Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավի ժամանակ միջադեպ է եղել. ինչ է պարզաբանում թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ, որի համար պայքարում է վեց թեկնածու. գործող քաղաքապետ Նաիրի Իրիցյանը չի առաջադրվել: Այդ օրը ընտրություններ տեղի կունենան նաեւ հայաշատ մեկ այլ՝ Նինոծմինդա քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 5 թեկնածու:

Ախալքալաքում առաջադրված թեկնածուներն են՝ «Նոր Վրաստանի միասնություն» կուսկացությունից Ռուբեն Մկրտչյանը, «Ազատության շարժում` Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ Հարություն Ալեքսանյանը, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից՝ Յուրիկ Ունանյանը: «Դեմոկրատական շարժում-Ազատ Վրաստան» կուսակցությունն առաջադրել է Մելիք Ռաիսյանի թեկնածությունը, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ Զուրաբ Օզբեգիշվիլիի թեկնածությունը, իսկ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունն էլ առաջադրել է Սամվել Պետրոսյանի թեկնածությունը: Հիմնական մրցակցությունը թերեւս ընթանալու է Սամվել Պետրոսյանի եւ իշխանական թեկնածու Յուրիկ Ունանյանի միջեւ: Առաջինը հայրենասեր կերպար է, երկրորդը՝ վրացական իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններով հայտնի գործարար: «Ժողովուրդ» օրաթերը զրուցել է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Յուրա Ունանյան

-Պարո՛ն Ունանյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը: Շանսեր ունե՞ք ընտրվելու:

-Ընթացքը բավարար եմ գնահատում: Ժողովրդի շփումներից էլ տեսնում եմ, որ համակրանքն իմ կողմն է:

-Ի՞նչ խնդիրներով են ամենից շատ դիմում: Ի՞նչ խոստումներ եք տալիս ընտրողներին:

-Ամենաշատը խմելու եւ ոռոգման ջուր, ճանապարհներ: Իմ ծրագրերը շատ-շատ են, նպատակն այն է, որ պետք է մարդկանց մինիմում կարիքները բավարարենք՝ մեր ունեցած հնարավորությունները հաշվի առնելով: Պետք է բավարարել մարդկանց խմելու ջրի պահանջը, որն ամենակարեւորն է:

-Ինչո՞ւ որոշեցիք քաղաքապետ դառնալ: Նպատակը ո՞րն է:

-Նպատակն այն է, որ կանգնենք ժողովրդի կողքին եւ անենք ամեն ինչ, ինչ ձեռքի տակ հնարավորություն կունենանք, որպեսզի լուծենք խնդիրները:

-Քարոզարշավն ինչպե՞ս է ընթանում: Հայտնի է, որ գյուղերից մեկում Ձեր քարոզարշավի ընթացքում նույնիսկ միջադեպ է տեղի ունեցել:

-Ընդհանուր առմամբ հանգիստ է անցնում, բայց դեպքեր եղել են: Այնպես էլ չէ, որ լարված իրավիճակ համարենք դա: Գուրգումո գյուղում է միջադեպը եղել, բայց թեթեւ, ուղղակի իրար չեն հասկացել, այդքան բան: Ուրիշ նման միջադեպ չի եղել: Ես գիտեմ, որ այդ միջադեպի մասով քրեական գործ է հարուցված, պարզ կդառնա, թե ինչից է առաջացել միջադեպը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս