Հսկայական ունեցվածքի տեր դաշնակցականը պնդում է, թե հարուստ չէ, փաստերն այլ բան են ասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեից Երեւանում բնակարանի վարձի փոխհատուցում ստացող պատգամավորներից մեկն էլ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանն է` հսկայական ունեցվածքի տեր անձնավորություն, որի ընտանիքին է պատկանում Էջմիածնի «Մոնոլիտ» գործարանը: Ավելին՝ նա բնակվում է Էջմիածնում, որտեղ Երեւանից կարելի է հասնել ընդամենը 20 րոպեի ընթացքում:

Երբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կարապետյանին, վերջինս խիստ վրդովված տոնով հայտարարեց. «Դիմեք իմ օգնականին»: Իսկ երբ հիշեցրինք, որ ինքն է այդ հարցով դիմել եւ անձամբ իր համար, նա շարունակեց վրդովված հակադարձել. «Ես եմ դիմել, որովհետեւ իմ իրավունքից օգտվել եմ: Ի՞նչ մի հարց ա, որ սարքել եք մեեեեծ թեմա, դնում եք, գրում եք: Ես օլիգարխ չեմ, ես հարուստ չեմ, ես իմ սահմանադրական օրենքներով լիազորված իրավունքներից եմ օգտվում»: Դիտարկմանը, թե Էջմիածինը շատ մոտ է Երեւանին, եւ հետո նա հսկայական ունեցվածք է հայտարարագրել` 150 մլն դրամ, 14 հեկտար հողամաս, «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի մեքենա, Կարապետյանը չցանկացավ արձագանքել եւ արագ մտավ ԱԺ դահլիճ:

Նա մինչեւ ընտրվելը եղել է ՎՊ աշխատակից, հետո «Մոնոլիտ» գործարանի տնօրեն: Նա հայտարարագրել է TOYOTA LAND CRUISER մակնիշի մեքենա, հողամաս: Պատկառելի են 34-ամյա պատգամավորի դրամական միջոցները. ունի 150 մլն դրամ: Բայց իրականում Կարապետյանը շատ ավելի հարուստ է, քան փորձում է ներկայանալ. «Մոնոլիտ» գործարանը պատկանում է նրանց ընտանիքին:

Անդրանիկ Կարապետյանը, հիշեցնենք, աչքի ընկավ ԱԺ արտահերթ նիստերից մեկում ունեցած ելույթով, երբ կոռուպցիայի դեմ պայքարն անվանել էր «գործ տալու ինստիտուտ», ինչն «հայեցի չէ»:




Լրահոս