ԲԵԼԱՌՈՒՍԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել: Նրանք դժգոհել են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր պաշտոնական կայքէջում պետական գնումների, նաեւ գնումների վերաբերյալ մրցույթների մասին հայտարարությունները միայն հայերեն լեզվով է տեղադրում, ինչը հակասում է ԵԱՏՄ պայմանագրի՝ 29.05.2014 թվականի 88 հոդվածի 1-ին մասին: Արդյունքում դժվարանում է Բելառուսի կողմից որպես մատակարար Հայաստանի պետական գնումներում մասնակցելու գործընթացը. այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով նաեւ ԵՏՄ կայքում տեղադրված փաստաթուղթը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Փոխնախարար Կարեն Թամրազյանը, ի պատասխան, տեղեկացրել է, որ այդ հարցը սկսել է քննարկվել դեռ 2015թ-ից, եւ դրա վերաբերյալ 2016թ. հուլիսի 5-ին եւ դրանից հետո անդամ-երկրների ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել խորհրդակցություններ: Փոխնախարարը նաեւ նշել է, թե ՀՀ-ում կազմակերպվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում՝ ռուսերեն) պետական գնումների կայքում հրապարակման ուղղությամբ 2016 թվականի հուլիսից ի վեր իրականացվել ու իրականացվում են համապատասխան միջոցառումներ:
Միայն թե նկատենք, որ Բելառուսի բողոքի մասին փաստաթուղթը հրապարակվել է այս տարի նոր միայն, չնայած, ՀՀ պաշտոնյայի պնդմամբ, խնդիրը քննարկվել ու ընդհանուր հայտարարի են եկել դեռ նախորդ տարվա հուլիսին: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկիրն, այնուամենայնիվ, շարունակում է բարձրացնել առաջ քաշած հարցը՝ անհարմար դրության մեջ դնելով Հայաստանին:

 

 

Դեռեւս հունիսի 23-ին կառավարությունն իր պահուստային ֆոնդից 150 մլն դրամ՝ ավելի քան 300 հազար դոլար է հատկացրել՝ ՀՀ գլխավոր դատախազությանը՝ դատախազներին խրախուսելու համար: Միայն թե կառավարության որոշման նախագծի մեջ մանրամասնված չէ, թե կոնկրետ ո՞ր դատախազներն են խրախուսվելու եւ հատկապես իրենց ո՞ր քայլի համար: Խրախուսման ներկայացված դատախազների անունները չի հրապարակում նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը. այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանը նրանք խոստացել են պատասխանել օրենքով սահմանված ժամկետում: Մինչ այդ, նկատենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես եւ իրավապահ մյուս համակարգը դարձել են իշխող ՀՀԿ-ի կցորդը, եւ նրանք շարժվում են Բաղրամյան 26-ից կամ Մելիք-Ադամյան փողոցի հայտնի շենքից իջեցված հրահանգներով: Հետեւաբար խրախուսման կներկայացվեն այն դատախազները, ովքեր կարողացել են Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ռեալ վտանգ ներկայացնող անձանց մեղադրանք առաջադրել եւ դատարաններում այդ մեղադրանքները պաշտպանել:

 

 

 

Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ նույն դատարանի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ: Եւ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող եւ տեսանկարահանող սարքեր են տեղադրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետեւել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչպես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ: Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գործը քննող ՀՔԾ-ն դեռ որեւէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշնչել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել:

 

 

 

Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 75 տարեկանն է: Ընդ որում, այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրների մեջ Վրաստանի հետ միասին երկրորդն է: Առաջին տեղում Թուրքիան է, որտեղ կյանքի միջին տեւողությունը 77 տարի է, իսկ Ադրբեջանում՝ 74 տարի: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա այնտեղ կյանքի միջին տեւողությունը 71 տարի է: Փոխարենը, սակայն, Հայաստանը լրջորեն զիջում է բնական հավելաճի ցուցանիշներով. եթե 2014թ. այն 5.1 հազար էր, ապա 2015-ին այն դարձել էր 4.6: Մինչդեռ նույն Ադրբեջանում այս ցուցանիշը մի քանի անգամ բարձր է. տարեկան բնական հավելաճը 12 հազար է: Հայաստանն Ադրբեջանին զիջում է նաեւ բնակչության թվաքանակով. մեզ մոտ բնակիչների թիվը վաղուց նվազել է 3 մլն-ից, իսկ այնտեղ ավելի քան 9 մլն բնակչություն կա: Տխուր է, բայց փաստ:

 

 

 

ԵՌԱՊԱՏԿՎԱԾ ՊԱՐՏՔՈՎ
Չնայած Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարը, իշխանությունները շտապում են հանգստացնել, թե երկիրն այդ առումով վճարունակության հետ կապված խնդիրներ չունի: Ավելին՝ կառավարությունը շարունակելու է արտաքին նոր պարտքեր վերցնել, ընդ որում, ինչպես մեկնաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սա արվում է տնտեսական զարգացման, նաեւ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով: «Եթե եկամուտները չեն հերիքում ծախսեր կատարելու համար, բնականաբար, պետք է պարտք վերցնել: Առանց դրա հնարավոր չէ… Մենք շարունակելու ենք պարտք վերցնել: Մանավանդ արտաքին պարտք վերցնելիս պետք է շեշտադրումը կատարել կապիտալ ծախսերի վրա, պետք է ջանքեր գործադրել, որ ընթացիկ ծախսերն էլ որոշակի վերաիմաստավորվեն, գնա տնտեսության արտադրողականության բարձրացմանը… Պետք է որոշակի պարտք վերցնել, որ տնտեսական աճ լինի»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարի հայտարարություններն ուշագրավ են մեկ այլ համատեքստում: Նա ըստ էության այսպես գնահատել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ըստ այդմ, ներքին ռեսուրսները չեն բավարարում ո՛չ բյուջեով նախատեսված ծախսերը հոգալու (քանի որ եկամուտները քիչ են), ո՛չ տնտեսական աճ ապահովելու համար, ուստի իշխանություններն այդ նպատակով ստիպված են պարտքեր անել: Ցավալին այն է, սակայն, որ այս վիճակը նոր չի ստեղծվել, այլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին սա դարձել է գործելաոճ. երկրի տնտեսությունը գոյատեւում է հիմնականում հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման, օտարերկրյա դրամական փոխանցումների եւ արտաքին պարտքի շնորհիվ: Ու քանի որ ՌԴ տնտեսության վիճակի վատթարացման հետեւանքով նվազել են դրամական փոխանցումները, միաժամանակ միջազգային շուկայում սեւ մետաղի եւ հանքանյութերի գների անկման հետեւանքով պակասել եկամուտները, իշխանությունները ստիպված են եղել զարկ տալ պետական պարտքին: Արդյունքում, ստացվել է այնպես, որ եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում պետական պարտքը 1 մլրդ 906 մլն դոլար էր, ապա 2016թ. տարեվերջին այն դարձավ 5 մլրդ 942.1 մլն դոլար, իսկ հիմա՝ հունիսի 1-ի դրությամբ՝ 6 մլրդ 95 մլն դոլար: Այսինքն՝ ինը տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 3 անգամ:
Մեկ ուշագրավ փաստ էլ. չնայած նախարարը հայտարարել է, թե արտաքին պարտք վերցնելիս պետք է ջանքեր գործադրել, որ գումարները գնան տնտեսության արտադրողականության բարձրացմանը, Հայաստանում միանգամայն այլ վիճակ է եղել. արտաքին վարկային միջոցների մի մասը պարզապես գրպանվել է: Չե՞ք հավատում, ընթերցե՛ք ՀՀ վերահսկիչ պալատի նախորդ տարիների հաշվետվությունները, օրինակները բազմաթիվ են:




Լրահոս