Ընտրյալս մեր ասպարեզից չէ, և դա շատ լավ է. Ռոզի Ավետիսովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղի ունեցավ պարսկահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի պրեմիերան: Այն ամբողջովին հայկական պատմություն է, որը նկարագրում է արցախյան մի գյուղի կյանք, ուր մարդիկ դիմակայում են տարբեր փորձությունների եւ պատերազմից հետո շարունակում պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սոս Ջանիբեկյանը եւ այլք: «Ժողովուրդ»-ը ֆիլմի եւ այլ թեմաների շուրջ զրուցել է Ռոզի Ավետիսովայի հետ:

-Ռոզի՛, «Եվա» ֆիլմն ի՞նչ առանձնահատկություններ ունի, ինչո՞վ այն Ձեզ գրավեց:

-Որպես դերասանուհու` ինձ համար շատ կարեւոր էր այն կերպարը, որ կերտեցի: Ինձ բավական բարդ հանձնարարություն էր բաժին հասել: Մարմնավորածս կերպարը իմ կարիերայում համարում եմ կարեւորագույնը: Ֆիլմը, որը շոշափում է ղարաբաղյան թեման, ցույց է տալիս, որ դա չվերջացող, չավարտվող թեմա է:

Գործողությունները ծավալվում են հետպատերազմյան Ղարաբաղում, իսկ հերոսներն էլ պատերազմի հետեւանքները կրողներն են: Ի դեպ, նշեմ, որ ֆիլմը նկահանվել է քառօրյա պատերազմից առաջ, բայց, կարծես «կանխազգալովե պարունակում է այն մեսիջը, որ պատերազմը կարող է ամեն րոպե կրկնվել: Ինձ համար շատ պատասխանատու էր խաղալ հերոսուհու, որը հենց ղարաբաղցի է: «Եվան» ֆիլմ է կանանց մասին. դա նրա առանձնահատկություններից մեկն է: Պատահական չէ, որ սցենարիստը, ռեժիսորը (նույն մարդն է) նույնպես կին է: Սա կնոջ ձեռագիր է: Ֆիլմում ընդգրկված են տարիքով եւ երիտասարդ կանանց կերպարներ: Այսպիսով` պատերազմի խնդիրը մենք տեսնում ենք հենց կանանց միջոցով:

-Կնոջ Ձեր տեսակը ինչպիսի՞ն է:

-Նրան չի կարելի կին կոչել: Ես մարմնավորել եմ երիտասարդ աղջկա, որը սիրային անհաջող պատմություն ունենալուց հետո փորձում է հերոսուհիներից մեկի միջոցով ամեն կերպ հայտնվել Երեւանում եւ իր խնդիրներին լուծում տալ: Նա միակը չէ, ով փորձում է գյուղից հեռանալ: Կան էլի հերոսներ, որոնք ձգտում են այդ միջավայրից դուրս պրծնել, օրինակ` պատերազմից խուսափելու համար:

-Մի փոքր էլ խոսենք Ձեր առօրյայից: Նախկինի պես ակումբում աշխատու՞մ եք:

-Հիմա ժամանակ չունեմ, եթե ունենայի, սիրով կաշխատեի: Նկարահանվում եմ «Եթե գտնեմ քեզ» սերիալում, որը խմում է իմ ողջ ժամանակը:

-Սերիալում նկարահանվում եք` զուտ գումար աշխատելու նպատակո՞վ, թե՞ սերիալային աշխատանքն ապահովում է նաեւ մասնագիտական աճ:

-Ես չեմ կարող համաձայնել որեւէ աշխատանք անել, եթե դրանից հաճույքի իմ չափաբաժինը չստանամ: Շատ հրավերներ եմ մերժել հենց այդ չափաբաժնի բացակայության պատճառով: Այդ դեպքում, հավատացեք, ֆինանսական գործոնն էլ չի փրկում:

-Ռոզի՛, լրատվամիջոցները որոշ ժամանակ առաջ գրեցին, որ ունեք ընտրյալ, որը Ձեզնից տարիքով փոքր է: Կա՞ նման բան, թե՞ հերթական բամբասանքն է տարածվել:

-Ընտրյալ, այո՛, ունեմ, բայց տարիքով մեծ է, թե փոքր, չեմ պատասխանի: Ասեմ, որ նա բացարձակ կապ չունի մեր ոլորտի հետ: Ընտրյալս իմ ասպարեզից հաստատ չէր լինի… Դա ինչ-որ առումով սկզբունքային հարց է:

Եթե սիրելիդ քո ոլորտից է լինում, այդ հանգամանքը հաճախ խանգարում է առողջ հարաբերություններ ունենալուն: Բանն այն է, որ այդ դեպքում տղամարդն ու կինը հաճախ բնավորության նույն գծերով են օժտված լինում, իսկ դա խանգարում է հարաբերությունները պահպանելուն: Բացի այդ` ընտրյալիդ` ոլորտի խնդիրներին լավ ծանոթ լինելը հաճախ ոչ թե թեթեւացնում, այլ բարդացնում է իրավիճակը: Իսկ այսպես ավելի հանգիստ է:

-Իսկ շտապո՞ւմ եք կարգավիճակի փոփոխություն անելու հարցում:

-Դեռ ոչ, պաշտոնական ոչ մի քայլ չենք ձեռնարկում, ժամանակ էլ չկա դրա համար: Իմ գրաֆիկի դեպքում, կարծում եմ, դա անհնար կլիներ (ծիծաղում է):

Աննա Բաբաջանյան




Լրահոս