«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի մանրամասները. դյուրավառ նյութերի պահպանման կանոննե՞ր են խախտվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում բռնկված հրդեհի դեպքի առթիվ. քննություն է տարվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել առ այն, որ 2017թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել է հրդեհ, որի հետևանքով այրվել է ընկերության 2-11 տեղամասի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում պահեստավորված քիմիական՝ լաք-էթինոլ դյուրավառ նյութը, մասամբ փլուզվել բետոնե տարողությունների տանիքները, դեֆորմացվել տանիքի մետաղական ճաղավանդակները, այրվել հարակից տարածքի չոր բուսածածկույթը:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ի մասի հատկանշներով, մշակվել են աշխատանքային վարկածներ և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ: