխավորությամբ։

Գործարարները նշեցին, որ նպատակ ունեն Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ նաև տրանսպորտի ոլորտում:

«Հայաստանում մենք տեսնում ենք դրական միջավայր ներդրումներ կատարելու համար։ Այստեղ աշխատելով՝ նպատակ ունենք նաև աշխատատեղեր ստեղծել Հայաստանի քաղաքացիների համար»,- ասաց Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերին ։

Գործունեության շրջանակների առնչությամբ նշվեց, որ հարուստ փորձ ունեն ճանապարհաշինության, մասնավորապես՝ մայրուղիներ և երկաթուղիներ կառուցելու, կամրջաշինության ոլորտներում։ Խոշոր ծավալի ծրագրեր են իրականացվել Չինաստանում, Ռուսաստանում, Իրաքում և այլ պետություններում:

Նախարար Վահան Մարտիրոսյանը գործարարներին առաջարկեց համագործակցության հնարավոր մի քանի տարբերակներ, այդ թվում՝ տրանսպորտային համակարգեր ստեղծելու, Երևանից Դիլիջան արագընթաց երկաթուղի, «Զվարթնոց» օդանավակայանը մայրաքաղաքին կապող արագընթաց նոր ճանապարհ կառուցելու ուղղությամբ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ձևավորել աշխատանքային խումբ և երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ առավել մանրամասն քննարկել համագործակցության հնարավոր շրջանակները, դրանց իրականացման ուղղությունները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն