ՍԱՊԾ-ն խաբո՞ւմ է. ընկերության տնօրենը հակադարձում է

ՍԱՊԾ-ն խաբո՞ւմ է. ընկերության տնօրենը հակադարձում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում, դիտարկում է իրականացրել «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության նպատակով՝ պատրաստի արտադրանքի խմբաքանակից (տոմատի մածուկ՝ արտադրված ГОСТ Р 54678-2011 նորմատիվ փաստաթղթով 02.2017-ին) կատարվել է նմուշառում:

Փորձաքննութան արդյունքներով՝ տոմատի մածուկը լուծված չոր նյութի զանգվածային մաս և քլորիդների զանգվածային մաս ցուցանիշներով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին. տոմատի մածուկի դեպքում այն պետք է լինի 25 տոկոս, մինչդեռ կազմել է 13,5 տոկոս, ուստի այդ արտադրանքը չի կարող համարվել «տոմատի մածուկ», այլ հանդիսանում է «տոմատի խյուս»:

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց  «Հայրենյաց բարիքներ» ընկերության փոխտնօրենի հետ, ով ներկայացավ Արման: Վերջինս ArmLur.am-ին տեղեկացրեց, որ իրենք եւս իրենց հերթին լաբորատոր փորձաքննության են ենթարկել տոմատի մածուկը: «Մենք իրենց ապացուցել ենք, որ 20 տոկոսից բարձր է, հետեւաբար խյուս չէ: Չկա նման բան, իրենք սխալվել են, մենք էլ իրենց պատասխանել ենք, որ 21 տոկոս է եւ մեզ մոտ կան այդ լաբորատոր փորաձաքննության պատասխանները կարող ենք հրապարակել: Անպայման կհրապարկենք: Բայց հիմա ամեն բան կարգավորվել է: ՍԱՊԾ տեսուչները դադարեցրել են իրենց աշխատանքները: Իրենք երբ ստուգեցին ու պարզեցին, որ 13 տոկոս է կարգադրագիր տվեցին շուկայից ապրանքները հետ կանչելու վերաբերյալ, բայց երբ մենք իրենց ապացուցեինք, որ 21 տոկոս է` հետկանչ չեղավ»,- հայտարարեց ընկերության փոխտնօրենը:

Եւ այսքանից հետո էլ դեռ ՍԱՊԾ-ն սպառողներին կոչերով է դիմում: Հուսանք, որ առաջիկայում պարզ կդառնա, թե նրանից որի խոսքն է ճիշտը: