Ինչ է կատարվել երկաթուղում. պետի մասնակցությամբ ապօրինությունները բացահայտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-Վանաձորի գծի ուղեմասի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ Արսեն Յայլոյանը 2008 թվականից մինչեւ 2015 թվականի մարտի 23-ը եղել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-Վանաձորի գծի ուղեմասի պետ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ապամոնտաժել եւ Վանաձորի գծի ուղեմասի հաշվապահությունում չի ձեւակերպել իրեն վստահված, 405 հազար 400 դրամ ընդհանուր արժողության 20,27 տոննա երկաթգծի վերին կառուցվածքի դետալների մետաղի ջարդոնը:

Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ վերջինս իրեն վստահված մետաղյա ջարդոնը յուրացրել է, ինչի հետեւանքով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Վանաձորի գծի ուղեմասին պատճառել է նույն չափի գույքային վնաս:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս